close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2018
+5°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավետիք Իսահակյանն ու Սիամանթոն Քրիստափոր Միքայելյանի մասին

Հասարակություն

17 Մարտի 2018, 15:01
 Ավետիք Իսահակյանն ու Սիամանթոն Քրիստափոր Միքայելյանի մասին

Աղբյուրը՝ arfd.am

Ավետիք Իսահակյանը Քրիստափոր Միքայելյանի մասին

2016 թվականին Երեւանի Պետական Համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել է Ավետիք Իսահակյանի նամականին. «Ավետիք Իսահակյանի նամակները»: Նամակների այս ժողովածուն ընդգրկում է մեծ գրողի 267 նամակները, որոնք ուղղված են նշանավոր մտավորականների, գրողների, հասարակական-քաղաքական եւ պետական գործիչների, ինչպես եւ մտերիմների: Տեղ գտած նամակներից երեքի հասցեատերը Իսահակյանի հեռավոր ազգականուհի եւ մտերմուհի Աննա (Աննիկ Մատակյանն է): Այդ նամակներից երկուսում բանաստեղծը ասելիքի զգալի բաժինը հատկացնում է ՀՅ Դաշնակցության հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի ողբերգական մահվան առիթով ունեցած իր ապրումներին, գնահատականներ է հնչեցնում վերջինիս հասցեին: Հատկանշական է, որ թեեւ հիշյալ նամակներից առաջինը գրվել է 1905 թվականի մարտին, իսկ երկրորդը նույն թվականի հունիսին, ամիսներ անց էլ Իսահակյանը նույն խոր ցավով անդրադառնում է Քրիստափորի նահատակությանը՝ քանի որ, ինչպես ինքն է գրում. «Աննի՛կ ջան, իմ վիշտն այնպիսի տեսակներից չէ, որ շուտով անցնի»:

Քրիստափոր Միքայելյանի մահվան հերթական տարելիցի առիթով հրապարակում ենք վերոհիշյալ նամակների այն հատվածները, որոնք վերաբերում են ՀՅԴ հիմնադիր անդամին եւ միաժամանակ հետաքրքրական բացահայտումներ են պարունակում Իսահակյանի անձի եւ հայացքների վերաբերյալ:
Տարելիցի առիթով անդրադառնանք եւս մեկ հանգամանքի. Տարբեր աղբյուրներում, որպես Քր. Միքայելյանի նահատակության օր նշվում է մարտի 4-ը կամ 17-ը: Իրականում շփոթություն առաջացնող այս փաստը պայմանավորված է սոսկ հին եւ նոր տոմարներով օրվա արձանագրման հետ:

Ներկայացնում ենք նաեւ Քրիստափոր Միքայելյանին նվիրված Սիամանթոյի խոսքը: Մեծ պոետի վշտահար սրտից պոկված այս անկեղծ պոռթկումը բացահայտում է սիրելի ու գնահատելի մարդու նկատմամբ հեղինակի տածած խոր զգացումները, եւս մեկ անգամ դրսեւորելով Սիամանթոյի բանաստեղծական շռայլ ու շքեղ լեզուն:

Աննա Մատակյանին

11 մարտի 1905, Ղազարապատ

Իմ թանկագի՛ն, իմ լա՛վ Աննիկ, ես ուզում եմ քեզ շա՛տ լավ նամակ գրել՝ ուրախ սրտով, երկար ու բարակ խոսել քեզ հետ, բայց երեկ մի ծանր, սարսափելի գույժ իմացա՝ մեռե՛լ է, զոհվե՛լ է իմ պաշտած, հարգած, աստվածացրած ընկերը՝ Քրիստափոր Միքայելյանը, հեղափոխության մարգարեն, -ի խմբագիրը, մեր հոգու տերը, մեր կուռքը… Ես ինձ հիմա որբ եմ զգում: Գնա՛ց այն մեծ մարդը, որի համար կյանքը միայն մտածողություն, ուրիշների մասին հոգս, ազգի եւ հայրենիքի համար անհոգնելի եւ անշահասեր ծառայություն էր: Նրա կյանքը նահատակություն էր, եւ մենք բոլորս պաշտում էինք նրան եւ մեռնելու, վտանգվելու գնում էինք նրա գաղափարի համար…
Ա՛խ դու չես ճանաչում նրան, եւ երնե՛կ քեզ, եւ ափսո՛ս քեզ, որ նրան չես տեսել: Նա գնա՛ց, եւ աշխարհը սեւացավ աչքիս: Երբ աշխատում էի կենտրոնանալ, գրել մի գործ, մի մեծ գիրք, աչքի առաջ ունեի նրան՝ այդ անմահ մարդուն, որը պիտի կարդար, գովեր, համբուրեր ինձ, եւ ես վարձատրված կլինեի:
Ինչե՛ր չեմ արել նրա համար, երբ նա ինձ առաջարկում էր մի գործ. Ինչքան էլ վտանգավոր լիներ, ես թռնում էի եւ երկյուղ ու վտանգ արհամարհելով՝ գործը գլուխ բերում… Եւ երբ հաջողությամբ դառնում էի նրա մոտ, նա համբուրում էր ճակատս, եւ ես անսահման երջանիկ էի զգում ինձ…Իսկ նա հիմա չկա… Հայոց խեղճ ազգը շա՛տ մեծ կորուստ ունեցավ, եւ դեռ շատ երկար ժամանակ կզգանք այդ կորուստը, նրա պակասը: Իմ աչքում նա ներկայիս ամենամեծ հայ մարդն էր: Ո՞վ կհասնի նրան. Ոչ ո՛ք:

«Ավետիք Իսահակյանի նամակները» էջ 34

Աննիկ Մատակյանին

6 հունիսի, 1905, Ալեքպոլ

Աննի՛կ ջան, իմ վիշտն այնպիսիտեսակներից չէ, որ շուտով անցնի կամ մխիթարության կարոտ լինի: Սիրտս այնքան չի մորմոքում ընկերներիս կարոտի պատճառով, որքան միտքս, չոր միտք. շատ ընկերներ եմ կորցրել դարձյալ այդ ճամփի վրա՝ հայրենիքին զոհ, բայց այն ամենը, բոլորը՝ ավելի թե պակաս, դրանից մեծ բան չէին կարող շինել կամ կատարել: Ա՛խ, զոհվողներ շատ կան, օրհնյալ մնա հայ ժողովուրդը, բայց Քրիստափորի պես մարդ հարյուր տարին մեկ կծնի: Նա միլիոնների մեջ մի հատ էր: Նա էր ծնել Դաշնակցությունը, եւ նրա հոգին մեր բոլորի վրա էր: Այդ էր պատճառը, որ այսօր Դաշնակցությունը ամնեաազնիվ, մաքուր ու մեծ եւ զորեղ կուսակցությունն է: Նա մեր գլուխն էր, մեր հոգին, մեր սիրտը… Բոլորս նրա որդիներն էինք եւ նրա կամքն էինք կատարում: Այո՛, շատերն են մեռել՝ լավ ընկերներ, ավելի ջահել, բայց նրանց զոհվելով՝ հեղափոխությունն օգտվել էր, իսկ Քրիստափորի մահով հեղափոխությունն անբուժելի վնասվեց: Ո՞վ պիտի բռնե նրա տեղը: Ոչ ոք չեմ տեսնում հայերիս մեջ: Մեզանից ոչ ոք արժանի չէ նրա ժառանգը լինելու, եւ ահա իմ վիշտը, մինչեւ որ ծագի մի նոր Քրիստափոր: Իսկ ե՞րբ պիտի գա այդ օրը…

Ես՝ քար սեղմելով իմ վշտոտ սրտի վրա, նորից պարապում եմ, որովհետեւ պարապելով ես կատարած կլինեմ իմ սուրբ, իմ բարձր Քրիստափորի կամքը. «Աշխատել, զօր ու գիշեր աշխատել հայրենիքի համար» ,-այդ էր նա միշտ ասում բոլորիս…

«Ավետիք Իսահակյանի նամակները» էջ 37

Սիամանթոյի խոսքը Քրիստափոր Միքայելյանի մահվան առիթով

Ողբի նամակ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

Ո՜վ զարհուրանքի եւ արիւնի առաւօտ, տող մը քու դժխեմ լոյսերուդ մէջէն, ու ամէն նայուածքներու բոլոր արցունքներն ատոր մէջ գտայ, ամէն հոգիի դառնակսկիծ հեծեծանք, ամէն տուայտանք, ամէն գալարում, ամէն աղաղակ, ամէն հռնդիւն, ամէն գերեզման ատոր մէջ գտայ…

Քրիստափորը մեռաւ… Ա՜ն որ զմեզ իր չքնաղ ու խորունկ հոգիովը կը սնուցանէր, ան որ քաղցր էր, ան որ անճառելիօրէն սիրող էր ու բազմագութ ու բազմաչարչար… Քրիստափորը, բովանդակ էութիւն մը, հոգիի եւ գաղափարի տիեզերք մը, ազատութեան եւ փրկութեան լուսաւորիչ մը, վարդապետ մը եւ այսօր մեռեալ մը միանգամայն… Օ՜, ի՜նչպէս ապրիլ այլեւս, ի՞նչպէս գոյութիւն ունենալ, ի՞նչպէս տեւել, ի՞նչպէս կարենալ երազել… Կը խեղդուիմ, կոր, ծանրածանր ցաւէն կը խորտակուիմ, կը ջախջախուիմ ու չեմ կրնար ինքիրմէս դուրս նետուիլ, իմ մէջս վար շրջող փլատակներէն ազատուիլ, չեմ կրնար սպառուիլ, չեմ կրանր հատնիլ, վերջանալ, անէանալ, ու կատաղութենէս ու անզօրութենէս ու տարփանքէս կուլամ, կուլամ…

Ո՜վ գիտէ ի՞նչ պիտի ընեն անոնք որ հերոսներու պէս կը կռուին, ի՞նչ պիտի ընեն անոնք որ կը մտածեն, ի՞նչ պիտի ընեն անոնք որ երկիւղածօրէն կը յուսան, ի՞նչ պիտի ընէ հայութեան լաւագոյն մասը, ի՞նչ պիտի ընեն իր հազարաւոր գաղափարազաւակ աշակերտները, ի՞նչ պիտի ընեն անոնք որ զինքը կը պաշտեն, ի՞նչպէս պիտի մխիթարուին, կարելի՞ է մխիթարուիլ այլեւս, թո՛ղ ըսեն ինծի, թո՛ղ ըսեն ինծի…

Մահուան անունէն որ ինծի համար միայն պաշտելի Քրիստափորը տարած է, որբ աղջկան մի նման կը դողդոջեմ, կոյրի մը նման կը հալածուիմ, ստուերի մը նման կը կորսուիմ, ու կեանքի մը պէս կը մարիմ… Ի՞նչ եղար, անզուգական, ի՞նչ եղար, ամենօրեայ մարտիրոս, ի՞նչ եղար, ո՜վ բարոյատու, ի՜նչ եղար, ո՜վ անհաւասարելի. Արդա՞ր է այս, արդա՞ր է, ըսէ՛, ի՞նչ եղար… Ի՞նչպէս պիտի շարժին անոնք որ քու ազատախօս պատգամներուդ եւ հայրական թեւերուդ տակ զինուորագրուեցան, ի՞նչ պիտի ընեն անոնք որ քու դրօշակդ ու քու ձեռուըներդ համբուրեցին իրենց ուխտի ժամերուն, ի՞նչ պիտի ընենք անոնք որ քու զէնքերովդ զինուեցան, որ քու նայուածներուդ առջեւ երդուընցան, որ քու ազատաբեր ու անձնուրաց ճամբաներէդ քալեցին, ի՞նչ պիտի ընեն անոնք որոնց երազին մէջ Եհովայի մը մեծութեամբը արձանացար: Ի՞նչպէս օգնութեան հասնիլ այս ամէնուն, ի՞նչպէս մահագուժել… Գիտե՞ն արդեօք այս յուսահատութեան եւ արիւնի առաւօտեան ժամուն, գիտե՞ն մահուանդ կործանարար լուրը, գիտե՞ն որ զոհուեցար դուն՝ ամենօրեայ ողջակէզ… Թերեւս չեն գիտեր ու ատոր համար է որ կ’ապրին, ատոր համար է որ իրենց լայն ուսերը չեն փլչիր, իրենց յուսալից աչուըները չեն կուրանար, ատոր համար է որ իրենց քայլերը կը յառաջանան ու իրենց կամքերը կ’երկաթուին… Թո՛ղ չի գիտնան քու աւերիչ մահուանդ լուրը, թո՛ղ մարդ մարդու առջեւ չի խօսի, թո՛ղ մարդ մարդու առջեւ չ’արտասուէ, թո՛ղ մարդ մարդու առջեւ իր սիրտը չի բանայ, թո՛ղ մարդ մարդու առջեւ չ’արիւնի, թո՛ղ մարդ մարդու առջեւ իր կերպարանքին վրայ մոխիր չի ցանէ…

Բայց ես լեռնաւոր ցաւին տակ մինակ եմ, միս մինակ, կուրծք մը չի կայ որուն վրայ կործանուիմ, նայուածք մը չի կայ որուն մէջ ապաստանիմ, ձեռք մը չի կայ որուն մահասարսուռ ձեռուըներս երկարեմ, ոսկրակոյտ մըն եմ անապատի մը մէջ եւ չարաշուք իրիկուած մը արիւնոտ անձրեւին տակ… Օ՜, ստւերներ կ’անցնին քովերէս, ապառաժակերպ ուրուականներ, սուգիս ու մտածումիս հորիզոններէն, եւ ահաւասիկ որ կը յառաջանայ, օ՜ գթութի՜ւն, գթութի՜ւն, ահաւասիկ որ Մղձաւանջս կը յառաջանայ, իր հովէ թեւերը կը զարնէ, իր ագռաւախումբի թեւերը կը փոթորկէ, իր բուի եւ մեռելւորի աղաղակը կուլայ, իր անողորմ դագաղին տախտակները կը շարժէ, իր սպիտակ պատանքները իմ վրաս կը նետէ եւ իր կարմիր խենթութիւնը, իր թունաւոր խենթութիւնը իմ մտածումիս անդունդներուն մէջը կը հոսեցնէ… Ու մահը, զայրագին մահը, մարմարակերպ մահը, համայնակուլ մահը ուսերուս վրան կը խոկայ, մահուան ամբոխներ ուսերուս վրան են, ու ես ընկճուածս, ես թշուառս, ես երազողս, ես յուսացողս, կը ծռիմ, կը դողդոջեմ, կը փլատակուիմ, արցունքներս կուգան յորդահոսան, ու յանկարծօրէն երեսս յետ կը դարձնեմ, ու ի՜նչ անագորոյն ցնորք, ի՜նչ պատկեր, ի՜նչ քաղցրութիւն, ի՜նչ ժպիտ, ի՜նչ մեծութւն, ու կը տեսնեմ զինքը, կը տեսնեմ ամենամեծ Քրիստափորը ու կը գրկեմ ու կը փաթթուիմ ու կարօտակէզ զաւկի մը նման կը համբուրեմ, կը համբուրեմ, կը համբուրեմ… Ու արիւնս արիւնին կը խառնուի, արցունքներս իր աչքերուն մէջ իր արցունքներուն կը միանան, ատելութիւնս իր չի յագեցուած ատելութենէն կը ծովանայ ու սէրս կ’արեգակուի եւ յոյսիս աշտարակները նորէն կը կառուցուին… Ո՞ղջ է՜: Բայց աւա՜ղ, աւա՜ղ, ցնորապատկերը անգթօրէն կ’անհետանայ, ուրուագծերը կ’արիւնին, պաշտելի ձեւերը կը խորտակուին ու դիակը, հրեշտակային մարմինը, բաժան բաժան, նշխար առ նշխար, թեւերուս ու կուրծքիս ու հոգիիս վրան կը ծանրանան…

Ու հիմայ գիտեմ, յստակօրէն կը տեսնեմ, ճակատագրին ձեռքերը, երկաթէ ձեռքերը, չարազօր ձեռքերը որ Քրիստափորը սիրողներուն, Քրիստափորը պաշտողներուն վիզերուն կ’երկարին՝ գազանօրէն սեղմելով, եւ ահաւասիկ, մտիկ ըրէք, հազարաւոր բերաններէ, հազարաւոր ուխտուածներէ, օ՜ ինչ մեռելաձայն եւ ինչ սրակեղէք համանուագ, վասն զի ասիկայ մահագոյժն է, աղէտքն է, չարիքին ղօղանջն է որ Եւրոպայէն Կովկաս եւ Կովկասէն Հայաստան եղեռնականօրէն հնչեց: Ամէն մարդ իմացաւ հիմայ, ամէն մարդ ինքիր մէջ կ’աւերակուի, ամէն մարդ իր հոգիին մէջ այս մահագուժը կը լսէ ինչպէս գերեզմանափորի մը բահին ձայնը հողը պեղած պահուն…

Բայց մխիթարութիւնը նորէն ու նորէն ձեզմէ պիտի գայ, ո՜վ սիրական ու հեռաւոր ու հերոսական հայդուկներ, մխիթարութիւնը ձեր կամքէն, ձեր զօրութենէն, ձեր յաղթանակներէն պիտի գայ… Արցունքները մեզի՝ տկարներուս, անգործօններուս ձգեցէք, գիտեմ որ արցունքները ձեր արիւնծարաւ աչուըներուն ու ձեր կտրիճի հոգիներուն չեն վայելեր: Մեր փրկութեան հիմնադիրներէն մէկը մեռաւ եւ իր զոհաբերումը զմեզ աւելի պիտի սրտապնդէ: Քրիստափորին պատկերը, պաշտելի պատկերը Քրիստափորին՝ ամէն տուն, ամէն երդիք, ամէն ցաւի առջեւ, ամէն խրախուսանքի ժամուն, ամէն կռիւի գերագոյն վայրկեաններուն, պիտի յաճախէ եւ պիտի յուսադրէ… Իր արեգակեայ հոգիին ոսկիէ դուռներէն ներս նայինք ու մեր արիւնը պիտի հրավառուի, մեր խինդը պիտի եռայ, մեր բազուկները աւելի ուժով պիտի զարնեն: Իր գերեզմանը մեր խորանն է այլեւս, իր անունը մեր առջեւ բացուած ազատագիրքը եւ իր յիշատակը մեր բոլորին ռահվիրան:

Եղբայրօրէն ցաւակից եւ առյաւէտ սգաւոր՝
ՍԻԱՄԱՆԹՕ

«ԴՐՕՇԱԿ» – Ապրիլ 1905
Թիւ 4 (157)

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica