close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր էպոսի կոդը խոսեց, ու ոտքի ելավ ազգը, սրանից ավելի գեղեցիկ բան չկա. Նարինե Դելլալյան

Հարցազրույց

17 Մայիսի 2018, 16:01
 Մեր էպոսի կոդը խոսեց, ու ոտքի ելավ ազգը, սրանից ավելի գեղեցիկ բան չկա. Նարինե Դելլալյան

Հեղափոխության օրերին դրսում ապրող մեր հայրենակիցներից շատերն էին վերադառնում Հայաստան՝ ոչ միայն իրենց աչքերով տեսնելու ամենը, այլ նաև մասնակցելու գործընթացին: Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, ջութակահար Նարինե Դելլալյանը նույնպես այս օրերին Հայաստանում է` մայիսի 9-ին` Շուշիում, մայիսի 14-ին Երևանում Համահայկական նվագախմբի համերգներին մասնակցելու, սակայն դեպի Հայաստան տոմսը մի փոքր ավելի շուտ էր գնել՝ բոլորին հայտնի «հարգելի պատճառներով»: Yerkir.am-ի զրուցակիցը Նարինե Դելլալյանն է:

-Ո՞րն էր շարժումը սկսելու պատճառը՝ մարդկանց համբերության բաժա՞կն էր լցվել, ժամանա՞կն էր հասունացել, թե՞ ճիշտ լիդեր հայտնվեց: Մինչ այդ էլի բողոքի ակցիաներ եղել են, բայց սա, կարծես, իր բնույթով, տեսակով, արդյունքով նման չէր մյուսներին:

-Տարիների ընթացքում այնքան բան տեղի ունեցավ, մեկը մյուսին կուտակվեց, և, ի վերջո, այդ կուտակումների արդյունքը եղավ մարդկային համբերության պայթյունը, որին, կարծում եմ, շատերս չէինք հավատում: Մենք` հայերս, հանդուրժող ենք, սակայն մինչև մի կետ, որից այն կողմ այլևս կանգ չենք առնում։ Ինձ համար այս շարժման ամենասկիզբն ապրիլյան պատերազմն էր՝ մեր երիտասարդների կյանքի գնով դրված սկզբնաքարը: Այս համաժողովրդական շարժումն իսկապես անհավատալի երևույթ էր՝ իր տեսակով բացառիկ: Ես շատ եմ շփվում օտարերկրացիների հետ, բոլորը զարմացած էին, թե ինչպես կարողացանք առանց բռնության հասնել նման հաջողության: Մեկն էլ ասաց, որ` հինավուրց ժողովուրդ եք, իմաստությունը խոսեց։ Իսկապես, այս հեղափոխության խաղաղ բնույթը բոլորիս համար նոր, բացառիկ որակ բերեց: Նոր էր նաև երկու կողմերի` խաղաղությամբ վերջնակետին հասնելու ձգտումը, ինչպես սպորտում է լինում ՝ հաղթողը ընկածի, պարտվողի ձեռքն է սեղմում, շնորհավորում են միմյանց։ Կարծում եմ՝ այս առումով էլ բացառիկ էջ բացվեց մեր պատմության մեջ:

-Սկզբում, այնուամենայնիվ, հեռվից էիք նայում իրադարձություններին, և հետաքրքիր է՝ երբ եկաք, ինչ տեսա՞ք, ինչ-որ գույներ խտացրե՞լ էինք, թե՞

-Անչափ դժվար էր այդ ամենին հետևել էկրանից, և ես որոշեցի օր առաջ վերադառնալ ու ներկա լինել, սեփական մաշկով զգալ ամենը: Մասնակցելով ու լինելով ժողովրդի հետ ՝ ինձ համար զգացական բոլորովին այլ որակներ բացվեցին։ Տեսնել, թե ինչպես է անծանոթը հետդ կիսում ուրախության բերկրանքը, ժպտում, գրկում. սրանք պահեր են, որ կյանքում գուցե մեկ անգամ են պատահում։ Մարդիկ իրենց հետ բերած հացն էին կիսում կողքինի հետ, հյուրասիրում անծանոթին: Այս որակները մեր հարստությունն են, մեր իրական դեմքը, մեր էությունը։ Մինչ այս շարժումը կարծես փոշոտված էինք ու հեռացած մեզանից։ Այս օրերը վերադարձրեցին մեզ դեպի մեզ: Հայը մի բան է ուզում՝ ունենալ իր խաղաղ երկիրը, կառուցել իր տունը, իր ընտանիքը, ստեղծել ու ստեղծագործել։

-Մենք միշտ բողոքել ենք, որ քաղաքացիական հասարակություն չի ձևավորվում մեզ մոտ: Որոշ առկայծումներ, այո, ունեցել ենք, բայց, որպես ամբողջություն, չի ձևավորվում: Այս շարժումը, կարծես, հակառակը ցույց տվեց: Ստացվում  է՝ չկա՞ր համապատասխան պատճառ` դրսևորվելու:

- Կարծում եմ՝ ի տարբերություն նախորդ իրադարձությունների, այս դեպքում բոլորին միավորել ու համախմբել էր նույն ցանկությունը։ Բոլորս գիտեինք, որ այսպես այլևս անհնար էր շարունակել։ Կար մի սանձարձակ խումբ, որը տարիներով արհամարհել էր ժողովրդին՝ բացառապես հաշվի չնստելով նրա հետ, և իր անբարո օրենքները թելադրել բոլոր բնագավառներում: Մեզ միավորել էր նույն ցավը, խավարի մեջ էինք հայտնվել, մեր պայքարը լույսի և խավարի պայքար դարձավ: Մեր էպոսի կոդը խոսեց, ու ոտքի ելավ ազգը, սրանից ավելի գեղեցիկ բան չկա:

-Դժվարն անցել է, թե՞ դժվարը դեռ առջևում է:

-Ամենադժվարը դեռ առջևում է: Այնքան բզկտված վիճակում է մեր երկիրը, ուղղելու, շտկելու շատ գործ կա։ Անհրաժեշտ է նոր բովանդակությամբ, նոր մոտեցումներով, մաքուր հիմքով վերսկսել, արժանապատիվ ու սրտացավ վերաբերմունք ունենալ մեր երկրի նկատմամբ։ Այդ գիտակցությամբ մեր հարևան երկրները նույնպես մեզ կվերաբերվեն համապատասխան արժանապատվությամբ, մեզ հետ հաշվի կնստեն, հավասարը հավասարի հետ հարաբերություններ կստեղծվեն: Հույսը մեզ վրա պետք է դնենք ու չկառչենք ոչ մեկից: Արժանապատիվ երկրների հետ հարգալից են վերաբերվում, հաշվի են նստում, ու մենք էլ տարիների ընթացքում կորսված հարգանքը պետք է վերականգնենք։

-Փորձը ցույց է տալիս, որ համախմբվում ենք մեր դժվար պահերին: Ի՞նչ պետք է անել հիմա, որ այս միասնականությունը գոնե ինչ-որ չափով պահպանենք:

- Իսկապես, մենք միասնական ենք դառնում հատկապես դժվար պահերին, բայց այդտեղ էլ գեղեցիկ բան կա։ Ամեն հայ, որտեղ էլ ապրի, իր սրտում կրում է Հայաստանը, և հերիք է դժվարին կեցության մեջ հայտնվի հայրենիքը,  համախմբվում ու շտապում ենք դեպի տուն։ Մեր հատկություններից է նաև ձգտումը դեպի մեծ աշխարհը, սակայն առանց հողի հայ մնալը դժվար է։ Շատ բաներ են պակասում, որ հայը չկորցնի իր ինքնությունը, պահպանի լեզուն, մտածողությունը։ Ուստի այնքան կարևոր է, որ պատմական այս պահին ստեղծվի միջավայր, որտեղից երիտասարդ տաղանդավոր մարդն ինչ-որ տարիքից հետո ստիպված չլինի իր կայացման ընթացքը դրսում փնտրել։ Այո, նրանք պետք է դուրս գան, շփվեն աշխարհի հետ, բայց վերադառնան ու ճանապարհը շարունակեն այստեղ:

-Ամեն ինչ կախված է վերևների՞ց, թե՞ ինքներս էլ՝ յուրաքանչյուրս մեր տեղում անելիք ունենք:

-Այս դեպքում ամեն մեկն իր տեղում անելիք ունի, յուրաքանչյուրը պետք է գիտակցի իրավիճակի դժվարությունը և փորձի իր անձի շուրջ, աշխատասեղանի առջև կատարել փոփոխությունը: Գիտենք, որ հեշտ չի լինելու և պատրաստ պետք է լինենք։ Լավ է, որ այդ ճանապարհը հատկապես երիտասարդներն էին տանում, որոնք մաքուր են իրենց մտածողությամբ, չունեն մեր սերնդի կարծրատիպերը և, ի վերջո, չեն ուզում իրենց կյանքը վատնել` համակերպվելով։ Ի վերջո, եթե չլիներ սերունդների էվոլյուցիոն շարժը, կնշանակեր, որ մեզանում կարևոր մի բան խախտված է։

-Այս ամենում ի՞նչ դեր պետք է ունենա մշակույթը, քանի որ շատ ու շատ բաներ կախված են մարդու՝ մշակութային կրթությունից:

-Մշակույթն այն բացառիկ հարստությունն է, որ մենք ունենք հազարամյակներով: Այդ գիտակցումով առաջնորդվելը կփրկի մեզ։ Մշակույթի շնորհիվ է, որ ազգը պահպանում է իր արժեհամակարգը, հոգեկերտվածքը։ Մենք այժմ երկու իրականություն ունենք՝ մեկն այն է, որ ստեղծվել է բացառիկ մաքուր մշակույթի ներքո, և որի շնորհիվ մեր երիտասարդ սերունդը կարողացավ անել անհավատալին։ Մյուսն էլ այն անընդունելի աղբն է, որը տարիներով մատուցվել է ժողովրդին ու աղտոտել նրա գիտակցությունը, ճաշակը։ Ցավալիորեն, այս տարիների ընթացքում իր անճաշակությունն էր թելադրում մի մեծ խումբ, որի ձեռքին էր կենտրոնացած ֆինանսական կարողությունը, և նրանց կողմից թելադրվում ու խրախուսվում էր մեր մշակույթի հետ եզրեր չունեցող, անհասկանալի որակներով արտադրություն: Այդ մասին խոսում էինք, գրում, բայց ոչինչ չէր փոխվում։ Բնականաբար, դա էլ իր սարսափելի հետևանքներն ունեցավ: Բայց ժամանակները փոխվել են, և մեր շարունակությունը պետք է լինի հիմնված հոգևոր արժեքների վրա։ Մեր յուրահատկությունն այդ արժեքների մեջ է։ Մյուս կողմից` մենք մեր արժեքների ճանաչման և ներկայացնելու խնդիր ունենք` նախ` մեզ, հետո ՝ աշխարհին։ Կուզեի նաև, որ այս ամենի մեջ մեծ կարևորություն տրվի Սփյուռքի մեր հայրենակիցներին. մեր ուղին պետք է միասին գնանք: Հաճախ ինձ հարցնում են՝ Դուք կվերադառնա՞ք տուն։ Այո, ինձ համար էական է վերադարձը։ Փաստը, որ շատերը դրսում են հայտնվել, հանգամանքների բերումով է նաև ստացվել, իրենց ցանկությանը հակառակ։ Բայց ով էլ որտեղ ապրի, կենտրոնը շարունակում է լինել Հայաստանը, և այստեղ է, որ պետք է կենտրոնանան մեր բացառիկ ուժերը։ Կարծում եմ՝ հարցը պետք է այլ կերպ դրվի` անկախ ապրելավայրից, նա, ով «տալիք» ունի, հնարավորություն պետք է ունենա ձեռք բերած փորձառությունը կիսել հայրենիքում։ Դեպի Մարդն ու հոգևոր արժեքները պետք է դառնա մեր ուղին։

Զրուցեց Կարինե Հարությունյանը

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica