close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոալիցիան չի փլուզվի, Քոչարյանն էլ չի գա

Հարցազրույց

24 Հոկտեմբերի 2011, 17:37
 Կոալիցիան չի փլուզվի, Քոչարյանն էլ չի գա

«Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ ակտիվի հերթական նիստն է գումարել, եւ ինչպես «Երկիր»-ի հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, քննարկել են ամենատարբեր հարցեր` սկսած ատոմակայանից մինչեւ արտաքին քաղաքականություն:

 

- Պարո'ն Կարապետյան, տեղյակ եմ, որ ակտիվի նիստի ժամանակ անդրադարձել եք նաեւ կոալիցիայում առկա թվացյալ կամ իրական խնդիրներին: Կոալիցիայի փլուզում կանխատեսո՞ւմ եք: 

- Չեմ կարծում, որ կոալիցիան հիմա կփլուզվի, անկեղծ ասած` դժվար եմ պատկերացնում: Երեկ էլ եմ նշել, որ, օրինակ, Դաշնակցության դուրս գալը կոալիցիայից բացատրելի էր. կար գաղափարական խնդիր: Գաղափարական առումով անհասկանալի է, թե ինչ հակասություններ կան ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Կարծում եմ` հակասությունը զուտ ադմինիստրատիվ է, ինչն էլ մեր խնդիրը չէ: Եթե անգամ ինչ-որ բան չեն կիսում իրար մեջ, թող չկիսեն, դա իրենց խնդիրն է:

 

-Այսինքն` չե՞ք հավատում, որ ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից:

-Կա դասական քաղաքականություն, երբ կուսակցություններն իրար հետ պայքարում են գաղափարախոսության տարբերության համար. ՀՀԿ-ԲՀԿ գաղափարական տարբերություն չկա: Ինչպես մեր դեպքում, այնպես էլ ԲՀԿ-ում, ամեն ինչ հենվում է առաջնորդի անձնական իմիջի վրա: Գագիկ Ծառուկյանը որպես ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչ չի ընկալվում:

 

- Պարո'ն Կարապետյան, այդ դեպքում ինչո՞ւ ստեղծվեց ՀՀԿ-ԲՀԿ այս աղմուկը, ո՞ւմ էր ձեռնտու, ինչի՞ համար:

- Տարբերակները երեքն են: Առաջին` հնարավոր է, որ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ, իրոք, կան ադմինիստրատիվ տարաձայնություններ: Երկրորդ սցենարի դեպքում հնարավոր է, որ միտք է ծագել ԲՀԿ-ին կոալիցիայից դուրս հանել, ավելի ընդդիմադիր դարձնել եւ որոշ ընդդիմադիրների ձայները հավաքել: Երրորդ վարկածի դեպքում` կարող է ինչ-որ մի խմբի համար ստեղծված իրավիճակից օգտվելու հնարավորություն ընձեռվի: Երեք տարբերակներն էլ հնարավոր է` իրագործվեն:

 

- Հաշվի առնելով այս ամենը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ պատկեր կունենանք նոր խորհրդարանում:

- Շատ բան կախված կլինի նոր ուժի ձեւավորումից: Պատկերը կարող է գծվել նաեւ արտաքին քաղաքական դաշտում ունեցած որեւէ գործընթացից: Ասենք` մի գիշեր քնենք-արթնանանք եւ իմանանք, որ Սերժ Սարգսյանը Էդվարդ Նալբանդյանի հետ որեւէ թուղթ է ստորագրել: Ամեն ինչ կարող է փոխվել նաեւ ներքին իրավիճակից, երբ քաղաքական ուժերը ուզած-չուզած ամեն ինչ մի կողմ դնեն: Այսօր շատ ուժերի խանգարում է Ռոբերտ Քոչարյանի ուրվականը, այն միտքը, որ նա կարող է վերադառնալ:

 

- Իսկ Ձեր կանխատեսմամբ կվերադառնա՞:

- Ոչ, եւ դեռ ավելին, ես նրա վերադարձն անհավանական եմ համարում: Վերադառնալու միակ ճանապարհը Պուտինն է, այսօր շատերը կարող են ասել, որ ահա Պուտինը դառնում է նախագահ, բայց մոռանում են, որ Պուտինը վերադառնում է որպես նոր Պուտին:

 

- Ձեզ նոր խորհրդարանում տեսնո՞ւմ եք, եւ հնարավո՞ր է որեւէ դաշինքի գնաք, օրինակ` ՀԱԿ-ի հետ:

- Անցած անգամ պաշտոնապես 4 տոկոս ենք հավաքել, եւ դա մեզ հիմքեր է տալիս: Այս ընթացքում Արամ Կարապետյանը եւ նրա կուսակցությունը որեւէ բան չեն կորցրել, ընդդիմադիր միջոցառումների մեջ ենք եղել: Մենք կասկած չունենք, որ նոր խորհրդարան անցնելու ենք: Եթե ՀԱԿ-ի հետ դաշինքի գնալու լինեինք, վաղուց կանեինք, ներքին խնդիրների մասով ենք լավ համագործակցում, բայց գաղափարախոսական համագործակցության տեսնակյունից գտնվում ենք տարբեր բեւեռներում: Լավ կլիներ, որ լուրջ ազգային բեւեռ ձեւավորվեր: Իսկ այսօր ամեն կերպ աշխատում ենք, որ մեր պայքարը կարողանանք միայնակ տանել:

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica