close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+12°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ ինձ չեք զեկուցել, որ կան խնդիրներ. վարչապետը` ՍԱՊԾ պետին

Քաղաքական

24 Մայիսի 2018, 11:47
 Ինչո՞ւ ինձ չեք զեկուցել, որ կան խնդիրներ. վարչապետը` ՍԱՊԾ պետին

Այսօր կառավարության հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն հնչեցրեց: «Գիտեմ, որ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին և մայիսի 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոդնադզոր» կազմակերպությունից, և ինձ համար անակնկալ էր, որ դրանից տեղյակ չեմ: Պարո'ն Կարապետյան, ես ուզում եմ իմանալ ձեր գործողություններն այս նամակները ստանալուց հետո»,- հարց ուղղեց վարչապետը:

Իշխան Կարապետյանը նշեց, որ այդ նամակները պարբերական բնույթ են կրում, և բազմաթիվ նամակներ ստացվում են տարվա կտրվածքով: Հայաստանը նույնպես նույնատիպ նամակներ է ուղարկում ՌԴ: «Տվյալ նամակների վերաբերյալ հարցերը քննարկվել են մեր ռուս գործընկերների հետ»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետը խնդրեց հստակեցնել` ո՞ւմ է զեկուցել, որ նման վիճակ կա: «Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ես զանգել եմ Ձեզ և հարցրել, թե արդյո՞ք մենք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում, և Դուք ասել եք, որ, ըստ էության, խնդիրներ չկան: Եվ մեր խոսակցությունից հետո Դուք ստացել եք երկու նամակ` իմանալով, որ ես անձամբ շատ հետաքրքրված եմ այդ հարցով: Ու՞մ եք զեկուցել»,- հարցրեց նա:

Իշխան Կարապետյանը պատասխանեց, որ դրա մասին տեղեկացրել է գյուղնախարարին, որից հետո ուժեղացված հսկողություն է սահմանվել այն արտահանող կազմակերպության գործունեության նկատմամբ, որի հետ կապված եղել է բողոք-դիմումը: Հիմնական խնդիրները, ըստ Կարապետյանի, վերաբերել են Հայաստանից արտահանվող մթերքների մակնշմանը և այլն:

Վարչապետն ընդհատեց Կարապետյանին` ասելով, որ այդ նամակներում ուրիշ բան է գրված, գրված է, որ ֆիտոսանիտարական կանոնների պահպանման խնդիր կա: «Ո՞րն է այն մարմինը, որը հետևի, որ մեր երկրից գյուղմթերքն արտահանվի կանոնների խիստ պահպանմամբ»,- հարցրեց վարչապետը:

Իշխան Կարապետյանը պարզաբանեց, որ խնդիրը համակարգային է, որովհետև երբ տնտեսվարողները իրականացնում են արտահանում, շատ հաճախ, չունենալով լոգիստիկ անհրաժեշտ կարողություններ, համապատասխան փաթեթավորման կարողություններ, արտահանում են ապրանքը երկրորդային օգտագործված արկղերով և մակնշումը իրականացնում թերի: Իշխան Կարապետյանը նշեց, որ խնդիրը գնում է դեպի կարգավորում, և խախտումները վերաբերում են բոլոր հսկիչ անցակետերին, բոլոր պետություններին, նման խախտումներ հայտնաբերում է նաև Հայաստանը` ներմուծման դեպքում:

Վարչապետը կարգադրեց ՍԱՊԾ պետին, որ նա պարտավոր է ապահովել, որ արտահանումն իրականացվի կանոններին համապատասխան: Նա կարգադրեց զգուշացնել բողոք ստացած արտահանող ընկերությանը , որ ապագայում նման իրավիճակներ չառաջացնի: Փաշինյանը միաժամանակ նշեց, որ պետությունը պետք է օգնի գյուղացիներին, որ նրանք պահպանեն արտահանման անհրաժեշտ պայմանները, այլ ոչ թե այդ խնդիրը դիտվի որպես գյուղացիների նկատմամբ լրացուցիչ խնդիրներ ստեղծելու փաստ:

«Հարցը սկզբունքային է, նպատակ ունենք ավելացնել գյուղմթերքի արտահանումը, ուստի համապատասխան մարմինները բոլոր ջանքերը պետք է գործադրեն, որ անհրաժեշտ պայմանների պահպանմամբ իրականացվի արտահանումը»,- ասաց վարչապետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica