close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է. երգչուհու տուն-թանգարանի բացումը ձգձգվում է

Մշակույթ

1 Հունիսի 2018, 11:42
 Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է. երգչուհու տուն-թանգարանի բացումը ձգձգվում է

Հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է: Արդեն քանի տարի է՝ բարձրացվում է Զաքարյանի տունը թանգարանի վերածելու խնդիրը: Նրա բնակարանը ժառանգված մասնավոր սեփականություն է. Զաքարյանի մահից հետո տունը /Կողբացի 42/ անցել էր ամուսնուն՝ Խորեն Պալյանին, իսկ Պալյանի մահից հետո` նրա զարմիկներին, ովքեր էլ մեկ հայտարարի չէին գալիս տունը թանգարանի վերածելու հարցում:

Մշակույթի նախկին նախարարները՝ Հասմիկ Պողոսյանը, Արմեն Ամիրյանը, փորձում էին Պալյանի և Զաքարյանի ժառանգներին ընդհանուր հայտարարի բերել, և, կարծես, վերջապես հաջողվել էր: Տարեսկզբին Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ Զաքարյանի տունը կվերածվի թանգարանի, իսկ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ Զաքարյանի տունը կվերածվի թանգարանի և այն կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: «Պալյանի եղբորորդին՝ Րաֆֆի Պալյանը, հանձն է առել վերանորոգել բնակարանը` բնականաբար, մեզ հետ համագործակցությամբ: Ցուցադրության գիտական հայեցակարգը կմշակվի Գրականության և արվեստի թանգարանի կողմից, որոշ իրեր կտրամադրի նաև Զաքարյանների ընտանիքը»,- ասել էր նա:

Նշենք, որ թե' Արմեն Ամիրյանը, թե' Արև Սամուելյանը հույս էին հայտնել, որ թանգարանի բացումը կլինի հենց հունիսի 1-ին՝ երգչուհու ծննդյան օրը: Սակայն թանգարանի բացումը մի քանի ամսով հետաձգվում է:

Yerkir.am-ի հետ զրույցում Արև Սամուելյանը նշեց, որ թանգարանի բացման խնդիրը վերջին տարիներին բարձրացրել է թե' քաղաքացիական հասարակությունը, թե' անհատներ ու արվեստագետներ, ինչպես նաև Զաքարյանի և Պալյանի ժառանգներն ու ընտանիքը, մշակույթի նախարարությունը նույնպես անմասն չի մնացել:

«Ժառանգներն իրենց կամքը ցուցաբերեցին, ինչի շնորհիվ էլ բնակարանը թանգարան կդառնա: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Րաֆֆի Պալյանին, ով ամբողջությամբ իր վրա վերցրեց վերանորոգման աշխատանքները: Բացի այդ՝  մի կազմակերպություն էլ սիրահոժար իր վրա է վերցրել թանգարանի ձևավորման աշխատանքները: Թանգարանն արդեն իսկ վերանորոգվել է, իրերը հավաքագրել ենք: Խնդրել ենք Կոմիտաս թանգարան-ինստիտուտին` թվայնացնել լուսանկարներն ու փաստաթղթերը: Պարզվում է՝ 1000-ից ավելի լուսանկարներ կան, և հիմա փորձում ենք բացատրագրերի աշխատանքներն ավարտել՝ ում հետ է նկարված, որտեղ»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ` գուցե հենց աշնանը, պետք է որ թանգարանը բացի իր դռները հանրության առջև:

Նշենք նաև, որ վաղը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա համերգ՝  նվիրված Լուսինե Զաքարյանին: Որպես մենակատարներ` հանդես կգան Հասմիկ Բաղդասարյանը /սոպրանո/ և Մարինա Վարդանյանը /դաշնամուր/: Ելույթով հանդես կգա «Լույս» վոկալ հնգյակը: Ծրագրում կհնչեն Կոմիտաս, ժողովրդական երգեր, օրորներ, շարականներ: Համերգի մուտքն ազատ է

Yerkir.am-ը զրուցեց նաև ճարտարապետ Արփենիկ Ղազարյանի հետ, ով Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հարևանուհին է: Նա նշեց, որ անհամբերությամբ սպասում է՝ երբ է տունն, ի վերջո, բացելու իր դռները հանրության առջև: «Կյանքի վերջին տարիներին Լուսինեն Խորենին հաճախ էր ասում. «Մահիցս հետո բնակարանը թանգարանի կվերածես»: Բնակարանն այժմ վերանորոգել են, և հույս ունեմ, որ շուտով այն թանգարանի տեսքով կներկայացվի հանրությանը: Մինչ այդ բնակարանում բազմաթիվ իրեր կային՝ Լուսինեի դաշնամուրը, գրքերը, լուսանկարներ, բացառիկ նմուշներ»,- ասաց Արփենիկ Ղազարյանը:

Նշենք, որ Լուսինե Զաքարյանի տունը թանգարանի վերածելու հարցը հանրայնորեն արդեն 6 տարի է, ինչ բարձրացվում է, և ամեն տարի հույս ենք հայտնում, որ այդ տարի տունը թանգարանի կվերածվի: Բացի այդ՝ Զաքարյանի տունը տուն-թանգարանի վերածելու հարցը բարձրացվել էր նաև 2013-ի նոյեմբերի 10-ին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հերթական նիստում: Այն առաջ էր քաշել Լուսինե Զաքարյանի ֆեյսբուքյան էջի հիմնադիր Վարդուհի Սուքիասյանը: Դրանից հետո 2014-ին Զաքյանի տունը ջրի խողովակների վթարի հետևանքով բավականին վնասվել էր, վնասվել էին նաև որոշ իրեր:

Հուսանք՝ այս տարի Զաքարյանի տունը կտեսնենք թանգարանի կարգավիճակով, վերջին անգամ ենք նման ցանկություն հայտնում, քանի որ շուտով կտեսնենք դրա իրագործումը:

Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica