close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սրբերի հետ` լրբերի պես

Թեմա

15 Հուլիսի 2018, 13:43
 Սրբերի հետ` լրբերի պես

Մի կողմից` կաթողիկոս, մյուս կողմից` չգիտեմ ով: Գիտեմ միայն, որ այն մարդիկ, ովքեր երեկ փակել էին Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներ են:

Եթե չգիտեիք` ասեմ, որ նման անունով նախաձեռնություն կա` «Նոր Հայաստանի» հիմնադրման առաջին օրվանից ու հիմա չի բացառվում, որ նմանատիպ այլ նախաձեռնություններ էլ ստեղծվեն` «Նոր Հայաստան, նոր ցեղասպանություն», «Նոր Հայաստան, նոր հայերեն», «Նոր Հայաստան, նոր Արցախ, նոր Սփյուռք»…

Տղերք, ձեզ ո՞վ է ասել, որ ամեն ինչ պետք է նորոգել, ու որ դա հենց դուք պետք է անեք: Այս որտեղի՞ց այս սրբապղծությունը, քարով կաթողիկոսի ճանապարհը փակելու լակոտությունը, կաթից նոր կտրված շուրթերով շատ դեպքերի ու դեմքերի վեհությունը կասկածի տակ դնելու` արդեն սարսափեցնող մոլուցքը:

Ձեր վտիտ մարմինների ո՞ր մասերում էիք կուտակել-պահել այս չարությունը, որը հիմա հորդում է ձեր դալուկ դեմքերից, որոնց պահել եք սիրո թավշյա վարագույրի տակ, որ ոչ մեկը չկռահի նենգության դոզան: Կաթողիկոսին դեմ ե՞ք, բա Վեհարանն ինչո՞ւ եք պղծում, սրբության համար պայքարի ելնողը սրբությունը ոտնատակ է տալի՞ս, նո՞ր, թե՞ հին Կտարականում է գրված, գուցե հայոց պատմության մե՞ջ, որի մասնագետներից մեկը` «Նոր Հայաստանի» առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանին կոչում է «մանկահասակ դեմքով տղա» ու առաջարկում է «հանգիստ թողնել այդ երեխային»` մեղադրելով կոնկրետ Աբաջյանին չգիտակցված քայլերի համար: Հենց մեղադրելով, քանի որ եթե դու պատերազմի ժամանակ առաջին գծում կանգնած զինվորի գիտակցությունը կասկածի տակ ես դնում, նշանակում է մեղադրում ես նրան: Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակի պաշտո՞նն է Կարպիս Փաշոյանին այս իրավունքը տվել, նա իր կյանքում հերոսությանը գոնե մոտ եղե՞լ է, թե՞ կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ Երևանի պատերին «Ոչ» գրելն ու ոստիկանության բաժանմունքում հայտնվելը հերոսություն է, այն էլ` գիտակցված, ի տարբերություն` թշնամուց մետրերի հեռավորության վրա կանգնելուն:

Լավ, այս համատարած հերոսապղծումն ու սրբապղծումը մեզ ո՞ւր են տանելու: Ո՞վ է ասել, որ «Հին Հայաստանի» բոլոր հերոսների անունը Մանվել էր, ու բոլորը տանն արջ են պահել, այն էլ` հիմնականում սոված, որ եթե պետք լինի` մարդ քցեն դիմացը` ուտի:

Մենք թուրքին հաղթած հերոս չենք ունեցե՞լ, ընկերոջ մահը տեսած, նրա դին ուսին դրած ու արցունքաքամ աչքերով հող չտված զինվոր չենք ունեցե՞լ, ու հիմա մենք նոր ու արդար Հայաստան ենք կառուցո՞ւմ, թե՞ հատուկ արալեզներ ենք հրավիրել, որ Ստալինին հարություն տանք` երկրի բյուջեն լցնի, որ մարզերում ճոխ-ճոխ սուբվենցիաներ անենք ու զարգացնենք անասնաբուծությունը:

Հիմա որ Արթուր Աղաբեկյանի հայրական տուն ու հարակից տարածքներ եք մտել, ի՞նչ եք գտել: Եթե անօրինական ճանապարհով ձեռք բերված ապրանք ու դինոզավրեր եք գտել, ապա ինչո՞ւ այդ մասին չեք հայտնում, եթե ոչինչ էլ չեք գտել, ինչո՞ւ ներողություն չեք խնդրում: Մարդն ասում է, որ իր տունը սրանից առաջ երկու անգամ էր խուզարկվել, երկուսն էլ սովետական զորքի ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից: Այս շարքում հայտնվելը անձամբ ձեզ է պատիվ բերո՞ւմ, թե՞ «Նոր Հայաստանին», որտեղ, եթե ճիշտ եմ հասկացել, ոչ թե կոնկրետ ընտանիքների կամ անհատների տներն են գնում, այլ` օրինականություն է հաստատվում:

Սա չի նշանակում, որ անձեռնմխելիներ կան ու քայլող սրբեր, որոնց մոտենալ չի կարելի: Սա չի նշանակում, որ պատերազմին մասնակցած լինել «բեսպռիդելի»` նոտարով հաստատված թույլատվություն է տալիս:Սա չի նշանակում, որ հիմնադրամները պետք է ղեկավարեն խաղամոլները, գեներալներ պետք է լինեն զինվորի բաժին ուտողները, իսկ երկրի ղեկավարի գերդաստանում այնքան գաղջ մթնոլորտ պետք է լինի, որ մարդն ամբողջ երկրում այդ մթնոլորտը տեսնի:

Սա նշանակում է, որ եկել է նոր Հայաստանը, որտեղ պետք է լինեն բաներ, որոնք ավելի վեր ու առավել վեհ են, քան ժողովրդական վարչապետը, նրա լայֆերն ու ֆրանսիական պաչիկները: Իսկ եթե չկան նման բաներ, եթե կաթողիկոսի դեմ քարերով են ելնում,  ու վարչապետն արտահերթ լայֆ մտնելու անհրաժեշտություն չի տեսնում, եթե մամուլի խոսնակը հերոսից հիշում է միայն նրա «մանկահասակ դեմքն», ու առաջին փոխվարչապետը նրան անկյուն չի կանգնեցնում, եթե «ժողովրդից թալանած մինչեւ վերջին լուման հետ ենք բերելու պետական բյուջե» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում արջին ու մարդուն խառնում ենք իրար ու մանկան պես թռչկոտում ենք, երբ տեսնում ենք, թե ինչպես է մեր վարչապետը քայլում ԱՄՆ նախագահի կողքով, թմփթմփացնում Մակրոնի ուսին ու դուխով նայում Պուտինի աչքերի մեջ, եթե ֆիզիկական ու բարոյական հաճույք ենք ստանում, երբ հեռուստացույցով ցույց են տալիս միլիոնավոր դոլարներ, որը մեզանից են խլել, բայց երբեք մերը չեն եղել ու չեն լինելու, ապա ունենք երկու ելք` քնել, որ այս ամենը չտեսնենք, կամ զարթնել, որ այս ամենը շուտ ավարտվի, եթե, իհարկե, մազոխիստական հակումներ չունենք ու աստվածային հաճույք չենք ստանում` ազգային ամոթի այս լայնարձակությունից:

Հովիկ Աֆյան

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica