close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեխայի մահվան հետ պատվաստման կապը հերքվել է. 5 ամսական ևս մեկ երեխա է մահացել

Հասարակություն

29 Հունիսի 2018, 19:07
 Երեխայի մահվան հետ պատվաստման կապը հերքվել է. 5 ամսական ևս մեկ երեխա է մահացել

Հունիսի 26-ին Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել: Հիվանդանոցից Yerkir.am-ին տեղեկացրին, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ էնտերովիրուսով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխայի մոտ էնտերովիրուսի հետևաքնով առաջացել է նաև սուր միոկարդիտ: Հայտնաբերվել էր նաև  սրտային անբավարարություն՝ 3-րդ աստիճանի:

Երեխան շուրջ 7 ժամ հիվանդանոցում է գտնվել, անգամ «Նորք Մարաշ» բուժկենտրոնից երկու մասնագետ են հրավիրել, սակայն երեխայի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Ի դեպ, երեխան օրեր առաջ էր պատվաստվել. հունիսի 21-ին «Արտաշիսյան» պոլիկլինիկայում երեխան ստացել է պլանային պատվաստումների երկրորդ դեղաչափը:

Իսկ թե որքանով է հնարավոր պատվաստումից հետո նման հիվանդությունների ձեռք բերումը՝ զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ: Սահակյանի խոսքով՝ երեխայի մահվան պատճառը ոչ թե պատվաստումն է, այլ, ինչպես նշվեց, էնտերովիրուսը, որն ազդել է սրտամկանի վրա, ու միոկարդիտ առաջացրել:

«Էնտերովիրուսը կարճ ինկուբացիոն շրջան ունի՝ 1-5 օր, այդ շրջանում կարող է հիվանդությունը զարգացած լինել: Պատվաստումն այս դեպքում որևէ առնչություն չունի, քանի որ երեխան կարող էր պատվաստվեր ու վարակվեր, բայց նաև չպատվաստվեր ու էլի վարակվեր: Բնականաբար, նրանք, ովքեր առողջական խնդիրներ, այլ հիվանդություններ ունեն, վարակն ավելի արագ է զարգանում օրգանիզմում»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ երեխայից նմուշառում են կատարել:

Առողջապահության նախարարությունից նույնպես մանրամասներ տրամադրեցին՝ դեպքերի հաջորդականության վերաբերյալ: Ըստ այդմ՝  պատվաստումից հետո երեխայի մոտ դիտվել է ջերմության բարձրացում, որը տևել է մեկ օրը, այլ անհանգստացնող երևույթներ չեն դիտվել: Հունիսի 25-ին երեխայի մոտ նկատվել է անհանգստություն, ծնողները դիմել են «Արտաշիսյան» պոլիկլինիկա, որտեղ ախտորոշվել է «Սուր շնչառական հիվանդություն»: Հունիսի 26-ին կրկին դիմել են պոլիկլինիկա, ախտորոշվել է «Սուր շնչառական հիվանդություն, տոքսիկ ձև» և ուղեգրվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ երեխան մահացել է: «Երեխայի կենսաբանական նմուշների վիրուսաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է էնտերովիրուսային վարակ, որը պատվաստման պահին որեւէ դրսևորում չի ունեցել: Հետազոտության արդյունքներով՝ հերքվում է երեխայի մահվան հետ պատվաստման կապը: Պատվաստումից հետո երեխայի մոտ ջերմային ռեակցիան կարող է դիտվել առավելագույնն առաջին 48 ժամվա ընթացքում: Եթե այն շարունակվում է կամ ընդհատումով նորից կրկնվում է, ապա չի կապվում պատվաստման հետ եւ հարկ է պատճառները պարզելու համար դիմել մասնագետի»,-տեղեկացնում են նախարարությունից:

Ինչ են իրենից ներկայացնում էնտերովիրուսային վարակները. էնտերովիրուսային վարակները սուր ինֆեկցիոն հիվանդություններ են, որոնց հարուցիչները էնտերովիրուսներն են: Էնտերովիրուսները տարածվում են գրեթե բոլոր հնարավոր ճանապարհներով՝ օդի միջոցով՝ որպես օդակաթիլային ինֆեկցիա, կենցաղային շփմամբ՝ ձեռքերի կամ տարատեսակ առարկաների միջոցով։ Այն կարող է նաև փոխանցվել սննդի միջոցով։ Բացի այդ՝  վիրուսը կրող մարդը կարող է առողջ վիրուսակիր լինել, այսինքն՝ չունենալ ոչ մի աչքի ընկնող ախտանիշ, սակայն վարակել շրջապատի մարդկանց։

Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով ընդհուպ մինչև մահվան դեպքերի: Բացի այդ՝ հիվանդության մեկ այլ լուրջ դրսևորում էլ կա՝ մենինգիտը, ուղեղի թաղանթների բորբոքումը, որն արտահայտվում է ուժեղ գլխացավերով, փսխումներով, բարձր ջերմությամբ ու պարանոցի շրջանում մկանացավով:

Ընդհանրապես էնտերովիրուսները տարիքային որևէ առանձնահատկություն չունեն, և կարող են ախտահարել բոլոր տարիքի մարդկանց, բայց, որպես կանոն, մեծահասակների մոտ հիվանդության զարգացումն ավելի դժվար է կլինիկական դրսևորում ստանում, քանի որ այդ վարակները բավականին տարածված են արտաքին միջավայրում, ու մարդը կյանքի ընթացքում անընդհատ շփվում է դրանց հետ ու իմունիտետ ձեռք բերում: Էնտերովիրուսներով հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ, իսկ առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում անբարեհաջող ելքով:

Էնտերովիրուսային վարակի ախտանիշներ են՝ թուլությունը, ուժեղ գլխացավը, լորձաթաղանթների բորբոքումը, ջերմության ալիքաձև բարձրացումը, որովայնում ցավերը, սրտխառնոցը, փսխումը… Էնտերովիրուսային վարակները կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով:

Նշենք նաև, որ վերջին տարիներին Հայաստանում էնտերովիրուսների համաճարակ չի գրանցվել, չնայած 2017-ին նկատվել էր վարակի տարածման որոշակի ակտիվություն:

Հիշեցնենք նաև, որ երեկ անդրադարձել էինք հունիսի 7-ին «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխա մահվան դեպքին: Երեխայի ծնողները երեխայի մահվան մեջ բժիշկներին են մեղադրում: Սակայն հունիսի 9-ին առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ երեխայի նախնական կլինիկական ախտորոշումն է «ագոնալ վիճակ, սուր սիրտ-անոթային անբավարարություն, սուր միոկարդիտ, շնչական անբավարարություն II°-III°», իսկ ըստ մահվան փաստը վկայող բժշկական փաստաթղթի՝ նաև «սրտի զարգացման բնածին արատ»։ Երեխաների մահվան պատճառների պարզաբանման նպատակով փորձագիտական հանձնաժողովի կողմից իրականացվում են բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն, իսկ մասնագիտական կառույցի կողմից՝ համապատասխան դատաբժշկական հետազոտություններ:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica