close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+20°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարո՞ղ է պատվաստումը մահվան պատճառ դառնալ. պատվաստման արդյունքներն ու հետևանքները

Հարցազրույց

6 Հուլիսի 2018, 14:45
 Կարո՞ղ է պատվաստումը մահվան պատճառ դառնալ. պատվաստման արդյունքներն ու հետևանքները

Նախորդ շաբաթ երկու նորածին մահացավ, երկուսն էլ` 5 ամսական: Ուշագրավն այն է, որ երկու դեպքում էլ մահը կապում էին պատվաստման հետ: Երկու երեխաների մոտ էլ նախնական ախտորոշմամբ հայտնաբերվել է սրտային անբավարարություն, ինչպես նաև սուր միոկարդիտ, մեկի մոտ նաև` էնտերովիրուս /դեպքերի մասին անդրադարձն այստեղ և այստեղ/: Ի դեպ, ապացուցողական բժշկության մեջ պատվաստումից սուր միոկարդիտի հայտնաբերման դեպքեր չեն գրանցվել:

Թե որքանո՞վ է հնարավոր, որպեսզի պատվաստումը դառնա մահվան պատճառ, նաև` պատվաստվել-չպատվաստվելն ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ, Yerkir.am-ը զրուցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ:

-Հայաստանում քանի՞ հիվանդության դեմ են պատվաստումներ իրականացվում, և ո՞ր խմբերի համար են դրանք անվճար:

- Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով 18 հիվանդության դեմ իրականացվում է 15 պատվաստում՝ տուբերկուլոզի, վիրուսային հեպատիտ Բ-ի, կապույտ հազի, դիֆտերիայի, փայտացման, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի և այլ հիվանդությունների դեմ… Ունենք պատվաստումներ, որոնք իրականացվում են համաճարակաբանական ցուցումով ռիսկի խմբերի շրջանում՝ գրիպի և կատաղության դեմ: Ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներն անվճար են ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների ու նախազորակոչային և զորակոչային տարիքի մարդկանց համար: Երեխաները ստանում են պատվաստումներ 1, 6 և 16 տարեկանում, որից հետո յուրաքանչյուր 10 տարին մեկ մեծահասակներն ունեն պատվաստում դիֆտերիայի և փայտացման դեմ: Բացի այդ՝ ռիսկի խմբերի շրջանակում նույնպես իրականացվում են պատվաստումներ՝ հեպատիտ Բ-ի, սեզոնային գրիպի, կատաղության դեմ:

-Պատվաստանյութերի վերաբերյալ լայն տարածում ունի այն կարծիքը, որ դրանք պետք է լինեն ժամկետանց կամ օգնության կարգով Հայաստանին տրված: Որքանո՞վ են այս տեղեկությունները հավաստի, և  մինչև բնակչին հասնելը պատվաստանյութը ստուգման ի՞նչ ճանապարհ է անցնում:

-Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պատվաստանյութերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունեցող պատվաստանյութեր են: Նախաորակում ունեցող` նշանակում է նորմալ որակ ունեցող, այսինքն՝ այն արտադրողից մինչև հասնում է բնակչին, պահվում է համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում: Դրա համար հանրապետությունը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով՝ սկսած ազգային պահեստից, որտեղ կա համապատասխան ծավալի սառնարան, նաև բժշկական կազմակերպություններում կան պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառնարաններ, որտեղ ջերմաստիճանը հստակ վերահսկվում է: Բացի այդ՝ կան ջերմաստիճանի մշտադիտարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ոչ միայն տվյալ պահին ֆիքսել ջերմաստիճանը, այլև հետ գնալ ժամանակի մեջ և տեսնել՝ ինչ պայմաններում է պահվել պատվաստանյութը՝ մինչև 2 ամսվա կտրվածքով: Հանրապետություն են ներկրվում պիտանելիության երկար ժամկետով պատվաստանյութեր, և յուրաքանչյուր այցելու պատվաստվելուց առաջ կարող է նայել պատվաստանյութի և՛ պիտանելիության ժամկետը, և՛ արտադրող երկիրը:

-Կարո՞ղ ենք ասել, որ բացառվում է ժամկետանց պատվաստանյութերի կիրառումը:

-Միանշանակ, քանի որ ժամկետանց պատվաստանյութերը խոտանվում են: Սա հստակ սահմանված ընթացակարգ է, և յուրաքանչյուր ծնող իր բալիկին պատվաստելուց առաջ կարող է սրվակի վրա տեսնել պիտանելիության ժամկետը:

-Վերջին շրջանում մանկական մահացության դեպքեր եղան, որոնց պատճառը կապում էին պատվաստումների հետ: Ճիշտ է, դեռ դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի չեն, բայց նախնական տվյալները կան, և ըստ այդմ՝ որքանո՞վ են դրանք առնչվում պատվաստանյութերի հետ:

-Երկու երեխայի մահվան հետ պատվաստումները կապ չունեն: Տեսեք՝ նրանց մոտ ախտորոշվել է սուր միոկարդիտ, սրտանոթային անբավարարություն, նրանցից մեկի մոտ՝  էնտերովիրուսային վարակ: Կլինիկական արտահայտություններով` երկու դեպքն էլ նման են իրար: Սուր միոկարդիտների պատճառագիտության մեջ էնտերովիրուսային վարակն առաջին տեղն է գրավում: Բացի այդ՝ կա վիճակագրություն, համաձայն որի՝ պատվաստումներից հետո չի առաջանում սուր միոկարդիտ: Յուրաքանչյուրը կարող է նայել պատվաստանյութին կից հրահանգը և տեսնել, որ հետպատվաստումային ռեակցիաների մեջ սրտանոթային համակարգի ախտահարումները նշված չեն:

-Իսկ որո՞նք են հետպատվաստումային ռեակցիաները:

-Ամենահաճախ հանդիպողը ջերմության բարձրացումն է, որը կարող է տևել ամենաշատը 48 ժամ, և եթե պատվաստումից հետո երկու օրից ավելի է ջերմային ռեակցիան, պետք է պատճառը փնտրել ու այն չկապել պատվաստման հետ: Այսինքն՝ եթե երկարատև է ջերմությունը, ուրեմն ինչ-որ խնդիր կա. երբեմն գործ ունենք նաև վարակի հետ: Բացի այդ՝ պատվաստումից հետո կարող է լինել ներարկման տեղի ցավոտություն, կարմրություն, որոնք անցողիկ են, հատուկ բուժում չեն պահանջում և 1-2 օրվա ընթացքում անցնում են:

-Այնուամենայնիվ, պատվաստումից հետո հնարավո՞ր են բարդություններ, որոնք կարող են հանգեցնել մահվան, և Հայաստանում վերջին անգամ ե՞րբ է նման դեպք գրանցվել:

-Պատվաստումներից հետո առաջացող ամենածանր բարդությունը անաֆիլաքսիան է, որը ծանր ալերգիկ ռեակցիա է: Սակայն այն կարող է առաջանալ ոչ միայն պատվաստանյութից, այլև ցանկացած դեղորայքից, սնունդից, միջատի խայթոցից, այսինքն՝ դա օրգանիզմի անհատական ռեակցիան է տվյալ նյութի նկատմամբ: Այլ ծանր հետպատվաստումային ռեակցիա նկարագրված չէ և գոյություն չունի բժշկական վիճակագրության մեջ: Վերջին 10 տարիների ընթացքում գոնե չեն գրանցվել մահվան դեպքեր, որոնք պատճառահետևանքային կապով առաջացել են պատվաստումից: Մահ հնարավոր է միայն, եթե տվյալ անհատը տվյալ պատվաստանյութի մեջ մտնող որևէ բաղադրիչի նկատմամբ ունի ալերգիկ ռեակցիա: Հայաստանում պատվաստումից հետո եղել են ալերգաբանական ռեակցիաներ, որոնք համապատասխան բուժումից հետո արագ վերականգնվել են: Սակայն պետք է նշել, որ ընդհանուր ալերգիկ ֆոնը հակացուցում չէ պատվաստումների համար:

-Մարդու պապիլոմա վարակի դեմ պատվաստվելու առնչությամբ մեծ աղմուկ բարձրացավ. սա պատճա՞ռ դարձավ, որպեսզի շատերը հետ կանգնեն պատվաստումներից, առհասարակ:

-Միանշանակ: Մարդու պապիլոմայի վարակի դեմ պատվաստումների ներդրման ընթացքում բազմաթիվ հակապատվաստումային խմբավորումներ ակտիվացան, և բնակչության շրջանում ձևավորվեց անվստահության, վախի մթնոլորտ: Իհարկե, այն իր ազդեցությունն ունեցավ պլանային մյուս պատվաստումների վրա, և ամբողջական ընդգրկվածությունը մինչև 1 տարեկան երեխաների շրջանում 1 տոկոսով նվազեց: Սա, իհարկե, իր բացասական հետևանքներն ունեցավ, քանի որ այժմ ունենք կապույտ հազի աշխուժացում, որը պայմանավորված է հենց պատվաստումների ցածր ընդգրկվածությամբ, քանի որ հիվանդների հիմնական մասը պատվաստված չէ կամ թերի է պատվաստվել: Ի դեպ, կապույտ հազն առավել ծանր է ընթանում մինչև 6 ամսական երեխաների մոտ: Ցավոք, այս տարի մենք ունեցանք կապույտ հազից մահացության դեպք՝ 2 ամսական երեխան վարակվել էր մեծ քույրիկից ու չէր հասցրել պատվաստվել:

-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ եթե երեխան պատվաստված լիներ, հիվանդության պատճառով չէր մահանա:

-Եթե երեխան պատվաստված է, համենայն դեպս, նման ծանր կլինիկական հետևանքներ չեն լինում: Այսինքն՝ կարող է վարակվել, հիվանդանալ, սակայն լիարժեք պատվաստումը կանխում է ծանր դեպքերի առաջացումը:

-Պատվաստումների հետ կապված հաճախ է իրարանցում սկսվում, այս ամենն ինչի՞ հետևանք է՝ չիմացությա՞ն, թե՞ նաև անվստահության:

-Երկուսը միասին, քանի որ երբ կա տեղեկատվության պակաս, այն լրացվում է ցանկացած այլ ինֆորմացիայով: Ցավոք, որոշ դեպքերում այդ տեղեկատվությունը լինում է ոչ ապացուցողական բժշկական տվյալների վրա հիմնված: Ե՛վ գիտելիքի պակասը, և՛ անվստահությունը հանգեցնում են ապատեղեկատվության տարածմանը: Դրա համար բժիշկները, առողջապահության նախարարությունը պետք է իրազեկման լայն ակցիաներ կազմակերպեն: Ծնողներն էլ իրենց հերթին պետք է փորձեն հասկանալ՝ որն է ապացուցողական բժշկական տեսակետ, որը՝ ուղղակի ասեկոսե, քանի որ երեխային՝ պատվաստել-չպատվաստելու վերաբերյալ կարևոր որոշում են կայացնում, որը հետագայում կարող է ճակատագրական լինել:

Կարինե Հարությունյան

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica