close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդավար Արցախը ոչ մի կապ չի կարող ունենալ բռնատիրական կարգեր ունեցող Ադրբեջանի հետ. Իշխանյան

Արցախ

20 Փետրվարի 2018, 17:00
 Ժողովրդավար Արցախը ոչ մի կապ չի կարող ունենալ բռնատիրական կարգեր ունեցող Ադրբեջանի հետ. Իշխանյան

1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին` նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով: Հենց այդ օրը Երևանում սկսվեց արցախահայությանը աջակցող ցույց:

ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ պայմաններում և ինչ նպատակներով է ծնվել Արցախյան շարժումը:

«Պետք է ասեմ, որ Արցախյան շարժումը միանգամից, ինքնաբուխ չծնվեց, այն ունի նախապատմություն` սկսած 1920-ական թվականներից, այն, այսպես ասած, նոր ալիք ստացավ 1960-ական թվականներին, և 80-ական թվականներին 60-70 տարիների ընթացքում չմարված այդ կրակն էր, որ կրկին բորբոքվեց»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ Արցախյան շարժումը մեր ազգային ազատագրական պայքարի բաղկացուցիչն էր, այն դարերի պայքար էր, որը պարզապես ծավալվեց մեր հայրենիքի այս հատվածում: «Այն ուղղված էր խորհրդային Ադրբեջանի, խորհրդային տարիներին ծայր առած` Ադրբեջանի կողմից ցուցաբերված բռնությունների, էթնիկ զտումների, նաև հայկական տարրի` աստիճանաբար Արցախից դուրս բերելու քաղաքականության դեմ: Պետք է նկատի առնել նաև, որ այդ շարժումը ծնվեց խորհրդային պետության մեջ ձևավորված նոր քաղաքական շարժառիթներով. գորբաչովյան ժամանակների ժողովրդավարության, հրապարակայնության և վերակառուցման քաղաքականության արդյունքում այդ չմարված կրակը նորից բորբոքվեց: Հենց այդպիսի պայմաններում էլ Արցախի ժողովուրդը, միամտորեն հավատալով խորհրդային պետության ամբողջական էությանը և խորհրդային համակարգին, փորձեց, քաղաքակիրթ մեթոդով և սահմանադրական իրավունքից օգտվելով, ԼՂԻՄ-ը դուրս բերել խորհրդային Ադրբեջանից և այն միավորել խորհրդային Հայաստանին»,- հիշեցրեց պատգամավորը:

Իշխանյանի խոսքով` Արցախյան շարժումը պարունակում էր թե' Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, թե' սահմանադրական իրավունքը և թե' ազգային ազատագրական պայքար: «Երբ այսօրվա տեսանկյունից մենք անդրադառնում ենք վերջին 30 տարիներին ծավալված իրադարձություններին, բնականաբար, այստեղ առկա է միջազգային այդ նորմը` ինքնորոշման բաղադրիչը: Սահմանադրության ընձեռած հենց այս հնարավորությունը (Արցախի դուրս բերումը խորհրդային Ադրբեջանից /խմբ./) նաև ինքնորոշման իրավունքի բաղադրիչն էր պարունակում, որին ապավինելով` Արցախի ժողովուրդը և իշխանությունները փորձեցին այդ իրավական ձևակերպումն արձանագրել, որը շարունակությունն էր հենց այդ ինքնորոշման իրավունքի»,- բացատրեց նա:

Իշխանյանը շեշտեց, որ 1988 թվականին շարժման նպատակը եղել է Հայաստանին վերամիավորվելը: «Աշխարհում չկան երկրներ, որ կարողացել են անմիջապես ճանաչելի դառնալ պետությունների կողմից: Արցախի Հանրապետության պարագայում պետք է արձանագրել մեկ կարևոր փաստ` մենք փորձեցինք մայր հայրենիքին վերամիավորվելու գաղափարը իրականաւթյուն դարձնել, սակայն ստիպված էինք ժամանակավորապես այդ գերագույն նպատակին հասնելու համար որդեգրել այլ մարտավարություն` անկախ Արցախի Հանրապետության հռչակումը և նրա միջազգային ճանաչմանն աստիճանաբար հասնելը: Բայց ի սկզբանե` 1988 թվականին, մեր առջև գերագույն նպատակ էր դրված Հաաստանին վերամիավորվելը»,- ասաց դաշնակցականը:

Նրա կարծիքով` այսօր չճանաչված լինելով հանդերձ, Արցախի Հանրապետությունը գտնվում է բավականին հարմար և շահեկան դիրքերում: «Ունենալով ներքին կյանքում ժողովրդավարական սկզբունքների արմատավորման, զարգացման լուրջ հեռանկարներ, տնտեսական բնագավառում տարեցտարի ցուցաբերելով նոր հաջողություններ, պետականաշինության գործընթացում արդեն իսկ կայացման այդ փուլն անցնելուց հետո, երբ կան  ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ, Արցախի Հանրապետությունը լուրջ հայտ է ներկայացրել միջազգային հանրությանը` ինքնուրույն, սուվերեն և անկախ պետության կարգավիճակը ամրագրելու տեսանկյունից»,- նշեց պատգամավորը:

Իշխանյանն ընդգծեց, որ ժողովրդավար Արցախը ոչ մի կապ չի կարող ունենալ բռնատիրական կարգեր ունեցող Ադրբեջանի հետ: «Ոչ միայն մեզ` հայերիս, այլ նաև համաշխարհային հանրության համար շատ պարզ տեսանելի է` ինչպիսի համակարգ է ձևավորվել անկախ Արցախի Հանրապետությունում, այն է` ժողովրդավար պետություն, և թե ինչպիսի համակարգ է հարևան Ադրբեջանում: Այնտեղ տիրում է  բռնատիրությունը, միջնադարյան համակարգը, ուր դեռևս հեռու են լիարժեք ժողովրդավարական պետություն ստեղծելու գաղափարից»,- եզրափակեց նա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica