close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմա ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է. Կարեն Կարապետյան

Քաղաքական

9 Փետրվարի 2018, 18:33
 Հիմա ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ աշխատակազմի և պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ 1992 թ. ի վեր ծավալված համագործակցությունը և նշել, որ այսօրվա շնորհանդեսը լավ առիթ է քննարկելու ու մտքեր փոխանակելու, թե որտեղ ենք գտնվում և ինչպես ենք ուզում շարժվել առաջ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության 70 տոկոսն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի և մեխանիզմների միջոցով: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ներկայում USAID-ն Հայաստանում իրականացնում է 30-ից ավելի ծրագիր, որոնց շրջանակում օժանդակություն է ցուցաբերվում ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ համարվող ոլորտների բարեփոխումներին՝ տնտեսություն, կառավարում, դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: 

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը ներկայացրել է իրականացվող ծրագրերի ցանկը և հիմնական արդյունքները՝ նշելով, որ USAID-ի հիմնական նպատակներն են սատարել Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը (նպաստավոր միջավայր առևտրի և ներդրումների համար ու թիրախային ոլորտների մրցունակության բարձրացում) և ժողովրդավարության զարգացմանն ու կառավարման բարելավմանը (քաղաքացիական ավելի մեծ մասնակցություն ու վերահսկողություն բարեփոխումներում և քաղաքականության մշակման ու իրականացման առավել բաց մոտեցումներ):

Տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերը հիմնականում իրականացվում են էներգետիկայի, գյուղի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների բնագավառներում, իսկ ժողովրդավարության և կառավարման ոլորտում համատեղ աշխատանքները միտված են վարչատարածքային, երեխաների պաշտպանության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և հումանիտար ոլորտներում ծրագրերի իրականացմանը:

Դեբորա Գրիսերը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է Հայաստանի կառավարության հետ համատեղ քննարկել հետագա գործընկերության ուղղությունները՝ իր մոտեցումները համապատասխանեցնելով մեր երկրի զարգացման առաջնահերթությունների հետ: ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ ծրագրեր իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել տարիների ընթացքում հաջող գործակցության համար՝ ներկայացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև պատկերացումները հետագա փոխգործակցության վերաբերյալ:

Ամփոփելով մտքերի փոխանակումը՝ կառավարության ղեկավարը նույնպես շնորհակալություն է հայտնել ԱՄՆ գործընկերներին տպավորիչ համագործակցության համար, որի արդյունքում արձանագրվել են շոշափելի արդյունքներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է կարևոր բարեփոխումների փուլում, և ԱՄՆ ՄԶԳ հետ գործակցության խորացումը մեծ նշանակություն ունի: «Մենք ունենք բաց գործընկերային հարաբերություններ՝ և´ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, և´ USAID-ի հետ: Մենք չափազանց շահագրգռված ենք այդ համագործակցության մեջ:

Առաջնահերթությունները շատ են՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, սնանկացում, դատական համակարգ, ոռոգման համակարգի ռեֆորմ, առողջապահության ապահովագրում, տեսչական մարմիններին տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն, թվային օրակարգ, գյուղատնտեսություն, տարածքային կառավարում, ռեգիոնալ և կենտրոնական մարմինների իրավունքների բալանսավորում, հարկային, մաքսային վարչարարություն, սոցիալական հասցեականություն, վարչական ռեգիստր և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Չի գալու մի պահ, որ մենք օրակարգում խնդիր չունենանք, բայց հիմա հետաքրքիր, ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է», - նշել է ՀՀ վարչապետը: 

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica