close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+20°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարևորն այն էր, որ մեր այցելությանն անմիջապես հետևեց Արցախի նախագահի այցը ԱՄՆ. Աղվան Վարդանյան

Քաղաքական

19 Մարտի 2018, 15:53
 Կարևորն այն էր, որ մեր այցելությանն անմիջապես հետևեց Արցախի նախագահի այցը ԱՄՆ. Աղվան Վարդանյան

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի մամուլի ասուլիսի ժամանակ պատվիրակները ներկայացրեցին ԱՄՆ կատարած այցի մանրամասները, քննարկված թեմաները:

Նշենք, որ խմբի անդամներ են` ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ով պատվիրակության ղեկավարն է, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի` այցը շատ կարևոր էր և պայմանավորված էր մի քանի չափանիշներովը առաջինը` օրակարգի հագեցվածությամբ: Նա ներկայացրեց հանդիպումները` ըստ օրերի: «Մարտի 6-ին տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպում է եղել «Կարնեգի» հիմնադրամում` Ռուսաստանի և Եվրասիական ծրագրի փոխնախագահի, ինչպես նաև այդ նույն ծրագրի ավագ փորձագետներից մեկի հետ: Հիմնադրամում տեղի են ունեցել քննարկումներ ԼՂ հարցի, հայ-թուրքական արձանագրությունների հետկանչման, տարածաշրջանում անվտանգության հնարավոր զարգացումների վերաբերյալ քննարկվել և նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ ստորագրված պայմանագրի և այս համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակայություններին»,- տեղեկացրեց նա: 

Հովհաննիսյանը նշեց, որ ամենահագեցված օրը եղել է մարտի 7-ը, և այդ օրվա հանդիպումները երկու բնույթի են եղել` պատվիրակությունն ընդհանուր ձևաչափով է հանդիպումներ ունեցել, և առանձին հանդիպումներ են եղել:

«USAID-ի հետ քննարկել ենք հնարավոր համագործակցության հեռանկարները, թե ինչպիսի օրակարգով կարող ենք հարստացնել միմյանց հետ հարաբերությունները: Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ՏՏ ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարների, վերականգնվող էներգետիկայի հնարավոր զարգացման վերաբերյալ հարցեր: «Հայաստան-Ամերիկա» բարեկամաության խմբի անդամների հետ քննարկվել են բազմաթիվ հարցեր` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հնարավոր վերականգման հետ կապված: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը»,- հայտնեց նա:

Հովհաննիսյանի խոսքով` պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետ: «Հանձնաժողովի նախագահը Արցախում հետաքննության մեխանիզմների տեղակայման հետ կապված նախաձեռնությամբ է հանդես եկել վերջերս»,- ասաց նա:

Ըստ պատվիրակության ղեկավարի` մարտի 8-ին, 9-ին հանդիպումներ են տեղի ունեցել պետական դեպարտամենտում, որտեղ քննարկվել է դատական իշխանության անկախացմանը, կոռուպցիայի ոլորտում հաջողություններին ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու Արցախի հարցին:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպումներ են տեղի ունեցել կարևորագույն ինստիտուտներում և քննարկվել են մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, հատկապես` Արցախյան հիմնահարցը:

Էդմոն Մարուքյանն էլ առանձնացրեց այն, որ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից շատ էր խոսվում Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին: «Եթե նախկինում խոսվում էր միայն Ցեղասպանության ճանաչման ուղղված քայլերի մասին, հիմա այդպես չէ: Հայ համայնքում շատ լուրջ քննարկման առարկա էին Հայաստանի ներքին խնդիրները` սկսած տնտեսության զարգացումից: Սա նորություն էր, նախկինում նման բան չկար»,- ասաց պատգամավորը:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ կարևորեց այն, որ իրենց այցելությանն անմիջապես հետևել է Արցախի նախագահի այցը ԱՄՆ: «Այս առումով մեր այցելությունը որոշակի հիմք, նախադրյալներ ուներ: Մենք ԱՄՆ-ում ունենք հսկայական թվով հայություն: Ես միշտ ասել եմ` ԱՄՆ-ը հայերի պետություն է, այստեղ կա հսկայական խնդիր` ներկայացնելու հայության շահերը»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ օրակարգը բազմազան էր` ոչ միայն Ցեղասպանություն, ԼՂ հիմնախնդիր, այլև տնտեսական հարաբերությունների քննարկում, հնարավորություն քննարկելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերսկսման հարցը: «Բոլոր խնդիրների վերաբերյալ ներկայացրեցինք Հայաստանի օրակարգը, և կարևոր մեսիջներից մեկն այն էր, որ ընդգծեցինք` Հայաստանն առաջնորդվում է իր շահերով: Կարևորել ենք Հայաստանում կատարվող բարեփոխումները` կոռուպցիայի դեմ պայքար և այլն»,- ասաց նա:

Վարդանյանը տեղեկացրեց, որ կոնգրեսականների հայկական խումբն առաջարկել է ավելացնել Արցախին տրվող` ամերիկյան օգնության չափը:

Անդրադառնալով հարցին` արդյո՞ք հաջողվեց որևէ քայլ անել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը վերականգնելու ուղղությամբ, Արձինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Վստահ եմ, որ դուք այն ակնկալիքը չունեիք, որ պիտի գնանք ու, անմիջապես վերջնական լուծումներ ձեռք բերած, վերադառնանք: Մեր խնդիրը եղել է այն, որ ներակայացնենք բարեփոխումների ամբողջ ընթացքը, որ կատարել ենք Հայաստանում: Վստահեցրել ենք, որ այն բարեփոխումները, որ մենք արել ենք, տեսանելի չլինել չեն կարող, մնացածը ժամանակի հարց է: Այս այցելությունով ոչինչ չի սկսվում, ոչինչ չի ավարտվում»:

Աղվան Վարդանյանն էլ վստահ է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցվեց քաղաքական նպատակներով: «Մենք ԱՄՆ-ին շնորհակալություն ենք հայտնել անկախության տարիների ընթացքում Հայաստանին տրված 2 մլրդ աջակցության համար, բայց շեշտում էինք, որ չկա որևէ երկիր, որ ավելի քիչ աջակցություն է ստացել: Ներկայացրել ենք երկրում կատարված բարեփոխումները, մանավանդ` կոռուպցիայի ոլորտում առաջընթացը: Մենք հիմա ավելի ենք համապատասխանում այդ ծրագրով օգնություն ստանալուն, քան այն ժամանակ, երբ դա եղավ»,- հայտարարեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica