close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էքզյուպերիի ծննդյան օրը նշանավորվեց գրողի ևս մեկ ստեղծագործության բնագրային թարգմանությամբ

Մշակույթ

30 Հունիսի 2018, 11:27
 Էքզյուպերիի ծննդյան օրը նշանավորվեց գրողի ևս մեկ ստեղծագործության բնագրային թարգմանությամբ

Ինքնակենսագրական վեպ ու մահապարտ մի առաքելության պատմություն: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրը նշանավորվեց դասական գրողի ևս մեկ ստեղծագործության բնագրային թարգմանությամբ: Այս անգամ հերթը «Ռազմական օդաչուն» վիպակինն էր, որը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, իսկթարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը գրքի շնորհանդեսի մեկնարկին հիշեցրեց, որ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս են ընծայվել Էքզյուպերիի «Մարդկանց երկիր», «Գիշերային թռիչք», «Փոքրիկ Իշխանը», «Նամակ պատանդին» ստեղծագործությունները:

««Ռազմական օդաչուն» բավականին հետաքրքիր գործ է: Էքզյուպերին, ընդհանրապես, ֆանտաստիկ գրող է, թերևս, 20-րդ դարի լավագույններից մեկը: «Ռազմական օդաչուն» երբեք հայերեն չի թարգմանվել, առաջին անգամ է թարգմանվում, ինչը հայ ընթերցողի համար կարևոր իրադարձություն է: Հույս ունեմ, որ ընթերցողը կկարդա այն, կհասկանա ստեղծագործության իմաստը և գուցե իր կյանքում ինչ-որ կարևոր բան փոխվի»,-նշեց Շավարշ Կարապետյանը՝ հավելելով, որ հաջորդիվ լույս է տեսնելու Էքզյուպերիի «Միջնաբերդը»,  որի թարգմանությունն արդեն իսկ ընթացքի փուլում է:

Գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը շնորհանդեսի ընթացքում ներկաներին պատմեց, որ վիպակը գրվել է 1942 թ., երբ Էքյուպերիի համար ստեղծվել էր մի ծանր շրջափուլ: «Նա, կարելի է ասել, ֆիզիկապես ու հոգեպես աքսորի մեջ էր: Լքել էր Ֆրանսիան, ժամանակավորապես բնակվում էր ԱՄՆ-ում: Սա շատ ծանր որոշում էր Էքզյուպերիի համար: Ֆրանսիայում տեղի ունեցած մարտերի ժամանակ Էքզյուպերին առաջնագծում էր. այլ կերպ չէր կարող լինել: Բնականաբար, ծանր էր ընդունել ժամանակավոր պարտության փաստն ու միաժամանակ հայրենիքից հեռանալու անհրաժեշտությունը»,-Էքզյուպերիի ապրումները ներկայացրեց թարգմանիչը:

Շուշանիկ Թամրազյանը հավելեց, որ Էքզյուպերին ձեռնարկում է «Ռազմական օդաչուն»  ստեղծելու գործը՝ կարծես ներքին նպատակ ունենալով ականատեսի, մասնակցի աչքերով ներկայացնել իր անցած պատերազմի սարսափելի, բայց և հուզիչ իրողությունները: Նրա նպատակն էր ցույց տալ, որ եղել են մարդիկ, ովքեր չեն հանձնվել մինչև վերջ և պայքարել են: Անհավասար ուժերի պատճառով զինվորներն այլընտրանք չունեին: Նրանք հասկանում են, որ պայքարը դատապարտված է ձախողման, բայց ստիպված են խաղալ իրենց դերը մինչև վերջ:

Նշենք, որ «Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին, Միացյալ Նահանգներում՝ «Flight to Arras» («Թռիչք դեպի Առաս») վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին: Վիպակն ինքնակենսագրական է: Մահապարտ մի առաքելության պատմությունը, որ ներկայացվում է անձնակազմի օդաչուի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայացքով, դառնում է ֆրանսիացի մտավորականի, արվեստագետի, շարքային քաղաքացու ապրումների, խորհրդածությունների խտացումը Երկրորդ աշխարհամարտի համատեքստում: «Տարօրինակ պատերազմի» մասին բազմաձայնող աշխարհը մի պահ ստիպված էր լռել՝ ի տես անմիջական մասնակցի խոր, անհերքելիորեն ճշմարիտ վկայության:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica