close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստան 1988-2018». 30 տարվա պատմության վավերագրումը՝ լուսանկարների միջոցով

Մշակույթ

15 Հունիսի 2018, 18:45
 «Հայաստան 1988-2018». 30 տարվա պատմության վավերագրումը՝ լուսանկարների միջոցով

Արցախյան ազատամարտ, Սպիտակի երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, խաղաղության տարիներ, Հռոմի պապի այց, թավշյա հեղափոխություն ու էլի շատ ու շատ պատմական անցուդարձերի վավերագրումն ամփոփվել է «Հայաստան 1988-2018» պատկերագրքում:

Նախագծի հեղինակը ՀՅԳ ԳՄ անդամ Սպարտակ Ղարաբաղցյանն է, համակարգողը՝ լուսանկարիչ Գերման Ավագյանը:

Ղարաբաղցյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պատկերագրքում, որ վերջին 30 տարիների պատմության վավերագրությունն է, ընդգրկված է 28 լուսանկարչի 280-ից ավելի լուսանկար: Լուսանկարների գերակշիռ մասը՝ 90 տոկոսը, առաջին անգամ է ներկայացվում հանրությանը:

«Գիրքը կարծես կինո է՝ կադրերը հերթով պետք է թերթես: Քանի որ այս տարի Առաջին հանրապետության 100-ամյակն է, ինչպես նաև Համազգայինի 90-ամյակը և Արցախյան ազատամարտի 30-ամյակը, որոշեցինք  հիշողության այս ձևով մեզ վերադարձնել պատմությունը: Պատկերագրքում լուսանկարներ են Արցախյան առաջին ընդվզումից, առաջին հանրահավաքից մինչև ապրիլյան՝ թավշյա հեղափոխության նկարները: Պատկերագիրքը գրեթե պատրաստ էր, երբ հեղափոխությունը սկսվեց, ու մենք էլ անմիջապես դադարեցրինք տպագրման աշխատանքները, քանի որ կիսատ կլիներ այն»,- ասաց Ղարաբաղցյանը:

Նրա խոսքով՝  ժողովուրդը կարդալուց հետ է վարժվել, և որքան էլ փաստերով ներկայացնեին 1988-ից այս կողմ ընկած իրադարձությունների մանրամասները, մեկ է, շատ չէին կարդալու, իսկ պատկերագիրքը հաճույքով կնայեն: «Բացի այդ` օրինակ, անվանի լուսանկարիչ Իգոր Գաբրիլովի լուսանկարը, որը ժամանակին «Օգոնյոկ»-ում է տպագրվել 1988-ին, երկար ժամանակ ադրբեջանցիներն օգտագործում էին իբրև թե Խոջալուի դեպքերի ժամանակ արված լուսանկար, սակայն հեղինակը լուսանկարն արել է Գյումրիում երկրաշարժի տարիներին: Կուզեի ասել նաև, որ ֆոտոն ուրիշ բան է, լուսանկարը՝ այլ: Այստեղ լուսանկարներ կան, ակնթարթներ: Ակնթարթներ կան, որ դար արժեն, բայց դարեր կան, որ ակնթարթ չարժեն: Պատկերագրքի միջոցով ասես կենդանի զրույց ենք սկսում ինքներս մեզ հետ»,- ասաց Ղարաբաղցյանը:

Նա նշեց, որ Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ փնտրտուքների ճանապարհով այնքան լուսանկարներ ի հայտ եկան արխիվներից, որ, ի վերջո, լուսանկարի արժեքը հասկացանք, հասկացանք, թե ինչ է դրա միջոցով զրույցը փոխանցելը: Պատկերագիրքը, Ղարաբաղցյանի գնահատմամբ, մեր 30 տարվա հիշողության ամփոփումն է:

Գրքի առաջաբանի հեղինակ, ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի խոսքով՝ կասկածից դուրս է, որ այն չավարտված 30 տարին, որի մեջ ենք այսօր, հազարամյակների մնայուն էջերից է: Ըստ նրա՝ այս փոքր ժամանակահատվածի մեջ իրադարձություններ են կատարվել, որոնք մեկ դարի ընթացքում գուցե ժողովուրդների պատմության մեջ կարող են տեղի չունենալ:

«Երբ հետ ենք նայում պատմությանը, այն կարելի է նմանեցնել մի մշուշոտ անդունդի: Պատմությունն անէություն է այնքան ժամանակ, քանի դեռ չի բնակեցվում իրական դեմքերով, կենդանի մարդկանցով: Եթե մեզ ծանոթ կերպարները հանենք, մեզ համար էլ մեզ ծանոթ ժամանակահատվածը կդառնա անէություն: Մեր սերունդն էլ ունի իր ուսերին այդ պարտականությունը՝ այս ժամանակն արձանագրելու, ապրեցնելու, բնակեցնելու՝ իր ժամանակին բնորոշ կերպարներով»,- ասաց Շահբազյանը:

Նա նշեց, որ երբ թերթում էր պատկերագիրքը, մտածում էր, որ եթե ցանկանար երիտասարդ սերնդին բացատրել այդ օրերը, երևի ժամերով կպատմեր այդ մասին և չէր կարողանա դեպքերի էությունն այնպես տեղ հասցնել, ինչպես այս լուսանկարներից ցանկացած մեկը, չէր կարողանա պատկերավոր նկարագրել պատերազմը, երկրաշարժը: Ըստ Շահբազյանի՝  աշխարհում նման դեպքեր շատ են եղել, բայց յուրաքանչյուր իրադարձություն իր դեմքն ունի, իր ողբերգական հույզը: «Մեր երկրում ժողովուրդն ապրել է հազարամյակներ, այս միջավայրի հետ առնչվել, բայց երբ Մարտիրոս Սարյանը նկարեց Հայաստանը, մարդիկ ասացին՝ սա է եղել Հայաստանը, և սկսեցին Հայաստանը տեսնել Սարյանի աչքերով: Մշակույթն ունի այդ ուժն ու հմտությունը` ոչ միայն բացելու ճշմարտությունը, այլ նաև ցույց տալու, թե ինչպիսին է ճշմարտությունը: Այս պատկերագիրքն էլ մի հնարավորություն է` ճամփորդելու այդ 30 տարիների մեջ, վերհիշելու՝ ինչպիսին է այն եղել, մանավանդ՝ գեղարվեստական բարձր վարպետության արդյունք է այս լուսանկարների հավաքածուն, քանի որ այսօր լուսանկարի մշակույթը դարձել է փեշակ բոլորի համար»,- ասաց Շահբազյանը:

Ըստ նրա՝ այն, որ 28 լուսանկարիչ է ներկա այս ալբոմում՝ հայ, սփյուռքահայ և օտարազգի, այս իմաստով էլ պատկերագիրքը նաև փաստաթուղթ է, որը հնարավոր չէ կեղծել: Շահբազյանի խոսքով՝ պատկերագրքում պատահական լուսանկար չկա, յուրաքանչյուր լուսանկար իր մեջ ներքին հույզ ու տագնապ ունի: «Պատկերագիրքը մեր տուրքն էր Ղարաբաղյան շարժման 30-ամյակին»,- նշեց նա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն էլ նշեց, որ պատկերագիրքը կարևոր մի առանձնահատկություն ունի՝ վերջին 30 տարվա պատմությունը ներկայացնում են ոչ թե պատմաբանները, քաղաքական գործիչները, այլ պատկերագրքի հերոսը` Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացին: «Պատկերագրքում պատմական իրադարձությունների նկատմամբ հայացքը շարքային մարդուն է ուղղված, ում էլ, վերջին հաշվով, պատկանում է պատմությունը: Լուսանկարներում գործող անձը ոչ թե քաղաքական, ռազմական գործիչներն ու, իրոք, հերոսներն են, այլ շարքային քաղաքացին, ով պակաս հերոս չէ: Այս 30 տարվա ընթացքում Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացին պակաս հերոսություն չի արել, որի արտացոլումը հենց այս պատկերագիրքն է»,- ասաց Սեյրանյանը:

Ի դեպ, պատկերագրքում ամփոփված են Գերման Ավագյանի, Ալեքսանդր Գրաշչենկովի, Արեգ Բալայանի, Ալեքսանդր Գուշչինի, Արևիկ Ծատրյանի, Արա Օշականի, Գեորգի Պինխասովի, Հակոբ Պողոսյանի, Հայկ Ադամյանի, Հակոբ Բերբերյանի, Իգոր Գավրիլովի, Մարտին Ուինսլոուի, Հայկ Բադալյանի, Ժուլի Ֆրանշեի, Մարտին Շահբազյանի, Հայկ Բաղդասարյանի, Հրայր Բազեի, Լևոն Աթայանցի, Մխիթար Խաչատրյանի, Վալերի Պետրոսյանի, Մելիք Բաղդասարյանի, Օլեգ Կլիմովի, Սոնա Ադամյանի, Միխայիլ Եվստաֆյեվի, Վլադիմիր Դուբրովսկու, Յուրի Պավլովի, Մաքս Սիվասլյանի, Յուրի Մեչիտովիև Վահրամ Բաղդասարյանի լուսանկարներից:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica