close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+7°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պացիենտների նկատմամբ ապօրինի զսպման միջոցներ են կիրառվել. կոպիտ խախտումներ` հոգեբուժարաններում

Հասարակություն

21 Մարտի 2018, 12:22
 Պացիենտների նկատմամբ ապօրինի զսպման միջոցներ են կիրառվել. կոպիտ խախտումներ` հոգեբուժարաններում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդես եկավ հոգեբուժական հաստատություններում արձանագրված կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցով: Նա լրագրողներին հայտնեց, որ զեկույցը հրապարակվել է կատարված մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում:

Թաթոյանի խոսքով` թեև Հայաստանում հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար են, սակայն արձանագրվել են վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր: Համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են:

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց հոգեբուժարաններում կիրառվող` օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներին, դրանց կիրառման կարգի խախտումներին: Նրա խոսքով` մի քանի հոգեբուժարաններում առկա չեն ֆիզիկական զսպման համար նախատեսված առանձին սենյակներ: «Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց ֆիզիկական զսպումն իրականացվում է հիվանդասենյակներում, նույնիսկ` պացիենտների ներկայությամբ, դրան երբեմն մասնակցում են պահակային ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները»,- ասաց Թաթոյանը` նշելով, որ սա անթույլատրելի է և հակասում է օրենսդրությանը:

Նա հայտնեց, որ որոշ հոգեբուժական հաստատություններում կիրառվում են մեխանիկական զսպման այնպիսի միջոցներ, որոնց ցանկը հաստատված չէ նախարարի հրամանով: Օրինակ` Նուբարաշենի հոգեբուժարանում կիրառվում են ռետինե լարաններ, սավանի կտորից պատրաստված գոտիներ: Ըստ պաշտպանի` գուցե այդ մեթոդների կիրառումն արդյունավետ է, սակայն դրանց կիրառման իրավական հիմքը բացակայում է, այսինքն` դրանք պրակտիկայում անօրինական են կիրառվում:

Նուբարաշենի հոգեբուժարանում առանձնացված չեն նաև կանանց ու տղամարդկանց բաժանմունքները:

ՄԻՊ-ի խոսքով` հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմի թիվը բավարար չէ, հոգեբուժարաններում կան գերծանրաբեռնվածության դեպքեր, առկա է կենցաղային, այդ թվում` սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն, կան ոչ պատշաճ քանակի և միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ:

Նրա խոսքով` խախտումներ են հայտնաբերվել նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և նրանց կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմներում: Պարզվել է, որ Արմաշի հոգեբուժարանում հիվանդների մի մասն իրենց կենսաթոշակները տալիս են աշխատակիցներին` իրենց պահելու համար:

Այս և այլ խախտումների, մասնավորապես` հայտնաբերված ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների վերաբերյալ ՄԻՊ-ը նյութեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica