close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավաքի կազմակերպիչները «խաղաղ» կոչերով փորձում են քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները. ոստիկանություն

Իրավունք

19 Ապրիլի 2018, 12:30
 Հավաքի կազմակերպիչները «խաղաղ»  կոչերով փորձում են  քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները. ոստիկանություն

Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, ինչպես նաև մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը:

Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը:

2018 թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել դադարեցնել հավաքը, և այդ մասին իրազեկվել է հավաքի կազմակերպիչը, ով արհամարհելով այն` շարունակում է հիշյալ որոշմանը չենթարկվելու կոչերը:

Նույն գործելաոճով ապօրինի հավաքի ղեկավարի գլխավորությամբ և նրա անմիջական ցուցումներով դրա մասնակիցներն այսօր առավոտից կազմակերպված կերպով փակել են ՀՀ կառավարության մասնաշենքի մուտքը` խոչընդոտելով աշխատակիցների անարգել մուտքն ու ելքը մասնաշենք:

Հավաքի կազմակերպիչները և մասնակիցները ոչ միայն շարունակում են չենթարկվել իրենց ապօրինի գործողությունները դադարեցնելու մասին ոստիկանության օրինական պահանջներին, այլև բռնի գործողություններ են կատարում նրանց նկատմամբ:

Նման վարքագիծն ակնհայտորեն դուրս է խաղաղ հավաքների բովանդակությունից և ևս մեկ անգամ ապացուցում է, որ կազմակերպիչների արտաքուստ «խաղաղ» կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները: Ստեղծված իրավիճակում, իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար ոստիկանության ծառայողները ստիպված են վարչական ներգործության միջոցներ կիրառել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ:

Բացի այդ հետևելով ապօրինի վարքագիծ դրսևորելու մասին հավաքի ղեկավարի կոչերին` դրա մասնակիցները վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը, որի հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica