close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+15°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր խաղի ոչ մի դրվագից էլ գոհ չեմ. Արթուր Պետրոսյան

Սպորտ

28 Մարտի 2018, 10:09
 Մեր խաղի ոչ մի դրվագից էլ գոհ չեմ. Արթուր Պետրոսյան

Մարտի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստան – Լիտվա ընկերական խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։

-Պարո'ն Պետրոսյան, նախորդ ասուլիսում նշեցիք, որ Լիտվայի հավաքականը, Էստոնիայի հավաքականի համեմատ, խաղամակարդակով ավելի ցածր թիմ էր։ Հիմա է՞լ եք այդ կարծիքին։

-Ես «խաղամակարդակով ցածր» արտահայտությունը չեմ արել։ Նշել եմ, որ Էստոնիան ֆիզիկապես ավելի ամուր, ավելի կազմակերպված թիմ է։ Բայց նշել եմ նաև, որ Լիտվայի հավաքականի խաղաոճը ավելի կարճ փոխանցումներով խաղալն է։ Դիտելով Վրաստան – Լիտվա հանդիպումը՝ չեմ կարծում, որ Լիտվայի հավաքականը այն թիմն է, որը կարող էր առաջին խաղակեսում 4 գնդակ ընդունել սեփական դարպասը։ Ուղղակի խաղը նրանց համար բավական անհաջող ընթացավ` ինքնագոլ, 11 մետրանոց։

-Այս խաղի ընթացքում երեք մարտավարություն փորձարկեցիք: Խաղը սկսեցինք 4-4-2 մարտավարությամբ, այնուհետև փոխեցինք 4-2-3-1 մարտավարությամբ, և խաղն ավարտեցինք արդեն 3 պաշտպանով։  Հանդիպման ո՞ր հատվածում թիմի խաղը ձեզ գոհացրեց։

-Ոչ մի հատվածն էլ չգոհացրեց։ Վերջին 15 րոպեում ինչ-որ բան սկսեց ստացվել, դա էլ` թիմի ագրեսիվ խաղի շնորհիվ։ Մենք փորձեցինք այսօր Բալեկյանին և Ադամյանին հարձակման սուր եզրում խաղացնել, բայց ստացվեց բավական անատամ հանդիպում։ Հետո փորձեցինք խաղն ինչ-որ ձև փոխել, բայց չստացվեց։ Այսօրվա մեր խաղի ոչ մի դրվագից էլ գոհ չեմ։

 -Ինչո՞ւ Ռոբերտ Դարբինյանը փոխարինվեց  80-րդ րոպեին մոտ, այլ ոչ թե առաջին խաղակեսից հետո։ Նա իր մեղքի բաժինն ուներ բաց թողած գոլում, մի քանի դրվագում նույնպես սխալվեց։ Ինչո՞վ էր Ձեր որոշումը պայմանավորված։

-Որովհետև սա Ռոբերտ Դարբինյանի առաջին հանդիպումն էր հավաքականի կազմում։ Մեզ համար այսօրվա արդյունքը կարևոր էր, բայց ոչ այդքան կարևոր, որ խաղայինք միայն արդյունքի համար։ Սա ստուգողական խաղ էր, այդ իսկ պատճառով էլ հենց սկզբից հինգ նոր խաղացողներ դուրս եկան խաղադաշտ։ Մեզ պետք է ֆուտբոլիստներ պատրաստել կամ գոնե հասկանալ, թե ով կարող է զբաղեցնել այդ դիրքը։ Համաձայն եմ ձեզ հետ, չստացվեց։

-Ինչպե՞ս կգնահատեք Հենրիխ Մխիթարյանի խաղը։ Կարծես սա վերջին ժամանակաշրջանում իր ամենադժգույն խաղն էր։

-Ես կասեի՝ ամբողջ թիմի խաղն էր անհաջող։ Մխիթարյանին հետ էինք քաշել, նա կենտրոնում էր խաղում Ռումյան Հովսեփյանի հետ։ Մեր ամենամեծ խնդիրն այս խաղում այն էր, որ չհասցրեցինք փակել կենտրոնական դիրքը։ Առաջին անգամ էր, որ մենք այս մարտավարությամբ դուրս եկանք դաշտ։ Նորից կրկնեմ՝ չստացվեց։

-Ինչո՞ւ եք հրավիրել հավաքական Արթուր Քարտաշյանին, եթե նա երկու խաղերում էլ խաղադաշտ դուրս չեկավ։

-Իրականում այսօր պլանավորել էինք Քարտաշյանին խաղաժամանակ տրամադրել, բայց խաղն այնպես զարգացավ, որ 0-1 պարտվելուց չես կարող պաշտպանի մտցնել դաշտ, պետք է հարձակման գծում փորձես սրել խաղը։ Հակառակ դեպքում` նա անպայման դուրս կգար խաղադաշտ։

-Այսօրվա խաղը ստուգողական էր, բայց, այնուամենայնիվ, որքանո՞վ էր արդարացված մեկնարկային կազմում 4 նորեկ ընդգրկելը։

-Սա մեր վերջին փորձնական խաղն էր, և մեր հնարավորության չափով փորձարկումներ արեցինք՝ մեր կազմը հասկանալու համար։ Ճիշտ է, շատ ցավալի էր պարտությունը, մեր խաղը լավ չստացվեց, բայց մարզչական շտաբի համար շատ կարևոր է բոլորին գործի մեջ տեսնելը։

-Նորբերտո Բրիասկո Բալեկյանը որքանո՞վ է արժանի մեր հավաքականին։

-Նորբերտոն արժանի ֆուտբոլիստ է։ Մի' մոռացեք, որ նա Արգենտինայից նոր է ժամանել Հայաստան` նոր միջավայր, նոր թիմ, նոր խաղընկերներ, նոր մարզիչ։ Ժամանակ է պետք հարմարվելու համար։ Ես վստահ եմ, որ նա ապագայում կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica