close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չարաշահումներ, յուրացումներ, լճացում՝ ներկերով ծածկված. բողոքի ակցիա՝ Նկարիչների միությունում

Մշակույթ

8 Հունիսի 2018, 15:21
  Չարաշահումներ, յուրացումներ, լճացում՝ ներկերով ծածկված. բողոքի ակցիա՝ Նկարիչների միությունում

Յուրացումներ, միության կանոնադրության խախտում, միանձնյա որոշումներ, չարաշահումներ, նկարիչների իրավունքի ոտնահարում... Նկարիչների միությունում այսօր բողոքի ակցիա էր: Նկարիչները հավաքվել էին միության դահլիճում, որն, օրինակ, ժամանակին, նրանց խոսքով, 300 հոգանոց, բարձր առաստաղով դահլիճ է եղել, իսկ հիմա առուծախի հետևանքով փոքր սրահի է վերածվել:

Միության նախագահ Կարեն Աղամյանն արդեն 20 տարի է, ինչ միության ղեկավարն է. արդեն 3-րդ անգամ է ընտրել: Նա այս օրերին Հայաստանում չէ՝ Կիևում է, որտեղ իր անհատական ցուցահանդեսն է բացվել: Ի դեպ, ժամանակին Նկարիչների միության ղեկավարներն են եղել Արա Սարգսյանը, Մարտիրոս Սարյանը, Գաբրիել Գյուջյանը, Արա Շիրազը:

Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ, գեղանկարիչ Ղազար Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն, ինչ կատարվում է Հայաստանի մնացած բնագավառներում, ճիշտ նույնն էլ կատարվում է Նկարիչների միությունում՝ «թայֆաբազարություն», «իմն ու քոնը», «դուք ո՞վ եք», «ես լավ նկարիչ եմ, դու բանի պետք չես», «ոնց կուզեմ՝ էդպես էլ կանեմ»… Գեղանկարչի խոսքով՝ միությունում փողեր են մսխում, հազար տեսակի խաղեր խաղում, պարզապես ավելի «կերպարվեստայնորեն է արտահայտված այդ ամենը՝ տեղ-տեղ ներկերով ծածկում, սիրունացնում են»:

«Խնդիրների մասին նախկինում էլ բարձրաձայնել ենք: Օրինակ` երբ ես 2011-ին բարձրաձայնեցի, ինձ հեռացրեցին միության շարքերից՝ առանց իմ կարծիքը հաշվի առնելու ու ասելով, որ հեղինակազրկում եմ միության անունը: Իհարկե, հետո ես դիմեցի դատարան, և վերականգնեցին: Նկարիչների միությունը լճացած վիճակ է, և մեր պահանջն է, որ ամեն ինչ փոխվի, և կառավարման այլ համակարգ լինի, քանի որ երբ միանձնյա ինչ-որ կառույց են կառավարում, սկսում է լճանալ, ջուրը ճահճանում է՝ տհաճ հոտ արձակելով: Պետք է ստեղծվի վարչություն, որը բաղկացած կլինի 50 անձից, ծրագիր կազմեն, ու ըստ այդ ծրագրի` առաջնորդվենք»,- ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ միության կանոնադրության մեջ փոփոխություններ են լինում, բայց ոչ ոք տեղյակ չէ՝ ինչ է կատարվում:

Հարցին` փաստորեն, միությունում չարաշահումնե՞ր էլ կան, Միրզոյանը պատասխանեց` այո: «Լիքը, ինչքան ուզեք: Այս սենյակի բարձրությունը երկու անգամ ավելի էր, վերևը վաճառել են: Շատ բան կա, որ ոչնչացվել ու փոշիացվել է: Գեղարվեստի կոմբինատը չկա, Բյուրականի հանգստյան գոտու տարածքը չկա, ու շատ բաներ: Սակայն այս պահին կարևորը հոգևոր խնդիրն է՝ նկարչի «ես»-ը ոտնահարված է. կամայականորեն կարող են մի տաղանդավոր նկարչի գործերը չընդունել, բայց մի ինքնուսի գործերը կախեն ցուցադրության: Իսկ նման վերաբերմունքի հիմնական պատճառ կարող է լինել՝ «դու իմ դեմ խոսել ես, ասել ես, որ ես լավ ղեկավար չեմ»-ը»,- ասաց նկարիչը:

Նրա կարծիքով՝ միության նախագահից սկսած, վարչությունով վերջացրած, ամբողջը պետք է փոխվի: Միրզոյանը կողմ է, որ երիտասարդները գան ղեկավար կազմ ու ներքին լուրջ էներգետիկայով աշխատեն, քանի որ այսօր պահանջները, մարտահրավերներն այլ են, և սովետի մտածելակերպով մարդիկ չեն կարող հասնել այդ ամենի հետևից: «Միության ֆունկցան պետք է լինի բարձր որակի ցուցահանդեսներ կազմակերպելը: Բացի այդ՝ ժամանակին եղել է նաև շրջիկ արվեստանոց՝ նկարիչները գնացել են շրջաններ, էտյուդներ են արել: Խոսում ենք, խոսում, ասում են՝ փող չկա, բայց փող կա՝ մի նկարչի գործ տանել Չինաստան, ցույց տալ»,- ասաց Միրզոյանը:

Հարցին, թե բարձրացված խնդիրների շուրջ տնօրենի հետ նստել, զրուցե՞լ են, Միրզոյանը պատասխանեց, որ իրենց չի հաջողվել անգամ զրուցել տնօրենի հետ: «Բայց տնօրենն ուզո՞ւմ է մեզ հետ զրուցել: Երբ ձեր տարիքին էի, ախ էինք քաշում, որ մտնենք միություն, մեզ համար սրբազան տեղ էր այն, քանի որ տեսնում էինք իրար հետ վիճող նկարիչների, քննադատների, իսկ այսօր ոչինչ չկա»,- ասաց նա:

Հարցին` այդ խնդիրներով երբևէ դիմե՞լ են մշակույթի նախարարություն, գեղանկարիչը պատասխանեց, որ նախկինում մշակույթի նախարարության միայն «անունն է եղել, ամանում չի եղել»: Միրզոյանի խոսքով՝ միությունը ՀԿ-ի կարգավիճակ ունի, և նախարարությունն իրավունք չունի խառնվելու իրենց ներքին գործերին, սակայն երբ պետք է եղել, խառնվել են, իրենց ուզածն արել:

Ի դեպ, գեղանկարիչն ասում է, որ միության անդամների 80 տոկոսը բողոքում է ստեղծված իրավիճակից, սակայն այսօր բոլորը չէ, որ բարձրաձայնում են, քանի որ վախենում են: «Մարդիկ վախենում են, քանի որ արդեն կան նախադեպեր, որ մարդկանց հեռացնում են միությունից, օրինակ` ինձ»,- նշեց նա:

Անվանի գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի խոսքով էլ` Նկարիչների միության նախագահը պետք է լիներ կերպարվեստի զարգացման, նկարչի աջակցության համար, սակայն հիմա այլ պատկեր է միությունում: Նրա հավաստմամբ՝ ընկել է միության ցուցահանդեսային որակը, բացի այդ՝ միությունը կորցրել է իր ունեցվածքի մեծ մասը: «Մեր միությունն ամենահզոր միությունն էր, իսկ հիմա իր ամբողջ ունեցվածքը կորցրել է, և դա որևէ նպաստ չի բերել միությանը: Այն, ինչ վաճառվել է, չգիտեմ՝ ուր են գնացել այդ գումարները: Միությունը շատ խղճուկ վիճակում է հիմա: Հուսանք՝ այս ամենը որոշակի ճանապարհ կբացի միության հետագա զարգացման համար, քանի որ միության կառավարիչները ոչ միայն ոչնչացրել են միություն հասկացությունը, այլևս վարկաբեկել արվեստագետ, արվեստի մարդ լինելու որակն ու հարգանքն առ մշակույթի ոլորտի մարդ: Ժամանակին մեր ժողովուրդն այնքան կուսակցություններին չի հավատացել, որքան մշակույթի գորիչծներին»,- ասաց Շահումյանը:

Ըստ նրա՝ ժամանակին նաև հրաշալի կերպարվեստ ունեինք, որը ճանաչելի էր ամբողջ աշխարհում:

Հարցին` ստացվում է, որ միությունում չարաշահումնե՞ր էլ կան՝ նկարիչը պատասխանեց, որ այնքան ակնհայտ բաներ կան, բայց դրանց մասին չի ուզում բարձրաձայնել միայն մեկ պատճառով: «Ժողովրդի հույսը, որը կապվում է արվեստ, մշակույթի մարդ հասկացության հետ, դա էլ ենք ոչնչացնում: Չարաշահումների հետ կապված՝ դա թող մնա մեր ներքին պայքարը: Ես կարծում եմ՝ որոշ բաներ կարող ենք վերադարձնել: Միությունն ուներ կոմբինատներ, որոնք այսօր չկան: Բացի այդ՝ միության շենքի կեսն օտարի է պատկանում, սրճարան կար, որը մտավորականության հավաքատեղին էր, հիմա չգիտեմ՝ ում է պատկանում: Ավելին՝ շենքի կողքի մասում ինչ-որ «մոդայիկ» աղջիկներ են բարձրանում, չգիտեմ էլ՝ այդտեղ ինչ հիմնարկ է գործում: Չգիտենք, թե մեր այս դահլիճը, որտեղ ժամանակին 300 հոգի նստում էր, բարձր առաստաղ ուներ, ու որտեղ Փարաջանովի ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց, ինչո՞ւ է հիմա այս օրի»,- նշեց Շահումյանը:

Yerkir.am-ի հարցին, թե միայն տնօրենի փոփոխմամբ կհասնե՞ն ցանկալի արդյունքի, նա պատասխանեց, որ խնդիրը, մեծ առումով, կանոնադրության փոփոխման մեջ է: «Կանոնադրությունն արհամարհել են, 8 անգամ փոխել: Մենք օրենք ունեինք, որ միայն համագումարի որոշմամբ կարող է օտարվել միության ունեցվածքը, միայն համագումարը կարող է փոխել կանոնադրությունը: Բայց մարդիկ կային, որ կանոնադրություն փոխեցին՝ իրենց կյանքը, պաշտոնը երկարացնելու համար, քանի որ նախկինում սահմանափակում կար՝ երկու տարուց ավելի չէիր կարող պաշտոնավարել միության ղեկավարի պաշտոնում»,- ասաց Շահումյանը:

Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ խորքայի՞ն փոփոխություններ են անհրաժեշտ, նա պատասխանեց. « Այո: Ցավոք, սովետից հետո անտերության միջավայր ստեղծվեց, սովետից հետո ով ինչ կարողացավ, տարավ, դա է իրականությունը»:

Քանի որ միության նախագահը Հայաստանում չէ, զրուցեցինք նաև միության փոխտնօրենի՝ Կարապետ Փաշյանի հետ:

Հարցին, թե չե՞ք կարծում, որ փոփոխությունների կարիք կա միությունում, նա պատասխանեց.«Այսի՞նքն: Եթե նկատի ունեք նախագահին, ապա նրան ընտրել է համագումարը՝ շուրջ 80 տոկոս ձայն են տվել նրան»:

Փաշյանը նշեց, որ չգիտի՝ ովքեր են բողոքողները: Հարցին, թե, ի վերջո, միության ղեկավարներից մեկն է, չի՞ ուզում բարձրանալ դահլիճ ու տեսնել՝ ովքե՞ր են բողոքում, ինչո՞ւ են բողոքում, նա պատասխանեց. «Ոչ, ինչո՞ւ պետք է բարձրանամ»:

Հարցին, թե հետաքրքի՞ր չէ՝ ինչ է կատարվում, ինչո՞ւ են բողոքում, փոխտնօրենը պատասխանեց, որ իրեն հետաքրքիր չէ: «Ես չգիտեմ՝ ինչ են ուզում, ինչի դեմ են բողոքում: Եթե ուզում են, որ նախագահը փոխվի, դրա համար համագումար գոյություն ունի»,- նշեց նա:

Հարցին` միության նախագահին տեղյակ կպահի՞, որ բողոքի ակցիա է միությունում, փոխտնօրենը բարկացած պատասխանեց. «Բողոքի ակցիա, չէ մի չէ… 20 հոգու համար զանգեմ ու տեղեկացնե՞մ: Նրանց կեսը միության անդամ էլ չէ»:

Մեր հարցին, թե նորմա՞լ է, որ 20 տարի է՝ Կարեն Աղամյանը միության նախագահն է, և սերնդափոխություն տեղի չի ունեցել, Փաշյանը պատասխանեց, որ ունենում է: «Ի՞նչ լճացում, ի՞նչ բաներ եք խոսում, զարմանում եմ: Կարգն այսպես է՝ Նկարիչների միության համագումար է լինում, մասնակցում է 800-1000 հոգի: Այդքան մարդ նրան ձայն է տվել, հիմա ի՞նչ անի, ասի` չէ, ու գնա՞: Բացի այդ՝ 20 տարին անցել է, պետք է առաջ նայենք, մեր հերթական համագումարն այս տարվա վերջին է, համբերեք, կգաք, կտեսնեք` ինչ է կատարվում: Հնարավոր է փոխվի Աղամյանը, ի՞նչ իմանամ»:

Ի դեպ, խնդիրների և իրենց բողոքի կապակցությամբ նկարիչները նամակով դիմել են նաև մշակույթի նախարարություն: 

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica