close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը

Քաղաքական

7 Մարտի 2018, 14:51
 Սերժ Սարգսյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Լիոնի քաղաքապետին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը Երևանում՝ Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բազում հաջողություններ։ Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի հաջողությունները հայաստանցիները համարելու են նաև իրենցը այն պարզ պատճառով, որ դրանք հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր բաղկացուցիչն են: Այն, որ քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը Ֆրանսիայի արժանավոր քաղաքացի է և հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հանրապետության Նախագահի համոզմամբ, պարոն Ժորժ Կեպենեկյանն ապացուցել է իր անցած ճանապարհով և գործունեությամբ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ քաղաքապետն իր փորձն ու ունակությունները լավագույնս կծառայեցնի ինչպես Լիոնի և Երևանի միջև հարաբերությունների սերտացման, այնպես էլ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին: Նախագահ Սարգսյանը նաև շնորհավորել է Լիոնի քաղաքապետին՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվելու կապակցությամբ, որը, նրա գնահատմամբ, Ժորժ Կեպենեկյանն իր գործունեությամբ է վաստակել:

Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ընդամենը մեկ ամիս առաջ Փարիզ կատարած իր այցը և առաջին հանդիպումը նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաև 2017թ. գարնանը Լիոն կատարած այցելությունն ու հետաքրքիր զրույցը Լիոնի նախկին քաղաքապետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժերար Կոլոնի հետ: 

Անդրադառնալով առանձնաշնորհյալ համարվող բարձր մակարդակի հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Նախագահն ընդգծել է, որ բարեկամությունը սահմաններ չունի, և երկու երկրները մշտապես պարտավոր են ընդարձակել համագործակցությունն ու տարեցտարի ամրապնդել հարաբերությունները: 

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար: Քաղաքապետը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ներգրավել է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների, որոնց օգնությամբ հույս ունի բազմաբնույթ համագործակցություն ծավալել Հայաստանում՝ այդպիսով փոխհարաբերությունների մի նոր էջ բացելով ինչպես Երևանի ու Լիոնի, այնպես էլ երկու բարեկամ երկրների միջև: Լիոնի քաղաքապետը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակներում ունեցած՝ իր բնորոշմամբ՝ արգասաբեր հանդիպումների ու մի շարք ոլորտներում արդեն իսկ ձեռքբերված համագործակցության պայմանավորվածությունների մասին:

Քաղաքապետ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները ևս իրենց տպավորություններն են ներկայացրել երևանյան հանդիպումներից՝ ընդգծելով, որ փոխգործակցության մեծ ներուժ են տեսնում քրիստոնեության օրրան Հայաստանի հետ և վստահ են, որ պատմական մեծ ժառանգությամբ ու դարավոր հարուստ մշակույթով Հայաստանն ավելի մեծ լավատեսությամբ կարող է նայել ապագային:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև այս տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այդ կարևոր միջոցառման կազմակերպմանը, քանզի համարում է, որ ֆրանկոֆոնիան միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձևավորված կառույց չէ, այլ առաջին հերթին առաջադեմ քաղաքակրթական արժեքային համակարգ, որն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության քաղաքակրթության ու առաջընթացի գործում, որի կրող է նաև հայ ժողովուրդը:

ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
19 Հունիսի 2018, 10:56 ՀՀԿ֊ն փակ նիստ է անում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica