close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չկա երազանք, որ չիրականանա

Հարցազրույց

5 Նոյեմբերի 2011, 12:00
 Չկա երազանք, որ չիրականանա

Դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը ծնվել է հայրենադարձների ընտանիքում: Նա հենց ծնված օրվանից միշտ եղել է ուշադրության կենտրոնում:

 

- Դպրոցում լավ էի սովորում: Մասնակցում էի բոլոր միջոցառումներին: Ամենահիշարժաններից մեկը Շիրազի այցն էր մեր դպրոց, երբ ինձ կանչեցին տնօրենի սենյակ եւ խնդրեցին, որ մի ոտանավոր ասեմ: Ես էլ որոշեցի ասել ամենակախարդականը, որ գիտեի, դա «Հայր մերն» էր: Այս փաստը, իհարկե անորոշ վիճակի մեջ գցեց բոլոր ներկաներին, բայց վերջապես գտանք մեկ այլ բանաստեղծություն, որն այդ ժամանակվա համար ավելի «ընկալելի» էր` Նալբանդյանի «Ազատությունը», որի համար նույնիսկ ֆրանսերեն գիրք ստացա:

 

Ֆրանսիական թեքումով դպրոցի տրամաբանական շարունակությունը դարձավ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը:

 

- … որտեղ, ցավոք, սովորեցի 2 տարի: Այ էստեղ է, որ իմ ճակատագրում մի հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ: 90-ական թվականներն էին, տրանսպորտն արդեն վատ էր աշխատում, ստիպված էինք լինում կամ ոտքով, կամ լավագույն դեպքում, պատահած տաքսիով երթեւեկել: Մի օր, դասի գնալու փոխարեն, գնացի եկեղեցի ու ընդամենը մի մոմ վառեցի, եւ որքան էլ տարօրինակ հնչի, երազեցի մայր դառնալ: Այդպես էլ եղավ: Հենց եկեղեցուց դուրս եկա, հանդիպեցի ապագա ամուսնուս, եւ ընդամենը 2 շաբաթ անց դարձա նրա կինը: Երազանքս էլ չթողեց, որ իրեն երկար սպասեմ` իմ Վիկտորյային: Վիկտորյան դարձավ իմ կյանքի ամենամեծ հաղթանակը: Հիմա արդեն 18 տարեկան է եւ սովորում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

 

Հենց այդ ժամանակ էր, որ նրանք ընտանիքով տեղափոխվեցին Մոսկվա, եւ Վիվյենը չէր էլ կարող պատկերացնել, որ ընդամենը մի քանի տարի անց պիտի իրականություն դառնար իր մանկական ամենամեծ ու լուսավոր երազանքներից մեկը` դառնալ դերասանուհի:

 

- Առաջին «ելույթս» եղավ ինքնաթիռում, երբ շատ մարդկանց ներկայությունը ստիպեց ինձ փոքրիկ համերգով հանդես գալ նրանց առաջ: Հանդիսատեսի համակրանքին արժանանալու առաջին մրցանակս` մեկ կիլոգրամ կոնֆետն էր: Հիմա այլեւս կոնֆետներ չեն բերում, իսկ ծաղիկներ... անկեղծ ասած, բեմում ստանալ չեմ սիրում: Չգիտեմ էլ՝ ինչն է պատճառը: Եվ հենց այսպիսի «հաջող» ելույթների արդյունքում էր, որ մայրիկս որոշեց ինձ տանել պարի խմբակ: Շատ տարբեր խմբերում եմ պարել: Ու երբ պարից տուն էի գալիս, մինչեւ քնելը, շատ էի սիրում երաժշտություն լսել եւ տարբեր պարային բեմադրություններ անել մտքում:

 

Ինչն էլ հետագայում Վիվյենին օգնեց իր երազանքներում ստեղծած պարերը իրականություն դարձնել «Գոյակ» մշակութային ակումբի բեմում:

 

- Մի անգամ հեռուստացույցով մի ֆիլմ տեսա, որտեղ մի աղջիկ գնչուական պար էր պարում` կարմիր զգեստով ու սեւ թավշյա մազերով: Շատ տպավորվեցի: Այնքան էի ուզում նմանվել նրան: Եվ երբ բարեկամներիցս մեկն ասաց, որ շատ նման եմ այդ գնչուհուն, դա ինձ համար մի նոր երազանքի թեմա դարձավ` դառնալ դերասանուհի: Կարելի է ասել, որ «Էսմերալդան» այն ճակատագրական կերպարն էր, որը դարձավ այս մասնագիտությունը ընտրելուս պատճառը:

 

Վիվյենի դերասանական ճանապարհի սկիզբը` դպրոցից բուհ չէր, ինչպես սովորաբար լինում է, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ ընտանիք, երեխա ունցող կինը կարող է մի օր` «պատահականության» շնորհիվ փոխել իր մասնագիտական ընթացքը, կյանքի սովորական տեմպը` լեզվագետից դառնալ դերասանուհի:

 

- … որովհոտեւ չկա մի բաղձալի երազանք, որ իրականություն չդառնա: Մի ընկեր ունեի, որ թատրոնում էր աշխատում: Մի օր գնացի թատրոն՝ նրան տեսնելու: Իմացա, որ փորձի ավարտին դեռ կես ժամ կա, որոշեցի բուֆետում սպասել: Կողքի սեղանի շուրջ անծանոթ մարդիկ էին նստած, որոնցից մեկը երկար նայելուց հետո, մոտեցավ ինձ ու հարցրեց. «Ո՞վ ես դու»: Ասացի. «Վիվյենը»: Հարցրեց. «Դու ինձ չե՞ս ճանաչում»: Ասացի. «Ոչ»: Նա շատ զարմացավ ու առաջարկեց իր թատրոնում փոքրիկ դեր խաղալ: Հետո ես իմացա, որ դա «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանն էր, որի ղեկավարած կուրսում էլ սովորեցի 4 տարի:

 

Բազմաթիվ բեմադրությունները, տարբեր շրջագայությունները, կուրսային եւ դիպլոմային աշխատանքները, հեռուստահաղորդավարի փորձը, ֆիլմերում էպիզոդիկ դերերը դարձան Վիվյենի համար` որպես դերասանուհի ձեւավորման եւ պրոֆեսիոնալ կայացման սկիզբ:

 

- Երրորդ կուրսում էինք, երբ ռեժիսորական կուրսի ուսանողներից մեկն առաջարկեց դեր խաղալ իր դիպլոմային ներկայացման մեջ: Եվ չնայած մեր կուրսի ղեկավարը դեմ էր նմանատիպ «էքսպերիմենտներին», այնուամենայնիվ, դա եղավ բացառություն. իմ առաջին գլխավոր դերը եւ հիմքը ընկերության եւ ստեղծագործական այն ճանապարհի, որը մինչ այժմ ես անցնում եմ Վահան Բադալյանի հետ: Փոքր թատրոնը դարձավ իմ «երկրորդ ընտանիքը», որտեղ խաղացի ինձ համար շատ սիրելի` մադամ Ռոզպետլի դերը «Պա-պապապա-պապա» ներկայացման մեջ (ըստ Ա. Կոպիտի), մոր դերը «Տունը սահմանի վրա» ներկայացման մեջ (ըստ Ս. Մրոժեկի), եւ ձայնագրվեցի 2 մանկական ներկայացումների համար` «Օֆելիայի ստվերների թատրոնը» (ըստ Մ. Էնդեյի), եւ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» (ըստ Ռ. Բախի):

 

Մեկ տարի առաջ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում Վահան Բադալյանի բեմադրած «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման մեջ Վիվյենը մարմնավորեց լեդի Մակբեթի կերպարը. եւս մեկ երազանք, որը դարձավ իրականություն:

 

- Ցանկացած դերասանի համար Շեքսպիրի պիեսներից որեւէ մեկում գլխավոր դեր խաղալը իսկապես երազանք է: Ես արդեն ընտելացել էի «Փոքր» թատրոնի կամերային բեմին եւ Վահանի առաջարկը` խաղալ այդպիսի դեր, այն էլ այդ թատրոնի բեմում, ինձ համար շատ մեծ քննություն էր, եւ ուրախ եմ, որ այդ քննությունը անցա:

 

Բոլորի կյանքում էլ լինում են փորձություններ, սակայն դերասանի համար իրական փորձությունը ինքն իրեն հաղթահարելն է: Իսկ Վիվյենի ճանապարհին փորձությունների պակաս չի զգացվել:

 

- Այո, ինչ էլ պատահի, դերասանն ամեն բեմելին հաղթահարում է ինքն իրեն` թողնելով իր կյանքի բոլոր դժվարություններն ու խնդիրները թատրոնի շենքից դուրս: Եվ նույնիսկ սեփական հնարավորություններից դուրս դերասանը միեւնույն է՝ հաղթահարում է ինքն իրեն: Այդպիսի մի փորձություն դարձավ Արինա Արարատյանի «Ամերիկյան սյուիտ» բեմադրության մեջ իմ մասնակցությունը «Summertime» պարով, որը ստիպված եղա հաղթահարել 10 օրվա ընթացքում: Թերեւս մի փորձություն կարող եմ համարել իմ մագիստրոսական թեզն ու կարմիր դիպլոմը:


Կյանքում դժվարություններն ու խնդիրներն ավելի հեշտ են դառնում հաղթահարելի, երբ կողքիդ հավատարիմ ու անձնվեր մարդիկ են լինում, որոնք միշտ պատրաստ են հասնել օգնության յուրաքանչյուր պահի:

 

- Դա վերաբերում է նաեւ բեմական կյանքին: Առանց լավ խաղընկերների, նույնիսկ ամենալավ դերն ու բեմադրությունը կարող է դժվար հաղթահարելի լինել: Ես շատ եմ կարեւորում այդ փաստը եւ կարող եմ այդ հարցում ինձ բախտավոր համարել, որ միշտ խաղացել եմ պրոֆեսիոնալ, գործի գիտակ դերասանների հետ: Ինձ համար վերջին տարիների ամենասիրելի խաղընկերը Արսեն Խաչատրյանն է, որի հետ այժմ փորձում ենք Վահան Բադալյանի բեմադրությամբ` «Անկոչ հյուրը» ներկայացումը (ըստ Է.Է. Շմիտտի համանուն պատմվածքի):

 

Վերջերս նկարահանվեց եւ հանդիսատեսի դատին հանձնվեց մի նոր, կատակերգական ժանրի ֆիլմ` «Փեսացուն կրկեսից», որտեղ Վիվյենը խաղաց դեսպանի կնոջ` տիկին Էլվիրայի դերը:

 

- Ամեն աշխատանք ինձ յուրովի է բացահայտում: Թատրոնի դերասանը դժվարությումբ է հարմարվում ֆիլմի խաղային չափորոշիչներին: Դա մի ամբողջական պրոցես չէ` ինչին ես սովոր էի թատրոնում: Ի տարբերություն թատրոնի բեմադրական պրոցեսի, ֆիլմում կարճ է դերի վրա աշխատելու ժամանակը: Պետք էր ճկուն լինել եւ շուտ կողմնորոշվել: Ես ինձ հաջողակ մարդ, կին եւ դերասանուհի եմ համարում, եւ իմ կյանքում չկա մի երազանք` լինի դա դեր, ներկայացում, թե ֆիլմ, որ ինձ համար իրականություն չդառնա: Սակայն իմ ամենամեծ երազանքը, որպես մարդ, իմ հանդիսատեսին համոզելն է, որ հավատան իրենց երազներին ու քայլեն իրենց ճանապարհով` առանց վախենալու եւ կասկածելու:

 

Հարցազրույցը՝ Ռ.Խ.-ի

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica