close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2018
+21°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիպրահայ գաղութը լինելիության խնդիր չունի, սակայն ապրում ենք թուրքական ծավալապաշտական քամու դիմաց. Սիմոն Այնեճյան

Հարցազրույց

28 Մարտի 2018, 14:03
 Կիպրահայ գաղութը լինելիության խնդիր չունի, սակայն ապրում ենք թուրքական ծավալապաշտական քամու դիմաց. Սիմոն Այնեճյան

ՀՅ Դաշնակցության մամուլի և հանրային կապերի Կիպրոսի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանի հետ Yerkir.am-ը զրուցել է կիպրահայ`  շուրջ 3,500 հոգանոց գաղութի խնդիրների ու գործունեության, ինչպես նաև Կիպրոսի քաղաքական վիճակի մասին:

Գաղութի մասին

Կիպրահայ գաղութը հայախոս է: Այնտեղ գործում է «Նարեկ» վարժարանը` մոտ 250 աշակերտով: Վարժարանը լավ աշխատանք է տանում հայեցի դաստիարակության և հայերենի ուսուցման առումով: Ցավոք, 13 տարի է, ինչ «Մելգոնյան» վարժարանը չի գործում:

Թեև փոքր, հայախոս գաղութ ենք, բայց ուզում եմ հավատալ, որ կազմակերպված ենք: Գաղութում գործում է  ՀՄԸՄ-ն` իր սկաուտական և մարզական շարժումով: Անցյալ տարի մեր մարզիկները մասնակցեցին ՀՄԸՄ 10-րդ խաղերին, և հպարտությամբ ասեմ, որ 10 ոսկե մեդալով վերադարձան.  փոքր Կիպրոսի մեծ հաջողություններից են սրանք:

Կիպրոսում գործող կառույցներից է նաև ՀՕՄ-ի «Սոսե» մասնաճյուղը` Հայաստանի և Արցախի համար իրականացվող իր զանազան ծրագրերով: ՀՕՄ-ի ընկերուհիներն աշխատանքներ են տանում, որպեսզի օժանդակեն զանազան բարեգործական ծրագրերի, որոնց մեծամասնությունը Հայաստանի և Արցախի համար է: Անցած տարի նրանք նաև մասնակցեցին Արցախի «Սոսե» մանկապարտեզի բացմանը` իբրև հովանավորող շրջան՝ Սփյուռքի այլ մասնաճյուղերի հետ:

Գործում է Համազգայինի «Օշական» մասնաճյուղը` պարի ու թատերական խմբերով, ու այսօր գաղութը լուրջ խնդիրներ չունի՝ կապված իր հայ լինելիության հետ: Գործում է նաև ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, իսկ եկեղեցին կապված է Մեծի Տանն Կիլիկիո թեմին:

Համայնքի խնդիրների մասին

Կիպրոսի հայ գաղութը բավական աշխույժ է: Խնդիրները, որ ունենք, ընդհանրապես տարածաշրջանի հետ են կապված: Ինչպես հայտնի է՝ Կիպրոսի հյուսիսը շուրջ 43 տարի է, ինչ բռնագրավված է թուրքական բանակի կողմից: Այնտեղ մենք ունենք հայկական դպրոց, եկեղեցիներ ու վանքեր, ու դրանց հետ կապված խնդիրներ կան. այնտեղ հայ եկեղեցին թուրքական կողմի գրաված շրջանի ամենամեծ կալվածատերն է: Մակարավանքը, որ  43 տարի առաջ դեռ գործում էր, տարածք ունի` լեռից մինչև ծովն ընկած հսկայական տարածք:

Սփյուռքում ամեն գաղութ ունի իր խնդիրները, սա էլ մեր շրջանի խնդիրն է:  Օրինակ` Ամերիկայի ու Ֆրանսիայի խնդիրները կապված են հայախոսության հետ, Լիբանանինը՝ քաղաքացիական հակամարտությունների, Սիրիայի խնդիրը պատերազմին ու գաղթականությանն է առնչվում… Մեր՝  Կիպրոսի խնդիրն ուղղակի թուրքական ագրեսիայի ստեղծած քաղաքական անորոշության  եւ քաղաքական շարունակվող ու հանգուցալուծում չստացող վիճակի խնդիրն է:

Վերջին շրջանում Կիպրոսի հարավային ծովերում գազի որոնումներ են ընթանում, սակայն Թուրքիան սպառնալիքներով թույլ չի տալիս հանգիստ կերպով դա իրականացնել, ինչն էլ քաղաքական անկայունություն է ստեղծում շրջանում: Թուրքական ծավալապաշտությունը առկա է բոլոր ճակատներում` Հունաստանի հետ նա խնդիրներ ունի՝ Լոզանի դաշնագիրը հարցականի տակ դնելով, Կիպրոսի հարցը չլուծելով, Հայաստանի հետ խնդիր ունի՝ սահմանը չբացելով, Ադրբեջանի ֆաշիստական և այլամերժ կառավարությանը  զորավիգ կանգնելով, Աֆրինը գրավելով, Սիրիա մտնելով, իսկ հիմա Կիպրոսի տարածքի կեսը գրավելուց հետո ասելով, թե իրենից հեռու Կիպրոսի հարավային շրջաններում ոչ ոք ոչ մի քայլ չի կարող անել առանց իր հավանության: Սրանք են մեր առջև ծառացած լուրջ խնդիրները:

Վերը նշված խնդիրներից ելնելով` Կիպրոսում ՀՅԴ գործունեության  ու դերի մասին

Դաշնակցությունը` որպես կուսակցություն, Կիպրոսում գործել է 19-րդ դարից: Որոշ ժամանակ գործել է ոչ բացահայտ, բայց հիմա բացահայտ է գործում՝ ծավալելով քաղաքական, հասարակական և քարոզչական աշխատանք: Եկող ամսում պատրաստվում ենք Եվրախորհրդարանի անդամներ ուղարկել Արցախ, խոսել ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ, Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսի հետ` Արցախի և Կիպրոսի  գյուղերի ու քաղաքների միջև կապեր ու զուգորդություն ստեղծելու համար:
Մայիսին՝ Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին,  հետներս բերելու ենք լրագրողների խումբ, որ թե' Հայաստանը ճանաչեն, թե´ քաղաքական իրավիճակին ծանոթանան:

Եղեգնաձոր համայնքի հետ ունենք համագործակցության ծրագիր. այնտեղ պետք է երիտասարդական կենտրոնը վերանորոգենք: Սա ուղղակի կուսակցական ծրագիր է: Սփյուռքի բոլոր կուսակցական շրջաններին վստահված են Արցախի և Հայաստանի շրջաններ՝  նրանց հովանավորելու և անմիջական կարիքներին օգտակար լինելու համար: Մեզ վստահված է Եղեգնաձորի շրջանը, և ինչպես մեր բոլոր իրագործված ծրագրերը, մենք ակտիվորեն այդ աշխատանքը նույնպես առաջ  պիտի տանենք:

Կուսակցական գործունեությունն իրականացնելիս նաև լավ կապեր ենք պահպանում Կիպրոսի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ: Կիպրոսն առաջին եվրոպական և աշխարհի երկրորդ երկիրն է, որ ճանաչել է Ցեղասպանությունը, իսկ սրանից երկու տարի առաջ մեր պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի ջանքերով Կիպրոսի պառլամենտը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունեց:

Ինչպիսի՞ երկիր պետք է լինի Հայաստանը, որ սփյուռքահայը գա ու ապրի 

Սրանից մեկ ամիս առաջ, երբ Հայաստանում էի, մի պատի վրա ազդագրեր տեսա, մի օր` թատրոն, մյուս օրը` երգ, մյուս օրը` դասախոսություն, օպերա և այլն: Ինքս ինձ ասացի` ես ետ չեմ գնալու,  ի՞նչ գործ ունեմ` գնամ Կիպրոս… Բայց գնացի:
Մենք պատմական գաղթականներ ենք, Կիպրոսում ենք ապաստան գտել ու հաստատվել, այնտեղ ունենք մեր տեղն ու գործերը:
Մեզնից հետո եկող մեր սերունդները եթե ցանկանան Հայաստան գալ, նրանց համար պետք է լայն հնարավորություններ լինեն: Այսօր ես շատերին գիտեմ՝ եկել են Հայաստան, որովհետև կարողացել են գործ ստեղծել: Մարդիկ  պետք է գան, բայց հարցն այն է, թե, գալով Հայաստան, ի՞նչ պետք է անեն: Պետք է ստեղծագործեն, աշխատեն, չէ՞, բայց շատ անգամ տեղացու համար չկա այդ հնարավորությունը, ուր մնաց` սփյուռքահայի: Պետք է հնարավոր պայմաններն ու միջավայրը ստեղծել, որ այժմ քչերի համար գոյություն ունի, և եթե այժմ այդ պայմանները Հայաստանը հայաստանցու համար չի կարողանում ստեղծել, սփյուռքահայի համար ինչպե՞ս է ստեղծելու: 

Պետությո՞ւնն է մեղավոր 

Հնարավորություն չստեղծել կամ չկարողանալ ստեղծել` սրանք տարբեր են, և դա չի նշանակում անպայման, թե պետությունն է մեղավոր ամեն ինչի համար: Ուրիշ ազդակներ էլ կան. կա համակարգ, որ կոչվում է ազատ շուկա, որն էլ շատ անգամ որոշում է, թե տնտեսական ընթացքն ինչ պետք է լինի: Պետք է հասկանանք, որ ազատ շուկայի պայմաններն ու դրամի և ապրանքների ազատ շրջանառության միջավայրն ունեն իրենց կանոնները:

Այն, որ մարդիկ այլ երկրներ են գնում`  աշխատելու,  միայն հայաստանյան երևույթ չէ: Ես շատերին գիտեմ, որ Հայաստանում գործ ունեն, որովհետև  նրանց համար ստեղծվել են այդ տնտեսական պայմանները, բայց եթե ես որոշեմ, օրինակ, այստեղ հագուստի գործարան բացել, մրցունակ չեմ լինի, որովհետև Չինաստանն ավելի էժան է արտադրելու այն, ինչ Հայաստանում կարտադրվի:  Միաժամանակ դա չի նշանակում, որ ներդրում չպետք է անել Հայաստանում, և սա պատրվակ չպետք է դարձնենք, թե` քանի որ մի քանի հոգի ձախողել են, կամ մի շարք բնագավառներում մրցունակ չենք կարող լինել,  ուրեմն բոլոր գործերը, որ անում ենք, ձախողված են լինելու: Պետք է մտածենք, թե այս պայմաններում ի՞նչ հնարավորություններ կարող ենք ստեղծել: Անպայման կառավարական միջամտություն պետք է լինի, որ քաղաքացիները նախ և առաջ արդարության զգացում ունենան, որ զգան, թե կարող են մրցել շրջապատի հետ: Դա շատ դեպքերում տեղի չի ունենա, որովհետև այս գործի տերն այսինչ օլիգարխն է, կամ մյուս գործի տերն այնինչ օլիգարխն է, և նրա հետ ոտք չես կարող մեկնել: Կառավարությունը պետք է միջամտի, որ այդ մենաշնորհները վերացվեն, ու հաստատվի արդար ու հավասար հնարավորություններ պարգևող համակարգ: Ցավոք, այդ արդյունքները դեռ չկան Հայաաստանում:
Որևէ բիզնես կամ մենատեր չի կարող կարճ ժամանակում հանկարծ հարստություն դիզել: Բայց դա ինչո՞ւ է լինում, դա Հայաստանում ինչպե՞ս եղավ, և հիմա չէ, որ այդպես է,   այլ  1990-ական թվականներից սկսած: Հիմա պարզապես Հայաստանն ապրում է այդ անհավասար կացության ստեղծած հետևանքներով: Ես համոզված եմ, որ մեր երկրին ավելի լավ օրեր են սպասում, որոնց իրագործման համար քննադատելու փոխարեն պետք է ազգովի աշխատենք համակարգը փոխել,  արդար իրավունքների հաստատումը վերածել կյանքի ձևի:

 

Զրուցեց Ամալյա Առաքելյանը 

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica