close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2018
+30°
+34°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հակամենաշնորհային քաղաքականությունը լինելու է նախարարության ամենօրյա աշխատանքի հիմքում. Արծվիկ Մինասյան

Տնտեսական

15 Մայիսի 2018, 22:35
 Հակամենաշնորհային քաղաքականությունը լինելու է նախարարության ամենօրյա աշխատանքի հիմքում. Արծվիկ Մինասյան

Վարչապետ Նիկոլ Փաշիյանն այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ղեկավար աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին և կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնել նախկին նախարար Սուրեն Կարայանին։

Խոսելով երկրի տնտեսության ոլորտում առաջիկա անելիքների մասին, վարչապետը նշել է, որ առաջիկա կարևորագույն խնդիրներից մեկը, որ անհրաժեշտ է լուծել, կապված է ներդրումային միջավայրի հետ։

«Հույս ունեմ, որ մենք արդեն զուտ մթնոլորտի առումով, քաղաքական որոշակի կանոնների հանրահռչակման առումով բավականին խնդիրներ լուծել ենք և ուզում եմ կրկնել, որ Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու։ Ես վստահ չեմ, որ այս պահին դեռևս չկան մենաշնորհներ, առնվազն դեֆակտո նրանք գոյություն ունեն, և մենք հետևողականորեն պետք է աշխատենք, որպեսզի դրանք դադարեն գոյություն ունենալ։ Ուզում եմ մի նրբություն ընդգծել․ես չափազանց մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ տնտեսական դաշտը ադեկվատ է արձագանքում մեր քաղաքական հայտարարություններին»,- նշել է վարչապետը, ավելացնելով, որ մայիսի 8-ից հետո մեր տնտեսությունը ոչ միայն նեգատիվ ազդակներ չի ցուցաբերել, այլև ցուցաբերում է որոշակի պոզիտիվ ազդակներ, ինչը կապված է այն լավատեսական մթնոլորտի և սպասումների հետ, որ գոյություն ունեն։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Կարայանին, ով իր հերթին, երախտիքի խոսք է ասել նախարարության անձնակազմին բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել է Արծվիկ Մինասյանին հաջողությամբ իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը, նաև հայտնել է իր պատրաստակությունը՝ աջակցելու հետագա աշխատանքներում։

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի նշանակմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է կառավարությունում համատեղ աշխատանքի հնարավորության համար․«Մենք դեռ խորհրդարանից լավ գիտենք իրար, աշխատել ենք և, կարծում եմ, արդյունավետ համագործակցության որոշակի փորձ ունենք արդեն։ Համոզված եմ, որ ձեր գործունեությունը կլինի արդյունավետ այս կարգավիճակում, որը ձեզ համար նոր չէ»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին այն վստահության համար, որ ցուցաբերվել է ՀՅԴ-ի հետ համագործակցության արդյունքում, շնորհակալական խոսք ուղղել Սուրեն Կարայանին ՝իրականացրած աշխատանքի համար։ Անդրադառնալով վարչապետի խոսքին՝ Մինասյանը ասել է, որ նշված խնդիրները, մասնավորապես հակամենաշնորհային քաղաքականությունը, լինելու են նախարարության ամենօրյա աշխատանքի հիմքում։

«Մեզ սպասում է լավ առումով թեժ շրջան՝ ամենօրյա դրական փոփոխություններ բերելու տեսանկյունից, և մենք առաջիկայում կներկայացնենք տնտեսական ծրագիրը, որտեղ հեղափոխական մոտեցումներ կլինեն», - նշել է նախարար Մինասյանը, այդ առումով վարչապետից ակնկալելով ամբողջական աջակցություն։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանում տնտեսական, քաղաքական, անձնական հետապնդումների էջը անվերադարձ փակված է, բայց մյուս կողմից կա սահման, որը օրինականության ապահովումն է․ «Կարծում եմ, այն խնդիրը, որ մենք ձևակերպել ենք՝ Հայաստան Հանրապետության քաղաքացիների լավագույն ներուժը և, ընդհանրապես, ողջ ներուժը համախմբել Հայաստանի Հանրապետության շուրջ, Հայաստանի պետականության շուրջ, և ամեն օր պետք է գործենք այն զգացողությամբ, որ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, ծառայում ենք Հայաստանի քաղաքացիներին և ծառայում ենք հայ ժողովրդին», - նշել է վարչապետը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica