close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2018
+27°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Չումբո»՝ ներդրո՞ւմ, թե՞ խաբեություն. քաղաքապետարանն առանց պայմանագիր թույլատրել է նրանց մուտքը դպրոց

Հասարակություն

22 Մարտի 2018, 15:22
 «Չումբո»՝ ներդրո՞ւմ, թե՞ խաբեություն. քաղաքապետարանն առանց պայմանագիր թույլատրել է նրանց մուտքը դպրոց

«Չումբո»-ի շուրջ խոսակցությունները չեն դադարում, ու թեև կրթության և գիտության նախարարությունը հերքել է «Չումբո»-ի մուտք գործելը հանրակրթական դպրոցներ, սակայն ՀԿ-ները պնդում են՝ վերահիշյալ կազմակերպությունը համագործակցել է դպրոցների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպեցին ԿԳՆ ոլորտի ու մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ՝ թեման պարզաբանելու, հանրությանը լուսաբանելու համար:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը պաշտոնապես հայտարարեց, որ ԿԳՆ-ն վերոհիշյալ կազմակերպության հետ որևէ համագործակցություն չի ունեցել և չի էլ ունենալու մի քանի պարզ պատճառներով: Ըստ նրա՝ դեռևս 2017-ի հունիսին ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրել է այդ կազմակերպության գործունեությունը, տվել բացասական եզրակացություն, ավելին՝ Երևանի քաղաքապետարանին տեղյակ է պահվել, որ նրանց հետ որևէ համագործակցություն չունենան:

«Այն կազմակերպությունների համար, որոնք կարող են ներդրում կատարել ոլորտում, մենք բաց ենք, սակայն բոլորի հետ մենք աշխատում ենք բացառապես հուշագրերի, ինչպես նաև ներկայացված ծրագրերի հիման վրա, որոնք էլ պետք է հաստատվեն ԿԳՆ-ի կողմից: Սակայն հիշյալ կազմակերպության հետ մենք որևէ պայմանագիր չենք ունեցել: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է անում տվյալ կազմակերպությունը՝ լա՞վ, թե՞ վատ բան, չեմ կարող ասել, քանի որ այդ կազմակերպության կողմից որևէ ծրագիր չի ներկայացվել ԿԳՆ»,- ասաց Արշակյանը:

Նա հավելեց նաև, որ տեսանյութը, որը պտտվում է սոցիալական ցանցերում, մոնտաժված է, այն արված է աշխատանքային քննարկման ժամանակ, որը հրապարակելն անթույլատրելի էր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի խոսքով՝ «Չումբո»-ն որոշակի ծրագիր է ներկայացրել քաղաքապետարան, սակայն ինքը փաստել է, որ այն, ինչ ներկայացված է եղել, բացարձակապես չի համապատասխանում մեր կրթական ծրագրերին: «Եթե ուշադիր նայեք տեսանյութը, իմ կարծիքը չի ներկայացվում այնտեղ, սակայն ես կտրականապես բացասաբար եմ արտահայտվել՝ կետերով նշելով, թե ինչը չի համապատասխանում մեր չափանիշներին: Մենք դեմ չենք որևէ ծրագրի, եթե այն համապատասխանում է մեր կրթական չափորոշիչներին, սակայն նրանց ներկայացրած ծրագիրը ճիշտ հակառակն էր»,- ասաց Ստեփանյանը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ իր ձեռքի տակ կա փաստաթուղթ, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է այդ կազմակերպության մուտքը դպրոցներ՝ առանց պայմանագրի: Նրա խոսքով՝ դեռևս անցած տարի, երբ բողոքներ կային երեխաների արտադպրոցական ժամանցը կազմակերպող «Չումբո» կազմակերպությունից, ինքը գրություն էր ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու, թե կազմակերպությունն ի՞նչ իրավունքով է մուտք գործել Երևանի ենթակայության տակ գտնվող ավելի քան 90 դպրոց:

«Ես խոսել եմ նաև Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի հետ, ով ասել է, որ, այո, «Չումբո»-ն իրենց թույլտվությամբ իրավունք է ունեցել մուտք գործելու դպրոցներ: Կարծում եմ՝ կազմակերպության նախաձեռնող խմբի անդամների լուսանկարները և հետաքրքրությունները նայելով՝ դատարկ գարեջրի շշերով, ստրիպտիզ պարելով և այլն, այս ամենը հուշում է, որ նրանց հետ որևէ կապ չպետք է ունենա դպրոցը: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ «Չումբո»-ն առաջարկել է հանրակրթության ոլորտում 2 մլրդ դրամի ներդրում անել, նույնիսկ ասել են, որ արդեն 850 մլն ներդրվել է: Եվ սա այն դեպքում, երբ հայտնի դարձավ, որ ոչ թե բարեգործություն են արել, այլ փող են աշխատել՝ երեխաների համար չթույլատրվող սնունդ վաճառելով /չիփսեր, գազավորված ըմպելիքներ/»,- ասաց Հարությունյանը:

«Save the children» կազմակերպության շահերի պաշտպան, փորձագետ Լիլիթ Չիթչյանի խոսքով էլ՝ տարօրինակ է, որ մինչ այժմ ռիսկի գնահատում տեղի չի ունեցել:

Ըստ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանի՝ ողջունելի է, որ պատկան մարմիններն արագ արձագանքեցին, որը հետևեց սոցցանցերում բարձրացված անհանգստությանը: Սակայն, նրա խոսքով, բարձրաստիճան պաշտոնյաների՝ «Չումբո»-ի անդամներին հղված շնորհակալական խոսքերն անընդունելի էին:

Հարցին, թե ի՞նչ հիմունքներով է քաղաքապետարանը թույլատրել կազմակերպության մուտքը դպրոցներ, և էլի եղե՞լ են նման դեպքեր, երբ առանց պայմանագրի որևէ կազմակերպություն մուտք է գործել դպրոցներ, Աննա Ստեփանյանը դժվարացավ պատասխանել՝ ևս մեկ անգամ նշելով, որ ինքը կետ առ կետ անդրադարձել է «Չումբո»-ի ծրագրին և ասել, որ նրանք չեն կարող մուտք գործել հանրակրթական դպրոցներ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մանկապատանեկան դիսկոտեկներ կազմակերպած «Չումբո» նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ հանդիպել է ԿԳ նախարարի և փոխնախարարի հետ, և «ջերմ զրույցի ավարտին որոշվել է՝ Հայաստանի բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը վստահել «Չումբո»-ին»։

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica