close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2018
+18°
+22°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2018
USD1483.26
GBP1651.77
EUR1569.28
RUB17.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերժողականությունը լավ բանի չի հանգեցնի. մտավորականները՝ վերջին օրերի դեպքերի մասին

Հասարակություն

19 Ապրիլի 2018, 14:14
 Մերժողականությունը լավ բանի չի հանգեցնի. մտավորականները՝ վերջին օրերի դեպքերի մասին

Այսօր Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեցին իրենց տեսակետը վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մասին, Ռուբեն Բաբայանը նշեց, որ չի կարծում, թե որևէ անսպասելի բան տեղի ունեցավ: «Ես վաղուց այն տարիքում եմ, որ ավելի շատ հավատում եմ գործերին, քան խոսքերին ու խոստումներին: Ի վերջո, մենք առաջ կամ հետ ենք գնում գործողությունների արդյունքում: Կապրենք, կտեսնենք»,- ասաց նա:

Բաբայանը նշեց, որ ավելի կարևոր է այն, ինչ կատարվում է հիմա: Նրա խոսքով՝ այժմ երիտասարդությունն ընկած է փողոցում /ընկած՝ լավ իմաստով/, քանի որ ոչ ոք չէր հետաքրքրվում՝ ինչ է ուզում երիտասարդությունը, ինչպիսի երկիր է ուզում ունենալ: Իշխանությունը, Բաբայանի գնահատմամբ, երիտասարդության մասին կարծիք էր կազմում` նայելով ուսխորհուրդներին, որոնք ոչ մի կապ չունեն երիտասարդության հետ:

«Պետք չէ խաբվել և կենտրոնանալ այն բոլոր կոչերի վրա, որոնք վերաբերում ենք զուտ անձին: Իրականում երիտասարդությունն ուզում է համակարգային փոփոխություններ, սա է կարևոր: Թող երիտասարդների պոչիկները, դաջվածքները կամ էլ կարճ զգեստները կարծիք չթողնեն, որ նրանք անլուրջ են, ո'չ, նրանք շատ լուրջ են, համենայն դեպս՝ իրենց ապագայի նկատմամբ շատ լուրջ են տրամադրված: Այս երիտասարդներին չի կարելի հուսախաբ անել, քանի որ սրանք այն երիտասարդներն են, ովքեր իրենց ապագան տեսնում են հենց Հայաստանում, իրենց կյանքը կապում են մեր երկրի հետ»,- ասաց Բաբայանը:

Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից. Բաբայանի խոսքով՝ երբեք չի կարելի ժխտել երկխոսությունն ու կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը: Բայց, ըստ նրա, ամենակարևորն այն է, թե ինչի շուրջ պետք է լինի երկխոսությունը՝ արդյո՞ք այն պետք է տեղի ունենա որոշակի առևտրի տեսքով, թե ինչ համակարգային փոփոխություններ ենք ուզում և ինչ երկրում ենք ուզում ապրել: «Մենք պետք է ապրենք 21-րդ դարո՞ւմ, թե՞ նախորդ դարի 80-ականերին: Իրականում Սովետական միությունը շարունակում է ապրել, և մեր քաղաքական էլիտան չզգաց, որ այս սերունդը դրա հետ կապ չունի, ուրիշ սերունդ է եկել` ուրիշ պահանջներով: Եթե մենք հասկանանք, որ, անկախ կոչերից, որոնք հնչում են, խոսքը գնում է համակարգային փոփոխության մասին, պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հասնել դրան: Սա անձերի կռիվ չէ, համակարգի մերժում է և նոր համակարգ հաստատելու պահանջ»,- ասաց նա:

Բաբայանը նշեց նաև, որ թավշա հեղափոխություն կոչվածը պահանջում է մեծ նախապատրաստական աշխատանք և կողմնակիցներ, միայն հայտարարելով չի լինում: Մերժողականությունը, ըստ նրա, իրականում լավ բանի չի հանգեցնի՝ անկախ նրանից, թե ում կողմից այն կլինի: Իսկ վատ բան ասելով՝ Բաբայանը նկատի չունի միայն արյունահեղությունը, նրա գնահատմամբ՝ հիասթափությունը ոչ պակաս տխուր երևույթ է: «Պետք չէ դավադրություն փնտրել, երիտասարդներն ուզում են փոխել կյանքը: Տեսեք՝ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը լինի իշխանության գլխին, և նույն համակարգը լինի, ի՞նչ տարբերություն, նույն հաջողությամբ նրան կմերժեն: Այս ասիական խանության երևույթները մերը չեն, մենք չենք կարող երկար ժամանակ մնալ օտար ձևի մեջ, ինչքան էլ մեզ լռեցնեն, միևնույն է, մի օր ժայթքելու է այս հրաբուխը: Ինչ վերաբերում է կարծիքին, թե պետք չէ բզբզալ, որ հանգած հրաբուխը չժայթքի, ապա ասեմ, որ հանգած հրաբուխը հնարավոր չէ արթնացնել, անգամ` միլիոնավոր բզբզացողներ լինելու դեպքում: Հրաբուխն ունի իր օրենքները՝ կուտակվում-կուտակվում է ու հետո ժայթքում: Այստեղ ամենակարևորը հասկանալն է, որ հրաբուխը պայթելու է, և պետք է փորձես այնպես անել, որ վնասները քիչ լինեն»,- նշեց նա:

Ըստ Նիկոլայ Ծատուրյանի` մենք այսօր Հայաստանը հասցրել ենք շատ վատ վիճակի, և ինքը մտահոգվում է՝ վաղն ինչպե՞ս է լինելու: Այսօրվա վիճակը, ըստ Ծատուրյանի, պարզ է՝ ողորմելի է, բայց թե վաղն ի՞նչ է լինելու, սա է խնդիրը: «Ես հետևում եմ, թե ինչ է կատարվում և մի բան չեմ հասկանում՝ մենք չհոգնեցի՞նք նույն սխալը կատարելուց. անընդհատ դուրս ենք գալիս, բողոքում, հետո լռում, ու ամեն ինչ շարունակվում է նույն ձևով: Մեկ էլ, սրան զուգահեռ, զարմանում եմ՝ այս իշխանությունները չհոգնեցի՞ն նույն ձևով կառավարելուց»,- ասաց նա:

Ծատուրյանը նշեց, որ անընդհատ մեզ ասում են, թե պատերազմի մեջ ենք, ու պատճառներ են բերում, որ մեր խնդիրներն այդտեղից են գալիս, բայց Հայաստանից տարածքով փոքր Իսրայելում նույնպես պատերազմական վիճակ է, ինչպե՞ս են երկիր պահում, և տեսնում ենք, թե ինչպես է այն աստիճանաբար հզորանում:

Ծատուրյանը համաձայնեց Բաբայանի հետ՝ շեշտելով, որ, այո, համակարգը պետք է փոխվի: «Մեզ մոտ յուրաքանչյուրը մտածում է՝ ոնց անի, որ օրենքին չենթարկվի:  Մեզ մոտ սովորական է դարձել գողությունը, կաշառքը, օրենքի ոտնահարումը, տնտեսական ողորմելի վիճակը, անընդհատ հայացքներս դարձրած, թե մյուս պետությունները մեր մասին ինչ կասեն: Տո ինչ ուզում են` ասեն: Քանի դեռ այս ամենը մեզ մոտ սովորական է դարձել, ոչինչ չի փոխվի»,- ասաց նա:

Իսկ թե ինչպե՞ս պետք է համակարգը փոխել, Ծատուրյանի կարծիքով՝ նախ մարդու մտածողությունը պետք է փոխել, կրթել՝ մանկապարտեզից սկսած: «Հայրենասիրությունը դարձել է պարապ գործ, ոտքի վրա հայրենիքի կենացն են խմում, բայց չեն ուզում իրենց երեխաներին բանակ ուղարկել: Երկիրը ո՞նց պետք է պահենք, եթե բանակ չունենանք: Հայրենասիրությունը մեծ աշխատանք է, և այն քայլեր է պահանջում, ոչ թե խոսքեր»,- ասաց նա: 

Մերկելին դատի են տվել
19 Մայիսի 2018, 13:30 Մերկելին դատի են տվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica