close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+19°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Քաղաքական

21 Փետրվարի 2018, 22:10
 Լիբանանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց բարեկամ երկրի նախագահի՝ Հայաստան եւ համայն հայության հոգեւոր կենտրոն այցի կապակցությամբ՝ գոհունակությամբ հաստատելով, որ հայ-լիբանանյան  սերտ կապերն ունեն պատմական խոր արմատներ՝ ամրորեն խարսխված փոխադարձ վստահության վրա:

Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նախագահ Միշել Աունի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության ամրապնդման եւ երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել ընդլայնման տեսանկյունից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայ ժողովրդի հանդեպ եղբայրական սիրո եւ բարյացակամության արտահայտությունն արաբ ժողովրդի հյուրընկալ ոգին էր, որի շնորհիվ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներն ապաստան գտան Լիբանանի օրհնյալ երկրում։ Դրա վկայությունը Նորին Սրբությունը նկատեց Լիբանանի այսօրվա աշխույժ հայ համայնքի առկայությունը, որը Սփյուռքի ամենաավանդական եւ կազմակերպված համայնքներից է եւ վայելում է երկրի իշխանությունների հարգանքն ու հոգածու վերաբերմունքը։

Հայ-լիբանանյան կապերի զորացման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ Լիբանանում են գտնվում Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, ինչպես նաեւ Հայ Կաթողիկե Պատրիարքությունը։

Իր հերթին նախագահ Աունը, իր ուրախությունն արտահայտելով Սուրբ Էջմիածին այցի առիթով, հույս հայտնեց, որ իր այցը բարեկամ երկիր դրական արդյունքներ կբերի հայ-լիբանանյան հարաբերությունների առավել զարգացման գործում: Նախագահը հավելեց, որ ինքը քաջածանոթ է հայոց  պատմությանը եւ մշակույթին, ինչի արդյունքում հայ ժողովրդին ճանաչում է որպես ամուր հավատք ունեցող խիզախ ժողովրդի:

Խոսելով Լիբանանում հայկական համայնքի մասին՝ պրն. Միշել Աունը գնահատանքով նշեց, որ այն մեծ ներդրում ունի երկրի կյանքում, տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում:

   Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին, ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանում կայունության  եւ խաղաղության վերահաստատման հրամայականին: Այդ առնչությամբ կարեւորվեց կրոնների եւ հոգեւոր առաջնորդների խաղաղասիրական առաքելությունը, քանի որ բացառապես հավատքի, հույսի եւ սիրո արժեքներով պիտի աշխարհում խաղաղություն կերտվի:

Վերջում Ամենայն Հայոց Հովվապետը նախագահ Միշել Աունին արգասաբեր առաքելություն մաղթեց Հայաստանում` ի նպաստ հայ-լիբանանյան կապերի առավել սերտացման եւ արդյունավորման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ խաղաղ ու բարօր կյանքի իր բարեմաղթանքները հղեց Լիբանանի բարեսեր ժողովրդին։ 

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմբերջյանը, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի թեմական խորհրդի ատենապետ Ժոզեֆ Քանիմյանը, Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը եւ ՀՀ-ում  Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերը:

Լիբանանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաեւ Մայր Տաճար, ծանոթացավ տաճարի Ավանդատուն-թանգարանում ցուցադրվող հայ հոգեւոր մշակույթի արժեքներին:

Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica