close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բազմաթիվ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են թշնամու դեմ. խորհրդաժողով՝ նվիրված Մայիսի 28-ին

Հասարակություն

24 Մայիսի 2018, 15:29
 Բազմաթիվ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են թշնամու դեմ. խորհրդաժողով՝ նվիրված Մայիսի 28-ին

1917-ի դեկտեմբերին Արամ Մանուկյանը հայ ժողովրդի պաշտպանությանն ու ազատությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ առաջադրելու ժամանակ նշել էր. «Մենակ ենք և պետք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Այդպես էլ եղավ. հայությունը համախմբվեց՝ ապավինելով իր ուժերին, ձեռքը զենք առան նաև կանայք՝ ֆիդայիների հետ կողք կողքի կատաղի պայքար մղելով:

Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ ՀՕՄ-ը խորհրդաժողով էր կազմակերպել՝ «Հայ կանանց դերը. զարթոնքից հանրապետություն» խորագրով:

ՀՕՄ Կենտրոնական վարչության վարիչ տնօրեն Վերժինի Թուլումյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր հավաքվել են 350 ՀՕՄ-ուհիներ՝ տարբեր երկրներից, որպեսզի նախ մայիսի 28-ի հաղթապանծ օրերը հայրենիքում նշեն, ինչպես նաև մասնակցեն  գիտաժողովին:

«Կարևոր է, որ գիտաժողովի միջոցով պատմական անդրադարձ ենք կատարում հայ կնոջ դերին: Հայ կինը միշտ եղել է սյուն ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև ազգի համար: Նման գիտաժողովները շատ կարևոր են, որպեսզի իմանանք՝ որտեղից ենք գալիս, և մեր օրերում ինչպես հայ կինն իր հեռատեսությամբ կարող է ներգրավվել ու իր մասնակցությունն ունենալ տարբեր ոլորտներում՝ կրթական, մշակութային, քաղաքական»,- ասաց Թուլումյանը:

Սիրիայի Օգնության միության Կենտրոնական վարչության անդամ Աննա Տեր-Հակոբյանի խոսքով էլ՝ մեծ ուրախություն է, որ Սփյուռքն էլ իր մասնակցությունն ունի գիտաժողովին: Ըստ նրա՝ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության համար այս գիտաժողովը մեծ նշանակություն ունի: «Պետք է շեշտել, որ հայ կինն իր դերն է ունեցել յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր ճակատում՝ լինի պատերազմի դաշտում, զոհված ազատամարտիկների կողքին, գիտական աշխատանքներում: Յուրաքանչոյւր ասպարեզում, կարծում եմ, հայ կինն իրեն արդարացրել է և ինչ պարտականություն ստանձնել է՝ լիովին կատարել է: Այսօր էլ այդ դերը չի փոխվել, նույն մարտունակությամբ և խանդավառությամբ գործում են հայ կանայք, միայն թե «մարտի դաշտն» է փոխվել: Այսօր գիտությունն ավելի մեծ զենք է, որպեսզի կարողանանք հաղթահարել մարտահրավերները, և հայ կանայք էլ գիտության ասպարեզում իրենց գործն են առաջ տանում»,- ասաց Տեր-Հակոբյանը:

Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը ելույթում նշեց, որ հայ տղամարդն իսկապես «թուլություն» է ունեցել հայ կնոջ նկատմամբ, և սա երևում է նաև հայ ֆիդայու դեպքում: Նրա խոսքով՝ հայ ֆիդայու բարձը պետք է լինեին Հայաստանի լեռները, այսինքն՝ նա երդվում էր այլևս իր կողքին չունենալ կողակից և քնել լեռներում, սակայն ամենատոկուն ֆիդայիներից Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը խախտեցին այդ կանոնը: «Բայց նրանք ստացան իրենց կանանց համապատասխան վերաբերմունքը, որոնք այդ երդումը կիսեցին իրենց ամուսինների հետ՝ քարերը դարձնելով իրենց բարձերը և մինչև վերջ մնալով ամուսնու կողքին: Առաջին աշխարհամարտի տարիներին հայ կինը հրաշքներ գործեց՝ զավակներ ուղարկելով ռազմաճակատ, և ամենակարևորը` առաջին հայկական պետականության մոդելը հանդիսացող Վանի ինքնապաշտպանության ժամանակ առողջապահական խմբեր ստեղծելուց հետո այդ նույն խմբերը Արամի կողքին էին, երբ կյանքի էր կոչվում 1918-ի դեկտեմբերից մինչև մայիս ամիսը Առաջին հանրապետությունը: Այս կերպ նաև ցրվեց այն թյուր կարծիքը, որ ՀՀ-ն մեզ տրվել է պարապ հողի վրա՝ առանց քաղաքական, տնտեսական, գաղափարական նախադրյալների: Այդ նախադրյալները ենթատեքստի ձևով անկասկած կային, և արդեն, երբ կյանքի կոչվեց Առաջին հանրապետությունը, հայ կինը նորից երևաց իր ողջ բարոյական նկարագրով»,- ասաց Մելքոնյանը:

Նա նշեց նաև, որ հետաքրքրական է փաստը՝ երբ ընտրությունների օրենքն էր մշակվում, և արդեն իսկ կանանց ընտրվելու իրավունք էր վերապահվելու, հայ կանայք ամոթխած ձևով հրաժարվում էին առաջադրել իրենց թեկնածությունը: «Հայ ֆիդայու կողքին մնալ նախընտրում էին, բայց պատգամավոր դառնալ չէին ուզում: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ երբ Արամն իր կնոջը՝ Կատարինեին, խնդրում էր պատմագավոր դառնալ, նա հրաժարվեց, բայց ամուսնու մահից հետո մասնակցեց ընտրություններին ու դարձավ խորհրդարանի անդամ»,- նշեց Մելքոնյանը:

Պատմաբանի գնահատմամբ՝  3-րդ հանրապետության կյանքում, երբ ազատ ժամանակներ եկան, ընտրությունների վերաբերյալ կարծրատիպերը կոտրվեցին, հայ օրիորդները ցույց տվեցին, թե ով է հայ աղջիկը, ինչպիսի մայր է նրա մեջ հասունանում: «Ես, որ Էդիկ Մինասյանի հետ վիրավոր կամ զոհված զինծառայողների մայրերի կողքին էի լինում, ոչ մեկից չլսեցի նման հարց՝ ինչո՞ւ իմ զավակը, որովհետև հայ մոր մեջ խոսում է ազգային ոգին, ազգային նկարագիրը: Մեկ անգամ ևս համոզվում ես, որ հայ կինը ոչ միայն ընտանիքի, այլև ազգի ողնաշարն է, որի առջև մենք մեր գլուխը պետք է խոնարհենք ու հասկանանք՝ հայ ընտանիքի ամրության գաղտնիքը նրա մեջ է: ՀՕՄ-ը, այս կարևոր իրադարձության նախօրյակին նման գիտաժողով կազմակերպելով, մեկ անգամ ևս մատնանշում է իր նախանձախնդրությունը, պատրաստակամությանը՝ հայոց պետականությանը սատար կանգնել և էլ ավելի սերտ դարձնել Հայաստան-Սփյուռք կապերը, կյանքի կոչել մեր երազանքը՝ հայրենադարձությունը»,- ասաց Մելքոնյանը:  

Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի խոսքով էլ՝ հայ կանայք շատ մեծ դերակատարում են ունեցել մեր պատմության ընթացքում: Նա հիշեցրեց, որ Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանցի զորահրամանատարներից մեկը վախվորած ասել էր. «Թե ձեռքը զենք վերցրած հայ կին տեսնեք, ուրեմն՝ վերջ, հարկավոր է ամեն ինչ թողնել ու փախչել»:

«Հայ կինը հայոց պատմության դժվարին և ճակատագրական պահերին անմասն չի մնացել մեր գոյապայքարից: Բազմաթիվ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են թշնամու դեմ, արհավիրքի ժամին դարձել են զինվորներ՝ զենքով պահպանել հայի՝ իր լեռնաշխարհում ապրելու իրավունքը»,- ասաց Մինասյանը:

Նա խոսեց նաև Մորուք Կարոյի /Կարապետ Ավոյան/ կնոջ՝ Մարթայի գործունեության մասին: «1915-ի կոտորածից առաջ նրանք ինքնապաշտպանողական մարտերին են ակտիվ մասնակցել. Մարթան հագել էր տղամարդու հագուստ, ուսին գցել հրացան և Կարոյի հետ ուս ուսի մասնակցում էր զինված հրոսակների դեմ պայքարին: Մարթան հայտնի էր իբրև լավագույն ֆիդայիներից մեկը: Մորուք Կարոյի հետ նրանք Սարդարապատի ճակատամարտին մասնակցեցին, և Մարթան, լավագույնս տիրապետելով ձիավարությանը, սուրը ճոճելով, ընթանում էր առաջ: Տղամարդկանց կողքին հայ կանանց գործունեությունը յուրահատուկ դերակատարում ունեցավ ինքնապաշտպանողական մարտերում»,- պատմեց Մինասյանը:

Նշենք նաև, որ խորհրդաժողովի ավարտին ՀՕՄ-ի անդամներն այցելեցին Սոսե մայրիկի շիրիմին, ուր 20 տարի առաջ` ՀՀ 80-ամյակի առիթով, ՀՕՄ-ի ջանքերով հանդիսավոր արարողությամբ հայրենի հողին հանձնվեց մեր անմահ հերոսուհի Սոսե մայրիկի աճյունը, որը բերվել էր Եգիպտոսից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica