close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+21°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.80
GBP1637.73
EUR1562.73
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժամկետը լրացել է, բայց շարունակում է նախագահել. բողոքի հերթական ակցիան՝ Նկարիչների միությունում

Մշակույթ

19 Հունիսի 2018, 16:07
 Ժամկետը լրացել է, բայց շարունակում է նախագահել. բողոքի հերթական ակցիան՝ Նկարիչների միությունում

Մեկ շաբաթ առաջ Նկարիչների միության ավագ սերունդը, իսկ այսօր արդեն երիտասարդ սերունդը բողոքի ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայնելով միությունում առկա մի շարք խնդիրների մասին:

Եթե նախորդ բողոքի ակցիայի ժամանակ միության նախագահ Կարեն Աղամյանը երկրում չէր, ապա այսօր նա զրուցեց թե' լրագրողների, թե' իրենց բողոքն արտահայտող նկարիչների հետ:

Yerkir.am-ի հետ զրույցում գեղանկարիչ Լևոն Աբրահամյանը նշեց, որ Նկարիչների միությունում բազում խնդիրներ կան, և ամենակարևորը` միությունը սպառման եզրին է ու իր գործառույթները չի իրականացնում: Նրա խոսքով՝ միայն միությունում բացվող ցուցադրությունները ոչինչ չեն նշանակում՝ միությունը նկարիչների պրոպագանդայով չի զբաղվում: «Մեր հրատապ պահանջներից մեկն արտահերթ ընտրությունների գնալն է: Մենք միության կանոնադրության խախտում ունենք, քանի որ իրականում պետք է նախորդ տարի համագումար լիներ, սակայն այդպես էլ ոչինչ չի արվել: Իսկ եթե ինչ-որ բան է փոխվել, պետք է գոնե միության կայքում հայտարարություն տարածվեր, կամ էլ մեր վարչության անդամներին տեղեկացնեին: Թեև որևէ փոփոխություն կարող է միայն համագումարով հաստատվել»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ հստակ չէ՝ երբ կլինի համագումար, քանի որ, ըստ լուրերի, միությունում փակ ժողով է եղել, և որոշ մարդիկ ասել են՝ Աղամյանը կարող է շարունակել պաշտոնավարումը մինչև 2021թ.:

Նշենք, որ նկարիչների խոսքով՝ միության կանոնադրության համաձայն, 4 տարին մեկ պետք է համագումար լինի, որի ժամանակ էլ ընտրում են միության նախագահին: Վերջին անգամ 2013-ի դեկտեմբերի 16-ին է եղել համագումար, որի ժամանակ ընտրվել է Աղամյանը: Ստացվում է՝ 2014-ի դեկտեմբերի 16-ին ավարտվել է Աղամյանի պաշտոնավարման ժամկետը:

Լևոն Աբրահամյանը նշեց, որ իրականում միության նախագահի փոփոխմամբ բոլոր հարցերը միանգամից չեն լուծվի, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ են նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչպես նաև դրսի հետ կապեր ունեցող մարդկանց է պետք ընդգրկել միության շարքերում:

«Եթե անգամ այս օղակները կան էլ, ապա դրանք չեն գործում: Այսինքն՝ սա կոնկրետ մեկ հոգու խնդիր չէ, պարզապես այսպես այլևս անհնար է: Մենք ուզում ենք նաև հասկանալ՝ Կարեն Աղամյանի՝ միության նախագահի պաշտոնը ստանձնելուց արդեն իսկ 20 տարի է անցել, և ինչո՞ւ այս խնդիրներն այդպես էլ մնացել են չլուծված: Մենք՝ երիտասարդներս, մեր հերթին մի շարք քայլեր ենք իրականացրել՝ ստեղծել ենք երիտասարդական խորհուրդ, բազում ցուցահանդեսներ նախաձեռնել, աջակցել, որպեսզի երիտասարդների գործերն արտասահմանում ցուցադրվեն… Քանի որ մեր միջավայրն այնքան էլ հեղափոխական չէ, փորձել ենք խնդիրներին լուծում տալ այնպես, որ ոչ ոք չտուժի, սակայն հիմա խնդիրներն այնքան են կուտակվել, որ անհնար էր չբարձրաձայնել»,- ասաց նկարիչը:

Մեր հարցին, թե նախորդ բողոքի ակցիայի ժամանակ ավագ սերունդն ասում էր, որ միությունում նաև չարաշահումներ ու յուրացումներ են եղել, արդյո՞ք իրենք տեղյակ են այդ ամենից, աուդիտի կարիք կա՞, Աբրահամյանը պատասխանեց, որ, բնականաբար, աուդիտի կարիք կլինի: «Սակայն ես յուրացումների հետ կապված ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- հավելեց նա:

Գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ բոլորն էլ գիտակցում են՝ գալիս է մի ժամանակ, որ պետք է որոշ հարցեր վերանայեն, որոշ թարմացումներ կատարվեն: Նրա խոսքով՝ երբ տարեցտարի շարունակվում է նույն իրավիճակը, ինքնըստինքյան կանգ ենք առնում լճացման առաջ: «Եթե մինչև վերջերս ասվում էր, որ միությունում տեղի ունեցող ցուցադրությունները գոնե որակ են ապահովում, սակայն այսօր մենք անգամ դրա մասին խոսել չենք կարող: Իրավիճակն իրականում շատ մտահոգիչ է, և այժմ շատ անվանի նկարիչներ պարզապես չեն ցանկանում իրենց գործերը ցուցադրել միությունում: Մոտիվացիայի, որակի բացակայություն կա, և եթե մոտիվացիայի հետ կապված, ոչինչ, կարող ենք ինչ-որ կերպ այս հարցը լուծել, սակայն որակի առումով պետք է թերացումներ չլինեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ միության կանոնադրության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, և իրենց համար անհասկանալի է՝ Կարեն Աղամյանը դեռ որքա՞ն պետք է պաշտոնավարի, ինչո՞ւ համագումար չի անցկացվում:

Հարցին, թե միայն միության նախագահի փոփոխմամբ խնդրին լուծում կտրվի՞, նկարիչը պատասխանեց. «Մեր վերջին քաղաքական իրադարձությունները հիշելով՝ ի՞նչ եք կարծում՝ մեկ անձով ինչ-որ բան չփոխվե՞ց: Կարծում եմ՝ փոխվեց: Այո, մեկ հոգին կարող է շատ բան փոխել՝ թիմ, մտածելակերպ: Այնուամենայնիվ, պետք է մի անձ, ով ճիշտ ընթացքի մեջ կդնի միության գործունեությունը: Անուններ չտալով՝ կարող եմ ասել, որ այնպես չէ՝ միությունը չունի ունակ, խելացի, նվիրված ու հնարավոր ղեկավարներ»:

Զրուցեցինք նաև Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ, ով ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ է կատարվում: Անդրադառնալով նկարիչների բարձրացրած խնդիրներին՝ նա նշեց, որ, օրինակ, համագումար 2017-ին չեն անցկացրել, քանի որ 5 տարին մեկ պետք է համագումար անցկացվի:

«Նրանց բողոքները ծայրից ծայր ստախոսություն է: Դժվար է միանգամից պատասխանել բոլոր ստերին: Նախորդ անգամ էլ, երբ բողոքի ակցիա էր կազմակերպվել, ես գործուղման էի, ընդ որում` երբեք միության գումարներով չեմ գնացել գործուղման, նման դեպք չի արձանագրվել: Ի դեպ, յուրաքանչյուր ընտրության ժամանակ ես ավելի ու ավելի շատ ձայներ եմ ստացել, ինչը խոսում է այն մասին, որ միության 80 տոկոսն ինձ միշտ ձայն է տվել: Հասկանում եմ՝ այսօրվա մեր երկիրը կտրուկ դեպի լավն է գնում, և դրա պատճառը ժողովրդի ընդվզում է: Ես նկատում եմ, որ այս ալիքի տակ, բացի բարի մղումներից, չարն էլ է բարձրացել, ինչի համար շատ եմ ափսոսում»,- ասաց Աղամյանը:

Ինչ վերաբերում է յուրացումներին, չարաշահումներին, ապա դրանք, միության նախագահի խոսքով, եղել են ոչ իր օրոք: «Ծանոթ, բարեկամ, քավոր ու սանիկ չկա միությունում, հնարավոր չէ նման գործարքների դիմել: Ժամանակին, այո, մեր ցուցասրահների բարձրությունն ավելի ցածր է եղել, քան հիմա, չկար լուսավորության հնարավորություն: Ավելին՝ Հակոբ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը երբ բացեցինք, հանկարծ ամպրոպ սկսվեց ,ու ցուցահանդեսը տապալվեց, քանի որ լույս չկար: Իսկ հիմա մենք ունենք դահլիճներ, որոնք, մասնագետների կարծիքով, տարածաշրջանում լավագույնն են: Նկարիչների միությունը շատ հարուստ կառույց էր ժամանակին, և երբ դարձա միության նախագահ, նոր միայն պարզվեց՝ ինչ է կատարվում մեզ մոտ: Բոլոր փաստաթղթերը կան, որ մինչև իմ՝ միության նախագահ ընտրվելը մեր միության ունեցվածքի 85 տոկոսից ավելին ապօրինի ձևով վաճառվել է»,- ասաց Աղամյանը:

Նրա խոսքով՝ միության նախկին նախագահը՝ Պողոս Հայթայանը, վաճառել է միության տարածքներից մի մասը: Նկարիչների միության շենքի մոտ գտնվող մեծ փոսի վայրում, ըստ Աղամյանի, Նկարիչների միության նոր շենքը պետք է լիներ, որը երկու անգամ ավելի մեծ էր, քան ներկայիս տարածքն է: Սակայն այդ շենքը Հայթայանը 20 000 դոլարով վաճառել է իրանցիներին, որի համար հետո պատասխանատվության է ենթարկվել: Սրճարանն էլ, Աղամյանի հավաստմամբ, 700 դոլարով է վաճառվել դեռ 1997-ին, իսկ ինքը միության նախագահ է դարձել 1998-ին:

Ինչ վերաբերում է նկարների ցուցադրման հարցում խտրական վերաբերմունքին, ապա, միության նախագահի խոսքով, կա հանձնաժողով, որն էլ որոշում է` որ գործը ներկայացվի, որը՝ ոչ: Աղամյանը հանձնաժողովի կազմում չէ: Նա հիշեց, որ երբ նոր էր դառնում միության անդամ, մի քանի անգամ իր գործերը հետ են վերադարձրել իրեն ու չեն ցուցադրել, ինչը նորմալ երևույթ է:

Կարեն Աղամյանը բարձրացավ նաև դահլիճ, լսեց այնտեղ հավաքված նկարիչների բողոքը: Նա նշեց, որ միությունը նոր կանոնադրություն ունի, սակայն այն դեռ չի հաստատվել: Նկարիչների դիտարկմանը` եթե նորը չի հաստատվել, իսկ հինը չի չեղարկվել, նշանակում է՝ Աղամյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է դեռևս 2017-ի ավարտին, քանի որ նախորդ կանոնագրում 4 տարին մեկ է համագումար անցկացվում, Աղամյանը պատասխանեց, որ նոր կանոնադրությունը շուտով կհաստատվի, իսկ համագումար կանցկացվի տարեվերջին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica