close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+18°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարան ականջալուր չեղավ ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության հետևողական կոչերին. Նալբանդյան

Քաղաքական

1 Մարտի 2018, 19:27
 Անկարան ականջալուր չեղավ ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության հետևողական կոչերին. Նալբանդյան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ազգային անվտանգության խորհրդի նիստում.

«Մեծարգո´ պարոն Նախագահ,
Անվտանգության խորհրդի հարգելի´ անդամներ,

Անկախությունից ի վեր Հայաստանը փորձել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Սակայն, հայ-թուրքական հարաբերությունները շարունակում էին փակուղում մնալ, երբ Հանրապետության Նախագահը 2008թ.-ին նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դրա հիմքում ընկած էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը:

Թուրքական կողմի հետ հենց այս` առանց նախապայմանների կարգավորման, ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք բանակցությունները, որոնց արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Բանակցությունների ամբողջ ընթացքում մենք զգացել ենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը մեծ կարևորություն տալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ դիտարկում էր Հայաստանի այս քայլը որպես իմաստուն նախաձեռնություն: Ասվածի վկայությունն է արձանագրությունների ստորագրման արարողությանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական Միության Բարձր հանձնակատարի, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի ներկայությունը:

Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Ցավոք, հետագա զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Անկարան պատրաստ չէ կարգավորմանը և որ թուրքական կողմի բարձրագոչ հայտարարությունները այսպես կոչված պատմական հաշտեցման պատրաստակամության մասին կապ չունեն իրականության հետ: Դեռևս ստորագրման օրը թուրքական կողմը փորձ կատարեց կրկին հնչեցնել նախապայմաններ, որոնք նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը, ինչի պատճառով ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով։ Արարողությանը ներկա միջազգային հանրության բարձրաստիճան ներկայացուցիչները, թե' այն ժամանակ, թե' դրանից հետո հայտարարեցին, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում և իրականացվեն առանց նախապայմանների:

Սակայն, ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան կրկին վերադարձավ նախապայմանների լեզվին, որը ոչ միայն կապ չուներ արձանագրությունների տառի ու ոգու հետ, այլ` հակասում էր դրանց: Թուրքիան արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ադրբեջանական կողմի առավելապաշտական և անհիմն մոտեցումների համապատասխան կարգավորելու հետ և բացահայտ ողջունեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրիչ հայտարարություններն ու գործողությունները:

Ոչ միայն Հայաստանը, այլև գործընթացին աջակից երկրներն ու միջազգային կառույցները հրապարակավ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծումը չի կարող կապակցվել հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Այդպիսի փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ։

Մենք նաև շարունակաբար հստակ վերահաստատել ենք, ներառյալ հայ-թուրքական գործընթացի թե՛ մեկնարկին և թե՛ դրա ընթացքում, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը:

Ինչպես բազմիցս շեշտել է նախագահ Սարգսյանը, Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։

Երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղեց դեպի փակուղի, Հայաստանը ստիպված եղավ կասեցնել վավերացման ընթացակարգը` այնուամենայնիվ պատրաստ մնալով վավերացնել արձանագրությունները` Թուրքիայի համապատասխան քայլերի հետ զուգահեռ։ Հայաստանի այս մոտեցումը տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց:
Այն, որ Թուրքիան պատրաստ չէ առաջ գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղով ևս մեկ անգամ փաստվեց, երբ Անկարան մերժեց 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մասնակցելու նախագահ Սարգսյանի հրավերն, որը 2014թ. օգոստոսին Անկարայում ես փոխանցեցի Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Սա Թուրքիայի կողմից հերթական բաց թողնված հնարավորությունն էր:

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը արձանագրությունները չի կարող առհավետ պատանդ պահել: Բայց Անկարան ականջալուր չեղավ ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության հետևողական կոչերին:

Իհարկե, մենք երբևէ չենք ապավինել Թուրքիայի բարեհաճությանը, այլ փորձել ենք կառուցել իրավահավասար, ժամանակակից հարաբերություններ։ Գուցե նաև սա է արձանագրությունները վավերացնելու Թուրքիայի դժկամության պատճառը։ Վերջիվերջո, դրանք հայ-թուրքական հարաբերությունների առաջին փաստաթղթերն էին, որ մեզ չէին պարտադրվել, ավելին՝ նախաձեռնվել էին Հայաստանի կողմից և բանակցվել էին մեր առաջարկների հիման վրա։ Հայաստանը մնաց իր բարձունքի վրա և կարողացավ առաջ տանել իր կողմից նախաձեռնած այս գործընթացը` հավատարիմ լինելով ձեռք բերված համաձայնություններին, ի տարբերություն Թուրքիայի, որն իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու իր կարծրատիպերից՝ խախտելով միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը՝ pacta sunt servanda` համաձայնությունները պետք է հարգվեն:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների հնարավոր տարբերակները: Մենք ձգտում էինք արձանագրությունների կնքման միջոցով հարաբերությունների կարգավորմանը, սակայն գիտակցում էինք նաև, որ Թուրքիան կարող է համապատասխան քաղաքական կամք չդրսևորել և չհարգել իր ստանձնած պարտավորությունները:

Ժամանակը ցույց տվեց, որ մեր այս մտահոգությունն արդարացի էր: Մինչ օրս, թուրքական իշխանությունների կողմից արձանագրությունների վավերացմանն ուղղված որևէ քայլի բացակայությունը, շարունակական փորձերը արձանագրությունների վավերացումը փոխկապակցել նախապայմաններով, Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին Անկարայից հնչող սադրիչ հայտարարությունները, ակնառու կերպով վկայում են, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը և կյանքի կոչմանը:

Շնորհակալություն »:

 

ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի
22 Հունիսի 2018, 13:09 ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica