close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անզիջում պահվածքը խափանում է քաղաքական զարգացումները և կոնսենսուսի հնարավորությունը. Ռուստամյանը` կառավարությանը

Քաղաքական

11 Հուլիսի 2018, 18:57
 Անզիջում պահվածքը խափանում է քաղաքական զարգացումները և կոնսենսուսի հնարավորությունը. Ռուստամյանը` կառավարությանը

Ցանկացած քննարկում ի վերջո կարևոր է , որովհետև մտքերի ազատ փոխանակում է տեղի ունենում, մանավանդ այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին ընտրական օրենսգիրքն է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումներին առաջին անգամ ներկայացել էր կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ով ակնարկել էր, որ կառավարությունը չի ընդունի ԱԺ հանձնաժողովի առաջարկները և կներկայացնի իր առաջարկները: Ռուստամյանն ասաց, որ բոլոր հեղինակավոր կառույցները, այդ թվում Եվրոպայի Խորհուրդը, պահանջում են, որ փոփոխությունները կատարենք համախոհությամբ: Ըստ դաշնակցականի` դրան չձգտել չի կարելի: «Մեր նպատակն ի սկզբանե եղել է դա` անել ամեն ինչ, որպեսզի համախոհությամբ հասնենք մեկ միասնական նախագծի»,- ասաց նա:

Նրա խոսքով, երեկ պարզ դարձավ, որ այս հարցի հետ կապված տարընթերցումներ կան:

«Մեզ համար անհասկանալի է, և խնդիր է մնում` մենք ի վերջո մե՞կ, թե՞ երկու նախագծով ենք ներկայանալու: Մենք դեմ չենք երկու տարբերակին էլ, երկուսն էլ ընդունելի է, եթե երկու տարբերակով ենք ներկայանալու բանավեճը տեղափոխվելու է ԱԺ: Դրա անպատեհությունն այն է, որ հայտնի չէ` ի վերջո ինչ ելք կունենա այդ քննարկումը: Բացի դրանից` մի քիչ անհասկանալի է դառնում. Եթե կառավարությունն ինքնուրույն նախագիծ է բերում, բայց չէ՞ որ կառավարությունը հիմնվում է այն քաղաքական ուժերի վրա, որոնք հենց նույն այդ քննարկումն են անում այլ ձևաչափով: Մի քիչ անհասկանալի է այս նախագծի քաղաքական պատվերը որտեղի՞ց է գալիս: Քաղաքական ուժերը, որ ԱԺ-ում կան, բացի հանրապետականից, արտացոլված են կառավարության մեջ, հիմա նույն մեր կուսակցության կառավարության ներկայացուցիչներն ի՞նչ պետք է անեն»,- հարց բարձացրեց նա:

Նա նշեց, որ եթե կառավարությունը փորձելու է իր նախագիծը ներկայացնել, ՀՅԴ-ն պաշտպանելու է իր թեզերը, որոնք որ համաձայնեցրել են,և որոնք որ իրենց համար ընդունելի է: «Նորից կառաջանա խնդիր, որ կառավարությունը քվեարկությամբ պետք է որոշման գա: Մենք չենք ուզում այդ վիճակն առաջանա, մենք ասում ենք` բոլորս մինչ այդ ինչ ունենք ասելու համադրենք այդ մեր ասածները և հանգենք կոսնենսուսային նախագծի»,- բացատրեց նա: Դիտարկմանը` վարչապետն իր նախկին հայտարարություններում ասում էր` պետք է քաղաքական ուժերի հետ քննարկենք, համախոհությամբ լինի, հիմա փորձում է շրջանցել այդ հայտարարությունները, Ռուստամյանն արձագանքեց. «Ես այդպիսի վաղաժամ գնահատական չէի տա, մենք առայժմ սա վերագրում ենք պարոն Իոաննիսյանի տեսակետներին, ինքը շատ տեղերում պարզապես իր կարծիքն էր ներկայացնում, մենք այսօր դրա հիման վրա չենք կարող ասել, որ կա պաշտոնական կառավարության մոտեցում. դա չկա: Մենք դիտում ենք, որ մասնագիտական խումբը ինչ-որ աշխատանք է տարել, որը օգտակար ենք համարում:Դանիելը չէր կարող ներկայացնել կառավարությունը, կառավարությունը կարող է ներկայացնել վարչապետը, առնվազն իր բացակայությամբ առաջին փոխվարչապետը»: Նա նշեց, որ կառավարության առաջարկները նույնպես քննարկելի առաջարկներ են:

«Այս փուլը ես համարում եմ նորմալ, որ փակուղային չէ, մենք կարող ենք զուգահեռ էլ աշխատել, բայց այդուամենայնիվ չպետք է ձգտել երկու նախագծերի ճանապարհով գնալ, այլ պետք է համաձայնեցնել մոտեցումները, և գտնել այն ընդունելի տարբերակը, որի հիման վրա կարելի է ձևավորել կոնսենսուս, և նախաձեռնողներն էլ լինեն այդ կոնսենսուսի արդյունքում ընդգրկված քաղաքական ուժերը և այդպես դրվի ԱԺ-ում քննարկման և գնանք ընտրությունների»,- ասաց նա:

Հարցին էլ` եթե հաստատվի, որ կառավարությունն իսկապես ուզում է առանձին նախագիծ ներկայացնել, ո՞րն է լինելու քաղաքական ուժերի դիրքորոշումը, Ռուստամյանը պատասխանեց, որ տեսականորեն այդպիսի վիճակ կարող է առաջանալ, և որ ինքը դա չի բացառում:

«Մենք ինքնանպատակ որևէ նախագիծ չենք պաշտպանելու, պաշտպանելու ենք այն նախագիծը, որտեղ հնարավորինս ընդգրկված են մեր առաջարկները, որովհետև համարում ենք, որ մեր առաջարկները սկզբունքային նշանակություն ունեցող են, բայց պատրաստ ենք հղկել, մշակել, համդրելի դարձնել, և բնական է` մենք կձևավորենք մեր մոտեցումը: Եթե այդ մոտեցմանը կհամապատասխանի կառավարության առաջարկը, մենք խնդիր չունենք նաև կառավարության առաջարկը պաշտպանել այդ պարագայում: Կարող է ստացվել այնպես, որ այդ երկու նախագծերն իրարից շատ չեն տարբերվում: Եթե իրենք անպայման ուզում են կառավարությունն ինչ-որ նախաձեռնողի դիրքում մնա… իսկ եթե տարբերվող լինեն, կանոնակարգը թույլ է տալիս երկու նախագծերն էլ քննարկել և հետո քվեարկել, միևնույնն է ԱԺ-ն է որոշելու»,- ասաց նա: Հարցին էլ` նրա մոտ տպավորություն կա՞ր, որ կառավարությունը չի ցանկանում հաշվի նստել խորհրդարանական ուժերի հետ և ի վերջո հաշվի չի առնելու նրանց որոշումները, նա ասաց. «Ես չեմ ուզում իմ որոշ տպավորություններ բարձրաձայնել, ես իսկապես կոչ կանեի, որ որևէ մեկը չփորձեր այսպես ասած` սեփականացնել ճշմարտությունը և պարտադրեր իր տեսակետը: Դա մեզ երբեք լավ տեղ չի տարել: Այդ ճանապարհով անցել ենք և այդ ճանապարհով լավ տեղ չես հասնում: Միշտ պետք է փոխզիջումների ճանապարհ ունենալ, անզիջում, կոշտ դիրքորոշումները խափանում են համաձայնությունները: Անզիջում պահվածքը խափանում է քաղաքական զարգացումները և կոնսենսուսի հնարավորությունը»:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica