close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կատարվածն անդառնալի հարված է հայկական ֆուտբոլի համար. Ռուբեն Հայրապետյան

Սպորտ

10 Մայիսի 2018, 22:19
 Կատարվածն անդառնալի հարված է  հայկական ֆուտբոլի համար. Ռուբեն Հայրապետյան

«Վերջին օրերի ընթացքում լրատվական միջոցներում, հատկապես սոցիալական ցանցերում լուրջ քննարկումների, տարակարծությունների, դժգոհությունների, քննադատությունների և աջակցությունների ալիք է բարձրացել ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման շուրջ: Արվում են տարաբնույթ անհավանական մեկնաբանություններ և հնչում տարբեր, երբեմն՝ ծայրահեղ կոչեր: Ինչն է ամենատարօրինակն ու ցավալին՝ շատ դեպքերում նախաձեռնողը, հրահրողն ու տարածողը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տարբեր պաշտոնյաներ ու աշխատակիցներն են: Սա է պատճառը, որ ես անհրաժեշտ եմ համարում տալ լրացուցիչ պարզաբանումներ»,-ՀՖՖ նախագահ ռուբեն Հայրապետյանի խոսքերն է փոխանցում ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Իրականում՝ ուղղակի կան փաստեր և ապացույցներ, նման դեպքերի քննարկման համար  առկա միջազգային և ազգային համապատասխան իրավական դաշտ, քննող և որոշումներ կայացնող ազգային և միջազգային կարգապահական մարմիններ, վերջիններիս որոշումների բողոքարկման համար հստակ ընթացակարգ:

Որո՞նք են փաստերը.

- «Բանանց» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ-ին հասցեագրված նամակը և դրան կից  ներկայացված ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, համաձայն որոնց «Շիրակ» ակումբի սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը հանդիպել է ֆուտբոլիստին, տվել 1000 ԱՄՆ դոլար կանխավճար և խոստացել ևս 4000-ը՝ իրենց օգտին սխալվելու, այդպիսով օգնելու իրենց խաղը հաղթելու համար;

- «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նամակը ՀՖՖ-ին, որտեղ պարզաբանվում է, որ «...Արարատ Հարությունյանն առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարցը:»  և հավելվում է, որ  «....Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ արդեն հեռացվել է ակումբից:»

- Էդուարդ Կպոդոյի և Արարատ Հարությունյանի SMS հաղորդագրությունների և հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ու սղագրությունները, թե ինչպես են կողմերը քննարկում «գործարքը», «լուծում» անելիքների, վճարվածի և դեռևս վճարվելիքի, ինչպես նաև այլ հարցեր, որն աներկբա փաստում է առաջարկի իմաստը՝ խաղի ընթացքում ֆուտբոլիստի միտումնավոր սխալն ի օգուտ «Շիրակի»;

- իմ և «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի հանդիպման ժամանակ քննարկման արդյունքները:

Ինչպե՞ս պետք է նման դեպքերում վարվի ՀՖՖ-ն.

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նման դեպքերում համաձայն ՀՖՖ, ՈւԵՖԱ և ՖԻՖԱ կանոնակարգերի՝ ուղղակի պարտավոր է սկսել կարգապահական գործընթաց, ինչն էլ և արվել է:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն շատ մանրամասն և առարկայական քննարկել է բոլոր փաստերն ու ապացույցները, այդ թվում` «Շիրակ» ակումբի գրավոր և Արարատ Հարությունյանի հեռախոսային մեկնաբանությունները, ով սկզբից հրաժարվել էր մասնակցել նիստին, ապա՝ համաձայնվել հեռախոսակապի միջոցով տալ պարզաբանումներ և պատասխանել կոմիտեի անդամների հարցերին: Ակնհայտ է, որ թե «Շիրակ» ակումբը և թե նրա մարզիչը/մարզական տնօրենը հնարավորություն ունեցել են հայտնելու կարծիք և տալու մեկնաբանություններ: Ի դեպ, Արարատ Հարությունյանի գիտությամբ և համաձայնությամբ ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է և ինչպես այս, այնպես էլ գործին վերաբերվող բոլոր մյուս փաստերն ու ապացույցներն արդեն տրամադրվել են «Շիրակ» ակումբին:

Արդյունքում ՀՖՖ կարգապահական կոմիտեն կայացրել է որոշում, որը ՀՖՖ կարգապահական կանոնակարգով նախատեսված և միջազգային նախադեպի պատժամիջոցների  հետ համեմատած բավական մեղմ որոշում է:

Արդյո՞ք մեկ մասնավոր անձի արարքի համար պետք է պատժվի ակումբը: Այստեղ ևս Կարգապահական կոմիտեն ուրիշ ոչինչ անել չէր կարող, քան առաջնորդվել կանոնակարգով և կիրառել հոդվածը, համաձայն որի յուրաքանչյուր ակումբ պատասխանատու է իր անդամների, աշխատակիցների և պաշտոնատար անձանց վարքի համար:

Որո՞նք են հետագա քայլերը. հարցն ունի միայն մեկ օրինական լուծում՝ որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտեում, ապա սպորտային հարցերով Լոզանի միջազգային  արբիտրաժային դատարանում: Կարծում եմ` այդ դեպքում դժվար կլինի կասկածի տակ դնել որոշում կայացնող մարմնի անկողմնակալությունը, ինչը հիմա «Շիրակ» ակումբի պաշտոնյաների կողմից ակտիվորեն փորձ է արվում ներկայացնել ՀՖՖ կարգապահական մարմինների վերաբերյալ: Ճիշտ այնպես, ինչպես ակտիվորեն փորձ է արվում իմ ցանկությամբ և նախաձեռնությամբ «Շիրակ» ակումբին, Շիրակի մարզի ֆուտբոլային ընտանիքին ծառայեցնելու նպատակով օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի իմ՝ օրինաչափ, բնական և նորմալ պահանջը  ներկայացնել իբրև հաշվեհարդարի կամ գույք խլելու փորձ:Շատ լավ հասկանում և կիսում եմ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և հայկական ֆուտբոլային ընտանիքի բոլոր մյուս անդամների զայրույթն ու ցասումը տեղի ունեցածի կապակցությամբ: Հավատացնում եմ ձեզ, որ չկա և չի կարող լինել աշխարհում գեթ մեկ ֆեդերացիայի նախագահ, ով կցանկանա իր երկրի ֆուտբոլում ունենալ այս կարգի երևույթներ: Կատարվածն անդառնալի հարված է ոչ միայն «Շիրակ» ակումբին, այլ վարկաբեկում է ողջ հայկական ֆուտբոլը: Կատարվածի արդյունքում տուժում են «Շիրակի» և ոչ միայն, բազմաթիվ ազնիվ ու անմեղ ֆուտբոլիստներ, պաշտոնյաներ, հովանավորներ և ուղղակի՝ երկրպագուներ:

Հետևաբար, կասկած անգամ չի կարող լինել, որ մեղավորներն անպայման պետք է պատժվեն՝ անկախ նրանց հասարակությանը մոլորեցնելու ունակությունից, անկախ նրանց բղավելու ձայնի բարձրությունից, միմիայն փաստերի և ապացույցների հիման վրա և հանուն հայկական ֆուտբոլի ապագայի, որտեղ նման երևույթներն ուղղակի տեղի ունենալ չեն կարող:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica