close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+5°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունն ընդունեց հարկային օրենսգրքում մի շարք հստակեցումների ու համաներման մասին նախագիծը

Տնտեսական

11 Հունիսի 2018, 18:12
 Կառավարությունն ընդունեց հարկային օրենսգրքում մի շարք  հստակեցումների ու համաներման մասին նախագիծը

Այսօր կառավարության արտահերթ նիստում, ուր ներկայացված էր ընդամենը 4  հարց, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին հարցը:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս որոշման նախագիծը հայեցակարգային փոփոխությունների մասին չէ, հայեցակարգային փոփոխությունները դեռ քննակումների մեջ են: Այս որոշումը հստակեցումների ու համաներման գործառույթների մասին է:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից՝ գոր­ծա­րար միջավայրի բարելավման, իսկ մյուս կողմից՝ հարկային վարչարարության արդյունա­վե­տու­թյան բարձրացման քաղաքականության իրականացմամբ: Մասնավորապես`

1. Հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվա­կանի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները:

2. Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրա­կանացնել ևս մեկ համաներում՝ կապ­ված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձ­նա­տուն, արտադրական, հասարակա­կան կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքնե­րից առաջացող ԱԱՀ-ի նկատ­մամբ հաշ­վարկ­ված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը: Անհրա­ժեշ­տու­թյունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակ­ված հարկային պար­տա­վորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտո­նություն­ների կիրառումից հետո լիա­զոր մարմինների կողմից տրամադրվել են տեղե­կու­թյուններ ֆիզիկական անձանց կողմից իրա­կա­նաց­ված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամա­դր­վեին արտոնությունների տրամա­դր­ման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հար­կա­յին պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից:

3. Առաջարկվում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գոր­ծու­­նեու­թյունը արտո­նա­գրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղա­փո­խելու հետ կապ­ված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրա­կա­նաց­նող տնտե­սա­վարող սուբ­յեկտ­ները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:

4. Միաժամանակ, առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլոր­տում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպ­քե­րում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:

5. Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձ­րա­ցել է Հայաս­­տանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահ­մանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն նվա­զեց­նել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախ­վածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաև ավտո­մե­քենայի արտադ­րու­թյան տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնա­պահ­պանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:

6. Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագ­րերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտա­հան­ման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպ­քում՝ 2 տոկոս, ինչպես նաև արտերկրում շինարարական աշխատանքներ կատա­րող ֆիզի­կա­կան անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտո­­նությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշ­ների հետ: Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճա­րող­ները կարողանան դեռևս մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոն­յալ համա­կար­գին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչև 2022 թվա­կանի հունվարի 1-ը:

7. Առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռ­­նա­տար տրանս­պորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանա­­պար­­­հային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանս­պոր­տային միջոց­ները Հայաստանի Հան­րապետություն մուտքի ամբողջ ժամանակա­հատ­վա­ծում գտնվելու են Հայաստանի Հան­րապետության և Իրանի Իսլամական Հանրա­պե­տու­թյան սահմանից առա­վե­լագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհային հարկի վճա­րու­մից խուսափելու համար իրա­նա­կան բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապե­տու­թյան տարածք, ինչի արդ­յուն­քում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռ­նա­թա­փում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:

8. Առաջարկվում է անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույ­քա­հարկի ներդրումը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ մինչև այդ շարու­նա­կե­լով կիրա­­ռել գույքահարկի և հողի հարկի համակարգերը: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ նոր համակարգերի ներդրումը ենթադրում է մեծ ծավալի նախապատրաս­տա­կան աշխատանք­ների կատարում Կադաստրի պետական կոմիտեի և տեղական ինքնա­կա­ռա­վարման մար­մին­ների կողմից: Բացի այդ, նախատեսում ենք հանդես գալ գույքային հար­կերի համակարգը վերանայելու սկզբունքային առաջարկություններով, հետևաբար նպատա­կա­հարմար է 2020 թվա­կանի հունվարի 1-ից նոր գույքային հարկերի համակարգի կիրառու­թյունն սկսել արդեն իսկ վերանայված սկզբունքներով:

9. Առաջարկվում է տրանսֆերային գնագոյգայացման համակարգի կիրառությունը հետա­­ձգել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը, քանի որ նախ անհրաժեշտ է մշակել և ընդու­նել այս համա­կարգի կիրառությունն ապահովող՝ Կառավարության մի շարք որոշում­ների նախագծեր, և երկրորդ՝ այս ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տրանս­ֆե­րա­յին գնագոյացման համակարգերի կիրառությունը բավական բարդ գործ­ընթաց է անգամ զար­գացած հարկային համակարգեր ունեցող երկրների համար, պահան­ջում է հարկային մարմնի և տնտեսավարող սուբյեկտների համապատասխան մաս­նա­գիտական ու ինստիտու­ցիո­նալ կարողություններ:

10.Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորություն­ների կատար­ման համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի կրճատել հարկերի վճար­ման գործըն­թացի վրա ծախսվող ժամանակը:

11.Առաջարկվում է սահմանել, որ այսուհետ հարկային և մաքսային հարաբերու­թյուն­ներ կարգավորող օրենսդրության մասով պաշտոնական պարզաբանումները տրա­մա­դրելու է ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինչը կերաշխավորի, որպեսզի նախարա­րու­թյան կողմից իրա­կա­նացվող հարկային և մաքսային քաղա­քա­կանության հիմքում դրված ուղղու­թյունները պահ­պան­ված լինեն նաև դրա գործնական կիրառության հարթությունում:

12.Առաջարկվում է սահմանել, որ եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հարկ վճա­­րողները համարվում են փոխկապակցված, և հետևաբար, շրջանառության հարկի համա­­կար­գից տեղափոխվում են ԱԱՀ-ի հարկման համակարգ, ապա հարկման համա­կարգի այդ տեղա­փոխությունը կատարվի ոչ թե հարկային մարմնի որոշումն ուժի մեջ մտնեու օրվանից, այլ այդ որոշումը կայացնելու տարվա սկզբից: Հակառակ պարագայում խուսա­փելու համար ԱԱՀ-ի դաշ­տում գործելուց, փոխկապակցված ճանաչված հարկ վճա­րող­ները պարզապես լուծարվում են, և դրանց փոխարեն ստեղծվում են նորերը և այդպես շարու­նակ:

     Միաժամանակ, առաջարկվում է լուծել այս հարաբերություններում առկա իրավական խնդիրը և սահմանել, որ եթե դատարանի վճռով չեղյալ է ճանաչվում հարկային մարմնի ղեկա­վարի որոշումը, ապա հարկ վճարողը շրջանառության հարկ վճարողի կարգավիճակը վերա­կանգ­նում է այն պահից, որ պահից որ կորցրել էր, և ոչ թե հաջորդ տարվա հունվարի 1-ից:

13.Առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների առավելագույն գինը հաստատում է հար­­կա­յին մարմնի ղեկավարը:

14.Ապրանքների դրոշմավորման համակարգի հետ կապված՝ առաջարկվում է՝

  • աղը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այստեղ ստվե­րային շրջանառությունների ընդգծված ռիսկ չկա և բացի այդ, աղի դրոշմավորումը առա­ջաց­նում է տեխնոլոգիական բնույթի խնդիրներ,
  • մինչև 50 գրամանոց կարագը, սուրճը, թեյը, շոկոլադը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այս փոքր ապրանքները հիմնականում վաճառվում են տուփե­րով, հետևաբար դրանց առանձին-առանձին դրոշմավորումը գործնականում բարդու­թյուն­ներ է առաջացնում տնտեսավարող սուբյեկտների համար,
  • թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի, ձկնեղենի համար մինչև 10 տոկոս շեղումը չդիտարկել դրոշմավորման կանոնների խախտում, քանի որ այս ապրանք­ներն իրաց­ման փուլում օբյեկտիվորեն կորցնում են քաշի որոշակի մաս:

15.Առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման առավելագույն քանա­կու­թյուն­ները վերանայել՝ 5 միլիոն հատը ծխախոտի համար դարձնել 20 միլիոն հատ, 300 հազ. հատը ալկոհոլի համար դարձնել 1,2 միլիոն հատ, քանի որ ներկայումս առկա սահ­մա­նա­չափերը հնա­րավորություն չեն ընձեռում, որպեսզի ապահովվի այս ապրանքների ներ­մուծ­ման ու իրաց­ման շղթայի անընդհատությունը:

16.Առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազ. դրամի չափով տուգանք՝ ներկայումս սահմանված՝ չգրանցված աշխատողների քանա­կից կախ­ված տարբերակված տուգանքների փոխարեն, քանի որ ներկայումս սահմանված տուգանքները մի կողմից ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երևույթի դեմ:

17.Առաջարկվում է ներդնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանու­ցում­ների ուղարկման համակարգ, և միաժամանակ՝ վերանայել հարկային մարմնի կողմից արգե­լանքի կիրառության համակարգը՝ այն դարձնելով ինքնաշխատ:

18.Միաժամանակ, առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել խմբագրա­կան փոփո­խություններ և հստակեցումներ՝ հաշվի առնելով այն, որ օրենսգրքում առկա են որոշ կար­գա­վորումներ, որոնք պարունակում են երկիմաստությունների, տարընկալումների և տարբեր կերպ մեկնաբանությունների ռիսկեր:

Որոշումն ընդունվեց:

 

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica