close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե տարածաշրջանում երկարատև պատերազմներ լինեն, չի բացառվում, որ Ադրբեջանը կօգտվի իրավիճակից

Քաղաքական

16 Ապրիլի 2018, 14:01
 Եթե տարածաշրջանում երկարատև պատերազմներ լինեն, չի բացառվում, որ Ադրբեջանը կօգտվի իրավիճակից

Ռուսաստանը բավական ինքնազսպվածություն ցուցաբերեց և չընկավ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի թակարդը, ինչն ավելի բարդ և ծանր հետևանքներ կունենար. լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա նշեց նաև, որ Սիրիայի հետ կապված վերջին օրերի գլխավոր իրադարձությունը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից ռմբակոծումն էր և դրա նկատմամբ Ռուսաստանի կեցվածքը. ճիշտ է, ՌԴ-ն դատապարտեց, հայտարարություն արեց, սակայն, մյուս կողմից, ասաց, որ Սիրիայի պաշտոնական ուժերն իր զինտեխնիկայով կարողացել են խփել այդ հրթիռները: Մանոյանը նշեց, որ թեև կարող էին տեղի ունենալ ավելի լուրջ բախումներ, սակայն այդպես չեղավ:

«Ռուսաստանի այդ զսպվածությունը, հավանաբար, ինչ-որ իմաստով ամերիկացիների մտադրությունը հասկանալու արդյունք էր, այլապես անբացատրելի էր՝ ինչու նման կեցվածք ունեցավ: Մեզ համար կարևոր է այս ամենից ստանալ դասեր՝ մի քանի առումներով. այն, որ ԱՄՆ-ը լքեց քրդերին և թույլ տվեց, որ Թուրքիան ներխուժի Սիրիա, և, ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանի պահվածքը: Անշուշտ, կա մտահոգություն, որ այս ամենը կարող է ավելի սրվել, և այնքան արագ բռնկվի ամբողջ շրջանը, որ մենք էլ ունենանք խնդիրներ այն իմաստով, որ եթե մեր շուրջը հրդեհ է, մենք էլ չենք կարող անտարբեր մնալ»,- ասաց Մանոյանը:

Նա հիշեցրեց, որ ռուս-վրացական պատերազմի օրերին, երբ մենք անմասն էինք այդ ամենին, վնաս կրեցինք: Ուստի, եթե ավելի երկարատև պատերազմներ լինեն մեր տարածաշրջանում, բնականաբար, կազդի նաև մեզ վրա: «Չեմ կարծում՝ սա կարող է ուղղակի հետևանքներ ունենալ մեր անմիջական խնդիրների վրա, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան հարաբերությունների վրա: Մյուս կողմից` չի բացառվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է օգտվել իրավիճակից և փորձել ինչ-որ քայլեր ձեռնարկել: Սա առաջին հերթին վատ կլինի հենց Ադրբեջանի համար և առնվազն` տարածաշրջանի»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ պետք է ուշադիր հետևենք զարգացումներին և պատրաստ լինենք հնարավոր բոլոր տարբերակներին:

Նրա խոսքով` այնուամենայնիվ, այս ամենից Ադրբեջանը կարող է «օգտվել» հետևյալ առումով՝ Ադրբեջանի իշխանությունը, հաշվի առնելով, որ աշխարհի ուշադրությունը տարածաշրջանում այլ տեղ է, ինչպես նաև իրենց ներքին խնդիրները նկատի ունենալով, կարող է քայլեր ձեռնարկել: «Այս անգամ, կարծում եմ, ավելի ծանրակշիռ կլինի, քան 2016-ի ապրիլին»,- ասաց Մանոյանը:

Խոսելով Ռուսաստան-Թուրքիա-Իրան հարաբերությունների մասին՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը նշեց, որ նրանց հարաբերությունների սերտացումը ռազմավարական բնույթ չի կրում, ընդամենը այս պահին երեք երկրների շահերը համընկնում են: Ըստ Մանոյանի՝ ավելի մտահոգիչ է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մերձեցումը, և Պուտինն էլ Թուրքիա այցի ժամանակ նախնական քայլեր արեց, որ այդ հարաբերությունը ժամանակի ընթացքում վերածվի ռազմավարական գործընկերության: «Սա, բնականաբար, պետք է որ մեզ շատ մտահոգի, չնայած քանի դեռ չի հասել, մտահոգվելու առիթ չունենք: Պետք է հետևենք, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սերտացումը չվերածվի ռազմավարականի: Կարծում եմ՝ Ռուսաստանը միշտ փորձելու է պոկել Թուրքիային Արևմուտքից, բայց նրանց ռազմավարական շահերը չեն փոխվել, և Թուրքիան շարունակում է մնալ Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի մաս, Ռուսաստանն էլ` Արևմուտքի հիմնական թիրախը: Ինչ-որ պահի այդ հարաբերությունները կարող են վատանալ, և մենք էլ ուշադիր պետք է հետևենք զարգացումներին: Երբ ռուս-թուրքական ռազմավարական շահերը համընկել են, գլխավոր վճարողներից մեկը եղել ենք մենք՝ հայերս»,- նշեց Մանոյանը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica