close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+10°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նախկին պաշտոնյայի որդու համար անսպասելի պատժաչափ է նշանակել

Իրավունք

24 Մայիսի 2018, 19:56
 Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նախկին պաշտոնյայի որդու համար անսպասելի պատժաչափ է նշանակել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը երեկ հրապարակվել է 2016թ. դեկտեմբերին Աջափնյակում 56-ամյա ոսկերիչի սպանության գործով դատավճիռը: Դատավորը գործով ամբաստանյալ Աշոտ Բաղդասարյանին առաջադրված սպանության մեղադրանքը վերաորակել է և նրան 5 տարվա ազատազրկման դատապարտել ապօրինի զենք կրելու և անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն կատարելու համար:

Նկատենք, որ հայաստանյան դատական պրակտիկայում բացառիկ դեպքերում են դատավորները սպանության մեղադրանքը վերաորակվում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման և ամբաստանյալի նկատմամբ նման մեղմ պատիժ նշանակում: Նշենք, որ սպանություն կատարելու համար քրեական օրենսգրքով նախատեսվում է պատիժ` ազատազրկում ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, իսկ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Աշոտ Բաղդասարյանը Հյուսիսային ավտոկայանի տնօրենի տեղակալ, Աջափնյակի թաղապետարանի նախկին պաշտոնյա Արմեն Բաղդասարյանի որդին է: Նրան մեղադրանք էր առաջադրված ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ի մասի (Ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը) հատկանիշներով:

Մեղադրող դատախազ Սավթալյանն իր մեղադրական ճառում պնդել էր, որ ամբաստանյալի գործողություններում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը բացակայում է և նրա համար 10 տարվա ազատազրկում էր պահանջել: Մինչդեռ, պաշտպանական կողմի պնդմամբ՝ սպանության դիտավորություն չի եղել և կատարվածն անհրաժեշտ պաշտպանություն է:

Համաձայն մեղադրական եզրակացության` Աշոտ Բաղդասարյանը հեռախոսազրույցի ընթացքում Տիգրան Արշակյանի կողմից իր հոր հետ անհարգալից խոսելու հանգամանքը պարզաբանելու նպատակով գնացել է նրա բնակության վայրը, որից հետո վիճաբանության մեջ է մտել Տիգրան Արշակյանի հետ, որի ընթացքում բռունցքով մեկ անգամ հարվածել է Տիգրան Արշակյանի դեմքին:

Այնուհետև որդուն` Տիգրան Արշակյանին պաշտպանելու համար Սամվել Արշակյանի կողմից վիճաբանությանը միջամտելուց և Աշոտ Բաղդասարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելուց հետո Աշոտ Բաղդասարյանը ապօրինի իր մոտ պահվող ատրճանակով հարվածել է Սամվել Արշակյանի գլխին` պատճառելով թեթև աստիճանի վնասվածք, որից հետո երեք անգամ կրակել է վերջինիս կրծքավանդակին, ինչի հետևանքով առաջացած արյան սուր կորստից Սամվել Արշակյանը մահացել է:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Սամվել Արշակյանի դստեր` Անի Արշակյանի և վերջինիս 3-ամյա երեխայի աչքի առաջ: Նախաքննության և դատաքննության ընթացքում ամբաստանյալի շահերը պաշտպանել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Վերջինս Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս չեն ստացել դատավճռի օրինակը և չգիտեն ինչ հիմնավորմամբ է դատարանը մեղադրանքը վերաորակել: Ըստ նրա՝ Աշոտ Բաղդասարյանի կողմից կատարված արարքն իրականում անհրաժեշտ պաշտպանություն է, և Բաղդասարյանը պետք է մեղավոր ճանաչվեր միայն ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու համար: Փաստաբանը միաժամանակ նկատեց, որ եզակի դեպքերում է դատարանը սպանության մեղադրանք վերաորակում, ինչն, արդեն իսկ հաղթանակ է: Նա հայտնեց, որ դատավճիռը բողոքարեկելու հարցը դեռևս չի քննարկել իր պաշտպանյալի հետ:

Նշենք, որ տուժող կողմի շահերն էլ նախ ներկայացրել է փաստաբան Հովիկ Արսենյանն, ապա` երկու հանրային պաշտպաններ: Հետագայում, սակայն տուժող կողմը հրաժարվել փաստաբանների ծառայություններից` կասկածներ ունենալով նրանց և մեղադրյալի հարազատների միջև առկա ենթադրյալ համագործակցության վերաբերյալ:

Yerkir.am-ի հետ զրույցում սպանված Սամվել Արշակյանի դուստրը` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Արշակյանը հայտնեց, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ակնհայտ անարդար դատավճիռ է կայացրել: Նա մտահոգություն հայտնեց, որ ամբաստնյալի հարազատները կշարունակեն օգտագործել իրենց կապերը, որպեսզի Աշոտ Բաղդասարյանը խուսափի պատժի կրումից:

Արշակյանը հայտնեց, որ դատավճիռը ստանալուց հետո այն անպայման կբողոքարկի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Նշենք, որ Անի Արշակյանը նախաքննության ընթացքում հակասական ցուցմունքներ է տվել, որոնցից մեկում նշել է, թե իբր նախքան սպանվելն իր հոր ձեռքում ինչ-որ առարկա է եղել, սակայն հետագայում Արշակյանը խոստովանել է, որ նման ցուցմունք է տվել ճնշումների տակ` վախենալով ամբաստանյալի հարազատների կողմից իր և իր ընտանիքի հասցեին ուղղված սպառնալիքներից:

Մեզ հետ զրույցում Անի Արշակյանը հերքեց նաև այն լուրերը, թե իբր մեղադրյալի հարազատները հաշտվել են սպանվածի որդիների հետ: Նշենք, որ նախքան դեպքը` լարված են եղել նախկին պաշտոնյա Արմեն Բաղդասարյանի և սպանված Սամվել Արշակյանի որդիների` Տիգրան և Տարոն Արշակյանների հարաբերությունները: Արշակյան եղբայրները ներկայումս բացակայում են հանրապետությունից:

Հուսանք` երիտասարդ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կայացրած բացառիկ դատավճիռը չի դառնա հնարավոր վենդետայի կամ նոր հանցագործության պատճառ:

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը համաձայն քրեական օրենսգրքի` պետք է լինի արդարացի` համապատասխանի հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինի նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: 

Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica