close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+20°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբեք ոչինչ հնարավոր չէ ճիշտ անել, ես միշտ ինձնից դժգոհ եմ մնում. Ուլրիխ Զայդլ

Մշակույթ

12 Հուլիսի 2018, 17:45
 Երբեք ոչինչ հնարավոր չէ ճիշտ անել, ես միշտ ինձնից դժգոհ եմ մնում. Ուլրիխ Զայդլ

Երբեք ոչինչ հնարավոր չէ ճիշտ անել, և ես ինձնից միշտ դժգոհ եմ մնում, աշխատակիցներս էլ բողոքում են, որ երբեք գոհ չեմ լինում. այս «դժգոհն» ավստրիացի ռեժիսոր, սցենարիստ, գրող և պրոդյուսեր Ուլրիխ Զայդլն է, ով «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրն է: Տարիներ առաջ Զայդլի «Դրախտ» եռապատումը մեծ աղմուկ բարձրացրեց, որոնց պատճառները տարբեր են՝ սկսած այն բանից, որ ֆիլմում բաց տեսարաններ կային, իսկ հենց ռեժիսորի բնութագրմամբ՝ մարդիկ ուղղակի չեն սիրում հայելու մեջ նայել:

Կինոռեժիսորն այս անգամ Հայաստանում է իր «Սաֆարի» ֆիլմով: Զայդլը 2007-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր էր դարձել իր «Ներմուծում/Արտահանում» կինոնկարով, իսկ 2013-ին փառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում ցուցադրվեց նրա «Դրախտ» եռապատման առաջին մասը՝ «Դրախտ. Սեր» ֆիլմը։

Զայդլի «Դրախտ» եռապատումն էկրան բարձրացավ 2012-2013-ին։ Դրանցից առաջինը «Դրախտ. Սեր» (2012 թ.) կինոնկարը պատմում է ավստրիացի միջին տարիքի կանանց մասին, ովքեր մեկնում են Քենիա` սեքս-զբոսաշրջության։ Երկրորդ մասը՝ «Դրախտ. Հավատք», նվիրված է ռենտգենոլոգ-բուժքրոջը, ով դարձել է կաթոլիկ միսիոներուհի, իսկ երրորդը՝ «Դրախտ. Հույս», պատմում է նիհարելու նպատակով հատուկ սննդակարգով ճամբար մեկնած դեռահաս աղջկա մասին։

Խոսելով իր սկանդալային  եռապատման մասին՝ կինոռեժիսորը նշեց, որ իրականում սկզբում որոշել էին զբոսաշրջության մասին ֆիլմ նկարահանել և ձեռքի տակ 12 պատմություն ունեին: «Թեման նոր սերնդին հուզող հարցերը պետք է լիներ, սակայն պատկերացում չունեի՝ ինչ տեսք պետք է ունենա, միայն գիտեի, որ երեք զուգահեռ պատմություն պետք է ներկայացնեմ: 90 ժամ նկարահանված ֆիլմի մոնտաժի ժամանակ հասկացա, որ ոչ թե մեկ, այլ երեք ֆիլմ դուրս կգա սրանից: Բուռն քննարկումների, վեճերի արդյունքում որոշվեց 3 ֆիլմ ունենալ, սակայն հետո դժվարություններ ունեցանք ֆինանսավորողների հետ, քանի որ նրանք սիրում են տալ գումար, դու էլ իրենց մեկ ֆիլմ տաս, բայց այս պարագայում այլ էր: Շատ քիչ գումար ավելացրեցի ես ու ստացվեց այնպես, որ 1 ֆիլմի գումարով ես 3 ֆիլմ նկարեցի»,- ասաց կինոռեժիսորը:

Նրա խոսքով՝ ֆիլմի երրորդ մասը նկարահանելու համար միջավայր գտնելը մեծ դժվարության առջև է նրանց կանգնեցրել, քանի որ պետք է այնպիսի վայր լիներ, որտեղ դեռահասները կկարողանային իրենց ազատ զգալ ու տեսախցիկի առջև անկեղծանալ: Նկարահանումների ողջ ընթացքում դեռահասները մնացել են այն առողջարանում, որտեղ էլ իրականացրել են նկարահանումները, ինչը, կինոռեժիսորի հավաստմամբ, նպաստել է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:

Զայդլի ֆիլմերտ, նրա իսկ խոսքով, «այսպես կոչված վավերագրական են», իսկ վավերագրական ֆիլմեր է նկարում, քանի որ դրանց ֆինանսավորումը միշտ ապահովված է: Նրա խոսքով՝ իրեն հաճախ են ասում, որ իր ֆիլմերը մարգինալների մասին են, հերոսները մարդիկ են, ովքեր հազվադեպ են հանդիպում, սակայն ինքը համաձայն չէ դրա հետ՝ իր ֆիլմերի հերոսներն ավելի շուտ միջին խավի մարդիկ են:

«Իմ ֆիլմերի թեմաները հիմնականում հենց կյանքից էլ վերցնում եմ: Թեման ընտրելուց հետո սկսվում է երկրորդ շրջանը՝ փնտրտուքները, թե որտեղ պետք է այն նկարահանվի: Իրականում հաճախ է լինում իրավիճակ, որ մենք պատկերացնում ենք, թե այսինչ վայրում պետք է նկարահանումներ իրականացնենք, սակայն փնտրտուքների արդյունքում հանկարծ կարող են դրանք իրականացնել աշխարհի մեկ այլ անկյունում»,- ասում է Զայդլը:

Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, ապա ռեժիսորի ֆիլմերում կարող ենք տեսնել թե' պրոֆեսիոնալ, թե' ոչ պրոֆեսիոնալ դերասանների: Նրա խոսքով՝ ինքը բարդույթ չունի` աշխատելու ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, ավելին՝ նրանց հետ աշխատելը կարող է արդյունավետ լինել, քանի որ նրանց համար ամեն ինչ նորություն է և ուզում են շատ բան սովորել ու լավագույնս դրսևորվել: «Ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ աշխատելիս միշտ նույն խնդիրն է առաջ գալիս՝ նրանց «բացելու» հարցը, սակայն եթե դու կարողանում ես փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել, ու նրանք բացվում են, կարող են փայլել իրենց դերում: Դերակատարի ընտրությունն իրականում հեշտ բան չէ, լինում են դեպքեր, որ հենց ֆիլմի նկարահանման օրն եմ որոշում, թե ով պետք է այդ դերը խաղա, իսկ մինչ այդ նույն դերի համար միաժամանակ երկու դերակատար եմ ունեցել»,- ասում է կինոռեժիսորը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Զայդլի ֆիլմերի երկխոսությունները նախապես սցենարում գրված չեն լինում, և հաճախ հենց հերոսների բնական խոսքն էլ դառնում է ֆիլմի կադր: Զայդլի բնորոշմամբ՝ իր ֆիլմերում հաճախ դերակատարները խոսում են այն, ինչ «հարմար» է իրենց: «Սցենարն ինձ համար դառնում է ելակետ, սակայն մինչև նկարահանումները դու այլ պատկերացում ես ունենում ֆիլմի մասին, իսկ նկարահանման ժամանակ պատկերը կամաց-կամաց փոխվում է: Տեսեք՝ սովորաբար ֆիլմի նկարահանումներն ընթանում են սցենարի համաձայն, և ռեժիսորները ստիպված են լինում նկարահանումներն իրականացնել էջ առ էջ գրված սցենարով, սակայն իմ պարագայում մի փոքր այլ է: Ես ցանկացած ժամանակ կարող եմ դադար տալ ու հանգստի, ֆիլմը փոխելու ժամանակ վերցնել: Հաճախ է պատահում, որ չգիտեմ էլ՝ ֆիլմն ինչ ավարտ է ունենալու, և հաճախ ֆիլմն ավարտվում է ոչ այնպես, ինչպես ես եմ նախատեսած լինում»,- ասում է Զայդլը:

Ըստ նրա՝ ֆիլմ նկարահանելու համար ճիշտ օր ընտրելն էլ մեծ նշանակությւոն ունի, քանի որ լինում են դեպքեր, որ մեկ օրվա ընթացքում նկարահանում են գրեթե 254 ժամ և ոչ մի կադր չեն կարողանում օգտագործել, բայց լինում են օրեր էլ, երբ մի քանի ժամ նկարահանում իրականացնելով, ֆիլմի 20 տոկոս կադրերն արդեն իսկ պատրաստ են լինում: Զայդլն, օրինակ, այժմ մի ֆիլմի նկարահանման վրա է աշխատում, որի աշխատանքները կանգ են առել եղանակային պայմանների պատճառով. «Ինձ անհրաժեշտ է մառախուղ, սակայն նոյեմբերից մինչև փետրվար, ցավոք, հրաշալի եղանակ ունեցանք, և ոչ մի մառախլապատ օր չկար: Տևական ժամանակ է, որ այս ֆիլմի վրա աշխատում եմ և դեռ 2 տարի էլ կաշխատեմ: Ֆիլմում տարբեր թեմաներ կան արծարծված՝ մանկապղծությունից մինչև մարազմ»:

Զայդլը նշում է, որ պետք է այնպիսի ֆիլմեր ստեղծել, որ մարդիկ կարողանան իրենք իրենց տեսնել դրանցում: Նրա խոսքով՝ երբ ֆիլմ նկարելիս մտածում ես անպայմանորեն այն սպառելու մասին, այն դառնում է միջակ ֆիլմ: «Պետք է նկարել ֆիլմեր, որոնց հավատում ես՝ սա է ամենակարևորը: Իմ ֆիլմերն այնպիսին են, որ այնտեղ հանդիսատեսը կարողանում է իրեն տեսնել, սակայն ես գիտեմ, որ մարդիկ այնքան էլ չեն սիրում իրենց կողքից տեսնել: Ես ուզում եմ այնպիսի ֆիլմեր ստեղծել, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն մարդկանց վրա, քանի որ կարծում եմ, որ արվեստը պետք է մարդկանց հուշի, դրդի նոր քայլերի»,- ասում է նա:

Խոսելով փոխզիջումների մասին՝ կինոռեժիսորը նշեց, որ ֆիլմ նկարելիս երբեք չի գնում փոխզիջումների, այն էլ՝ պրոդյուսերների հետ: Ըստ նրա՝ ինքն իր հետ է միայն փոխզիջման գնում: Ավելին, Զայդլի բնութագրմամբ, հաջողակ ֆիլմ ստանալու համար պետք է միայն ռեժիսորի հետ գնալ փոխզիջման:

Yerkir.am-ի հարցին, թե Զայդլն իր ֆիմերում երբեք գնահատականներ չի տալիս և ներկայացնում է իրականությունն այնպես, ինչպես այն կա, և ըստ նրա՝ մարդկանց՝ իրականության հետ առանց գեղարվեստականության առնչվե՞լն է պատճառը, որ նրա մի շարք ֆիլմերի առաջին արձագանքը ժխտողականությունն է եղել, կինոռեժիսորը պատասխանեց, որ, այո, ինքը գնահատականներ տալ չի սիրում: «Ես չեմ սիրում ասել, թե որն է ճիշտ, որը` սխալ: Ես չեմ քարոզում ինչ-որ բան, բարի և չար չեմ սահմանում, ներկայացնում եմ իրավիճակը՝ ամեն կերպ փորձելով գնահատական չտալ դրան: Իմ ֆիլմերում ուղղակի մարդիկ են՝ իրենց ունեցած-չունեցածով, իրենք իրենցով: Սակայն ես չեմ էլ կարծում, որ մերժում են իմ ֆիլմերը, պարզապես պետք է նախատրամադրվել՝ նախքան դրանք դիտելը»,- ասաց նա:

Նշենք, որ վաղը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Զայդլի վերջին՝ «Սաֆարի» ֆիլմի երևանյան պրեմիերան:

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica