close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մնջախաղի փառատոնը չի կայանա. ըստ Դադասյանի՝ այստեղ միտում կա, փոխնախարարն այլ բան է պնդում

Մշակույթ

4 Հուլիսի 2018, 12:44
 Մնջախաղի փառատոնը չի կայանա. ըստ Դադասյանի՝ այստեղ միտում կա, փոխնախարարն այլ բան է պնդում

Հունիսի սկզբին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ պարզվել է՝ նախարարության եռամսյակի բյուջեն արդեն սպառված է, ընդ որում՝ սպառված է եղել ոչ միայն այդ եռամսյակի, այլև հուլիսի վերջի բյուջեն: Այսօր արդեն ունենք դեռ նախորդ ղեկավարությունից ժառանգություն մնացած իրավիճակի «առաջին պտուղները». մնջախաղի փառատոնը, որը կյանքի է կոչվել 2008-ին ու նախ երկու տարին մեկ, իսկ նախորդ տարի ընդունած որոշման համաձայն՝ արդեն իսկ ամենամյա էր դարձել, անցկացվելուց ուղիղ մեկ ամիս առաջ պարզվում է, որ չի կարող տեղի ունենալ: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնն այս տարի անցակցվելու էր օգոստոսի 3-7-ը Ծաղկաձորում։

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր Ժիրայր Դադասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 2-ին հանդիպել է մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ, որպեսզի փառատոնի բյուջեն ներկայացնի ու ստանա, սակայն փոխնախարարն ասել է, որ չի կարող գումար տրամադրել: Դադասյանի խոսքով՝ փոխնախարարն ասել է. «Փող չունեմ, որ ձեզ տամ, գնացեք ու սպոնսոր ճարեք ու ձեր փառատոնն արեք»:

«Մեկ տարի աշխատել ենք փառատոնի կայացման համար, ու արդեն խմբերը, ծրագիրը պատրաստ էին: Մեկ-երկու խումբ հրաժարվել էր, քանի որ անընդհատ ասում էինք՝ սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում: Սարսափելին այն է, որ մշակույթի նախարարության մոտեցումն է անհասկանալի է, և սա չի վերաբերում միայն այս տարվան, անորոշ է՝ հաջորդ տարի կլինի՞ փառատոնը, թե՞ ոչ: Փոխնախարարը մեզ ասաց, որ ծրագիր ներկայացնենք, մասնակցենք մրցույթին և, եթե անցնենք, կանցնենք, եթե չէ՝ չէ: Ո՞վ պետք է որոշի՝ անցա՞վ, թե՞ չանցավ մեր փառատոնը մրցույթը: Իսկ իմ` տարիների ընթացքում արածն արդյո՞ք մրցույթ չէ: Ուզում եմ հասկանալ՝ հիմա Մանսուրյանը պետք է մրցույթի՞ մասնակցի, այն շահի ու նո՞ր միայն սիմֆոնիա գրի: Իմ պատկերացմամբ` այդպես է ստացվում»,- ասաց Դադասյանը:

Նա նշեց նաև, որ մշակույթի փոխնախարարից հետաքրքրվել է՝ կա՞ ինչ-որ առաջնահերթություն նախարարության համար, ինչին ի պատասխան Ղարիբյանն ասել է, որ, այո, կա՝ հավասար իրավունքներն են: «Ես էլ պատասխանեցի, որ մենք մեր ամբողջ գոյության ընթացքում պայքարում ենք դրա համար ու երբեք չենք ունեցել հավասար իրավունքներ: Մեր թատրոնը երբեք հավասար իրավունքներ չի ունեցել, ոչ էլ` փառատոն, անընդհատ խեղճ վիճակում, կռիվ տալով, միջանցքներում աշխատելով է գոյատևել ու հասել այս օրվան: Հիմա տիկին Ղարիբյանը, հավասար իրավունքները մեջբերելով, որոշել է, որ փառատոնը չպե՞տք է տեղի ունենա: Ասում են՝ «սպոնսոր» գտեք, փառատոնն արեք, բայց սա կառավարության կողմից հաստատված միջազգային փառատոն է, որը մարզում է անցկացվում ու խթանում զբոսաշրջության զարգացումը, քանի որ մի շարք զբոսաշրջիկներ, օրինակ, հետաքրքրվում են, թե ե՞րբ է լինելու փառատոնը, որպեսզի կարողանան այդ ժամկետում գալ Հայաստան»,- ասաց Դադասյանը:

Փառատոնի հիմնադրի խոսքով՝ փառատոնի բյուջեն պետք է կազմեր 16 մլն դրամ, սակայն նախորդ տարի նախարարությունը չի կարողացել այդքան գումար տալ, 8 մլն ապահովելով՝ խնդրել է, որ փառատոնն անպայման կյանքի կոչվի:  Դադասյանի խոսքով՝ իրենց հաջողվել է, փառատոնից մեկ օր կրճատելով, փոքր ֆորմատով, ինչպես նաև հովանավոր գտնելով, իրականացնել փառատոնը, որպեսզի այն իր անընդհատականությունը չկորցնի: «Նոր ղեկավարությունը, ըստ էության, մեզ հասկացրեց, որ սա պետք չէ իրենց: Բացի այդ՝ ես մի քիչ լավ չեմ պատկերացնում՝ ավանդական փառատոնն ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցի: Այն, ըստ էության, կառավարական ծրագիր է: Հիմա, փաստորեն, զրոյացնում ենք բոլոր հաշվիչներն ու զրոյի՞ց սկսում, իմանանք, եթե այդպես է, մտածենք՝ ինչով ենք զբաղվելու, որ ո'չ շենքն է հետաքրքիր, ո'չ փառատոնը»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է թատրոնի շենքի կառուցմանը, ապա, Դադասյանի խոսքով, այս հարցում էլ ոչ մի ընթացք չկա: Ըստ նրա՝ թատրոնի շենքի հարցն անհասկանալի վիճակում է, խնդիրներ կան, որոնք պետք է լուծեն, իսկ թե ո՞վ պետք է դրանք լուծի, Դադասյանը չգիտի:

«Դա պետակա՞ն թատրոն է, թե՞ մասնավոր: Նախագիծն արվել է, ու նախորդ իշխանությունը նաև ֆինանսական երաշխիքներով է ապահովել, որպեսզի մեկ տարվա ընթացքում կառուցվի այն: Ըստ նախագծի՝ 260 մլն պետք է տրամադրվեր թատրոնի կառուցման համար: Մայիսին պետք է սկսվեր շինարարությունը, սակայն փոփոխությունների արդյունքում բոլոր մարդիկ փոխվել են, ու  խնդիրները, որոնք ծագել են, օրինակ, հողի, հարևանների հետ, չգիտեմ՝ հիմա ով պետք է լուծի: Դրանք պետք է պետական մակարդակով լուծվեն, եթե իմ մասնավոր տարածքը լիներ, այս հարցերը ես կլուծեի»,- ասաց Դադասյանը:

Նրա ներկայացմամբ՝ երբ թատրոնի կառուցման նախագիծը ներկայացրել է մշակույթի փոխնախարարին, իրեն ասել են, թե ինչո՞ւ է այն բերել նախարարություն, ով արել է այն, թող իրենց էլ դիմեն: «Իմ նկատառմանը, թե թատրոնը մշակույթի նախարարությանն է պատկանում, մենք ձեր ենթակայության տակ ենք, Ղարիբյանն ասաց՝ նամակ գրեք, որ նման խնդիրներ կան, մենք էլ մեր կողմից կդիմենք մյուս կառույցներին: Այսինքն՝ չկա տրամադրվածություն և գիտակցում, որ այս թատրոնը պետական թատրոն է, պատկանում է մշակույթի նախարարությանը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ թատրոնը գլխացավանք է նրանց համար, այն դեպքում, երբ սա միակ ժանրային թատրոնն է: Ձեր փառատոնը, ձեր թատրոնը... Անհասկանալի է այս մոտեցումը: Կարծում եմ՝ այստեղ միտում կա չեղարկելու նախորդ ծրագրերը»,- կարծիք հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Դադասյանն իր խոսքն ամփոփեց՝ ասելով, որ քանի որ մինչ այս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը հայտարարել էին, որ ցանկացած խնդրի մասին կարող են բարձրաձայնել մամուլի միջոցով, այժմ ինքն այդպես էլ անում է ու սպասում արձագանքների:

Զրուցեցինք նաև մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ, ով նշեց, որ ապշած է Դադասյանի վերաբերմունքից, քանի որ նրան շատ սիրալիր է ընդունել, 30 րոպեից ավելի զրուցել են:  Նրա խոսքով՝ մնջախաղի փառատոնը միշտ եղել է 2 տարին մեկ հաճախությամբ, և յուրաքանչյուր տարի նրանց հատկացվել է 16 մլն դրամ: Իսկ նախորդ տարի, ըստ փոխնախարարի, որոշվել է, որ փառատոնը կդառնա ամենամյա, սակայն նրանց տրամադրվել է 8 մլն դրամ: «Այսինքն՝ 16 մլն դրամը, որ պետք է տային 2 տարին մեկ, կիսել են, և փառատոնը դարձել է ամենամյա: Սակայն պարոն Դադասյանն ինձ մոտ եկել էր 16 մլն դրամի հայտով: Նա ասաց, որ 8 մլն դրամով չի կարող լավ փառատոն անել, և ճիշտ էր ասում: Սակայն ես էլ տեղեկացրի, որ այս տարի նախարարությունում կա  ֆինանսների և ֆինանսների բաշխման խնդիր. մենք ունենք որոշակի գումար, որը մինչև տարեվերջ պետք է հավասար բաշխենք մշակութային միջոցառումների վրա: Ես ասացի, որ մենք կարող ենք գումար տրամադրել, բայց այն շատ քիչ կլինի, քանի որ չեմ կարող տալ 16 մլն, իսկ մյուս փառատոնին 3 մլն տրամադրել: Եթե նա, օրինակ, 8 մլնի հետ կապված համաձայնության գար, ես կկանչեի մեր մոնիթորինգի վարչության պետին և կհասկանայինք՝ ունե՞նք այդքան գումար, թե՞ ոչ»,- ասաց փոխնախարարը:

Նրա մեկնաբանմամբ՝ ինքը նշել է նաև, որ ավելի լավ է՝ 2 տարին մեկ իրականացվի փառատոնը և անցկացվի ինչպես կարգն է, սակայն հավելել է նաև, որ եթե  ուզում են այն ամենամյա լինի, պետք է հովանավորներ գտնեն: Ղարիբյանի խոսքով՝ ինքը չի մերժել հաջորդ տարվա համար փառատոն անցկացնելու միտքը, սակայն ներկայացրել է, որ կարգի փոփոխություն է սպասվում: Ըստ նրա՝ նախարարությունը նախատեսում է անցնել մրցութային համակարգի, ինչը նշանակում է՝ յուրաքանչյուր արվեստի ոլորտի նախագծերի համար կլինի հայտարարություն, կլինեն հանձնաժողովներ, չափորոշիչներ, և կորոշվի, թե որ նախագծին որքան գումար պետք է տրամադրվի: «Ամբողջ աշխարհն այդպես է աշխատում, և մենք էլ նախատեսում ենք 2019-ին անցնել այդ համակարգին: Ես իրազեկել եմ նրանց այս փոփոխության մասին և ոչ միայն նրանց. շատերը զարմացել են, շատերի մոտ հարցականներ կան, սակայն ոչ ոք չի գնացել ու դիմել թերթերին, թե տեսեք՝ մրցույթ է անցկացվում: Իրականում իմ խոսքից որոշակի հատված կտրվել ու կոնտեքստից դուրս է ներկայացվել, քանի որ մեր հանդիպումը տեղի է ունեցել շատ սիրալիր մթնոլորտում: Որևէ միտում չկա, ընդհակառակը` ես ամեն ինչով ուզում եմ աջակցել նրանց: Մենք շատ բարեկամաբար բաժանվեցինք, անգամ ինձ հրավիրատոմս տվեցին առաջիկա ներկայացման համար»,- ասաց Ղարիբյանը՝ հավելելով, որ թատրոնը, պարարվեստն իրենց գերակայություններն են:

Փոխնախարարի խոսքով՝  նախարարության  որդեգրած նոր քաղաքականությունն ուղղված է արվեստի բոլոր ոլորտների համար հավասար պայմաններ ապահովելուն:

Ղարիբյանը նշեց նաև, որ հանդիպման ժամանակ, այո, բարձրացվել է թատրոնի շենքի կառուցման խնդիրը, և իրեն տեղեկացրել են, որ խնդիրներ կան` կապված քաղաքաշինության նախարարության և քաղաքապետարանի հետ: «Ես ասացի, որ ուզում եմ լուծել այդ խնդիրները, և նրանք ուղղակի պետք է մեզ նամակ գրեն, քանի որ առանց գրության չեմ կարող ընթացք տալ: Ես նշեցի, որ խոստանում եմ իսկույն ևեթ միջնորդել քաղաքապետարանին ու քաղշինին, որ ընթացք տան թատրոնի շենքի կառուցմանը, ու նրանք կարողանան նորմալ պայմաններում ներկայացումներ բեմադրել»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց նաև, որ իրենք որևէ միտում չունեն ո՛չ թատրոնի շենքի կառուցման, ո՛չ էլ փառատոնի չեղարկման հարցում: Ընդհակառակը`, իրենք գիտեն, որ մնջախաղը փոքրիկ դաշտ է գրավում, և պետք է այնպես անել, որ այն զարգանա ու չմահանա:

Հուսանք՝ ծագած խնդիրը, անհամաձայնությունը կամ չհասկացվածությունն արագ կհարթվի, քանի որ իրականում այս ամենի մեջտեղում տուժում է միայն արվեստը:

Կարինե Հարությունյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica