close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոնյակի սպիրտ ներմուծողներն ու արտադրողները հավասար մրցակցային դաշտում են հայտնվել. ինչ կարգավորումներ է առաջարկում նախարարությունը

Հարցազրույց

22 Հունիսի 2018, 13:49
 Կոնյակի սպիրտ ներմուծողներն ու արտադրողները հավասար մրցակցային դաշտում են հայտնվել. ինչ կարգավորումներ է առաջարկում նախարարությունը

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո։

Նախագծերը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Օրենքների ընդունման անհրաժեշտության, նպատակների, թե ինչով դրանց ընդունումը կնպաստի գյուղատնտեսության, մասնավորապես` խաղողագործության, կոնյակագործության զարգացմանը և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

-Պարո´ն Խաչատրյան, ի՞նչ նպատակ են հետապնդում օրենքներում արված փոփոխությունները:

-Օրենքներում փոփոխություններ կատարելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գործում էին որոշակի անհավասար պայմաններ կոնյակի սպիրտ ներկրողների և արտադրողների համար, մասնավորապես` թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրությունը, այսինքն` կոնյակի սպիրտ արտադրելը ծանուցման ենթակա գործունեություն էր. տեղական արտադրողը պետք է դրա մասին ծանուցեր` համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի: Այդ ծանուցման տուրքը կազմում էր 15 մլն դրամ: Մյուս կողմից` եթե որևէ մեկն ուզում էր թորած ալկոհոլային խմիչք և խմորման նյութերից էթիլային սպիրտ ներկրել, ծանուցում չէր տալիս: Ստացվում էր` տեղական արտադրողը 15 մլն դրամի չափով անհավասար պայմանի մեջ էր դրվում: Մենք 15 մլն դրամը դարձրեցինք 10 մլն դրամ և պարտադիր դարձրեցինք նաև ներմուծողների համար: Ներմուծողները և արտադրողները հավասար մրցակցային դաշտում հայտնվեցին:

Բացի այդ, եթե արտադրողի կամ ներմուծողի կողմից կողմից իրացվում կամ ներմուծվում է 100 հազար լիտրից ավելի կոնյակ կամ կոնյակի սպիրտ, ապա 100 հազար լիտրը գերազանցող ամեն լիտրի համար վճարվում է լրացուցիչ տուրք: Այս կերպ մինչև այդ շեմը հասնող փոքր ընկերությունը ավելի ցածր տուրք է վճարում: 

-Ո՞րն էր այս կարգավորման անհրաժեշտությունը:

-Պատճառն այն էր, որ ահագնացող չափերի էր հասել կոնյակի սպիրտի և բրենդիի սպիրտի ներմուծումը: 2016 թվականին ներմուծվել է 7 մլն 996 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը համարժեք է 88 հազար տոննա խաղողին, այսինքն` այդքան խաղող չի արտադրվել, որովհետև ներմուծվել է սպիրտ:

-Ակցիզային հարկի փոփոխություն է կատարվել, դա՞ ինչով էր պայմանավորված:

- Այո, մեր ներկայացրած մյուս փոփոխությունը վերաբերում էր ակցիզային հարկին: Ակցիզային հարկը բավականաչափ բարձր էր և չէր նպաստում Հայաստանում կոնյակի իրացման ծավալների ավելացմանը:  Հարկային օրենսգրքով սահմանված էր, որ կոնյակի ակցիզային հարկը ուղղակիորեն կախված էր դրա արժեքից:  Ակցիզային դրույքաչափերը մեկ լիտրի համար, հարյուր տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, սահմանեցինք ֆիքսված դրույքաչափեր, ըստ տարիքային խմբերի: Նախկինում որքան կոնյակի տարիքային խումբը և արժեքն ավելի բարձր էր, այնքան ակցիզային հարկն ավելի շատ էր: Ակցիզային հարկը կախված էր արժեքից  և կազմում էր դրա 50 տոկոսը: 

-Պատրաստի կոնյակի վաճառքի հետ կապված փոփոխություններ եք արդեն առաջարկել:

- Մենք խնդիր ունեինք կոնյակի հետ` պայմանավորված տարիքային խմբով վաճառքի հետ: Որոշակի նվազագույն գին ենք սահմանել. եթե պետք է վաճառվի հայկական կոնյակ, ամեն տարիքային խմբի համար սահմանված նվազագույն գնից ավելի ցածր չի կարող լինել:  Օրինակ` այսօր անորակ սպիրտից կոնյակ է վաճառվում, որը շատ ավելի էժան է, քան ցածր տարիքային խմբի կոնյակը: Հաճախորդը, ով նաև գնի նկատմամբ է «զգայուն», գնում էր ներմուծված սպիրտից ստացված կոնյակը: Եթե մենք հիմա գինը բարձրացնում ենք, ենթադրենք` 3 տարեկան 0.5 լիտրանոց կոնյակի համար սահմանում ենք նվազագույն գին` 800 դրամ (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի), գները գալիս են նույն մակարդակին, և հաճախորդն արդեն կարող է գնային նույն մակարդակից ընտրել`որակյալ կոնյակի սպիրտից պատրաստված կոնյա՞կ է գնում, թե՞ անորակ ներմուծված սպիրտից  կոնյակ:

-Հավասար մրցակցային պայմաններ են ապահովվում ներմուծողի և արտադրողի համար, դժգոհություն, առարկություն չի՞ եղել:

- Ոչ, որովհետև շատ երկար քննարկումներ են տեղի ունեցել թե´ ներմուծողների, թե´ արտադրողների, թե´ մեծ ու փոքր ձեռնարկությունների հետ: Սա կոնսենսուսային որոշում է, ձեռնարկությունների բացարձակ մեծամասնության աջակցությունը մենք ունեցել ենք:

 

Զրուցեց Ամալյա Առաքելյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica