close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ երեք խմբակցությունները դեմ են փաստաբաններին տուգանելուն, ՀՀԿ-ն կոչ է անում կողմ քվեարկել

Քաղաքական

8 Փետրվարի 2018, 16:26
 ԱԺ երեք խմբակցությունները դեմ են փաստաբաններին տուգանելուն, ՀՀԿ-ն կոչ է անում կողմ քվեարկել

ԱԺ-ում քննարկվում է  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից օրենքները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Վիճահարույց է այն դրույթը, որ փաստաբանները, դատախազները, քննիչները, դատավարության մասնակիցները եթե վիրավորեն դատավորին, դատավորն իրավունք ունի կիրառելու պատիժ՝ մինչև 100 հազար դրամի չափով տուգանք: Համաձայն արդարադատության նախարարության մշակած նախագծի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ստացել են Փաստաբանների պալատի կոչը խորհրդարանականներին, և հորդորեց կառավարությանը ևս մեկ անգամ հանդիպել Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ ու քննարկել այս նախագիծը: Ըստ պատգամավորի` այն ոչ միայն բովանդակային առումով է խնդրահարույց, այլ նաև սահմանադրականության հետ խնդիրներ ունի: «Որևէ մեկն իրավունք չունի խախտելու կանոնակարգը և առաջինից երկրորդ ռեժիմում բերելու երկու նոր նախագիծ, որոնց դրույթներնը առաջին ընթերցում դեռևս չեն անցել»,- ասաց նա: Զոհրաբյանի խոսքով` այս դրույթները հետագայում Եվրոպական դատարանում դառնալու են  լրջագույն վիճարկման առարկա:

«Փաստաբանների անկախության հետ կապված խնդիր կա, դատավորը չի կարող, լինելով կողմ, սանկցիա կիրառել և փաստաբանի անկախությունը սահմանափակել: Խնդիրներ կան, հորդորում եմ չդնել քվեարկության, և սա չսարքել կառավարության պրինցիպի հարցը: Առաջարկում եմ նորից քննարկել շահառու և շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- ասաց պատգամավորը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ և ասաց` հարցի կարևորությունը նկատի ունենալով, վերջերս հանդիպել են Փաստաբանների պալատի նախագահի և նրա հետ եկած փաստաբանների հետ: «Հանգել ենք այն եզրակացությանը, որ իսկապես խնդիր կա, և  համաձայնեցված, կոմպրոմիսային ճանապարհով այս հարցը լուծելու հնարավորություն կա: Նրանք ընդունում են, որ գործող կարգում, որը կարգապահական վարույթ է նախատեսում փաստաբանների նկատմամբ, ներառված է տուգանքի հնարավորությունը, բայց ասում են, որ` այո, այդ տուգանքների կիրառման փաստացի գործընթացը ձգձգվում է: Սա  նկատի ունենալով` կարելի էլուծում գտնել, բայց լուծումն այս ձևով բերել և չհամաձայնեցված այստեղ ստեղծել նոր լարվածություն, կարծում եմ, տեղին չէ, մանավանդ, որ նրանք պատրաստ են նաև գնալ կոմպրոմիսի` հասկանալով խնդրի էությունը»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ իրենք էլ իրենց կողմից առաջարկություններ ունեն ներկայացնելու, և հարցն էլ հրատապ լուծելու կարիք չկա, առաջարկեց` ժամանակը ճիշտ օգտագործել: «Հարցը հրատապ լուծելու անհրաժեշտություն չկա, ուրեմն կարելի է ժամանակը ճիշտ օգտագործել, մանավանդ` սա պետք է գործադրվի 19 թվականից: Այն լուծումը, որ հիմա է առաջարկվում, անհասկանալի  է, եթե կոնֆլիկտի կողմերից մեկը դատավորն է, դատավորն ինչո՞ւ պիտի որոշի` ինչպիսի սանկցիա կիրառի և ինչպիսի պատիժ որոշի տուգանքի ձևով: Առնվազն կարելի է նախատեսել, որ այլ դատավոր դա անի, որովհետև անաչառության սկզբունքը խախտվելու է, և այդտեղ արդարադատության մասին խոսք լինել չի կարող: Ասենք` եթե հարյուր հազար տուգանվեց, սա դիտվելու է քրեական պատժի ձև և կարող է բողոքարկվել միջազգային դատարանում, ու Հայաստանի դեմ կավելացնենք պատժամիջոցները, որ միջազգային դատարանից գալու են: Սա բոլորովին մեզ պետք չէ»,- հավելեց Ռուստամյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ օրենքը հակասահմանադրական է։ «Դատական օրենսգրքից հանվեց դատավարության մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու դրույթը, սակայն ներառվեց Դատավարական օրենսգրքերում, և առաջինից երկրորդ ընթերցմամբ բերվել են նոր օրենքներ, որոնցում ներառվել են լրիվ նոր դրույթներ։ Փաստորեն, փաստաբանները, դատախազները, քննիչները, դատավարության մասնակիցները եթե վիրավորեն դատարանին, դատարանն իրավունք ունի կիրառելու պատիժ՝ մինչև 100 հազար դրամի չափով տուգանք»,- ասաց պատգամավորը:

Զեյնալյանը հիշեցրեց, որ գործող Դատական օրենսգրքում էլ կա նման դրույթ, սակայն` վերապահումով՝ փաստաբանները պատասխանատվության ենթակա չէին։ «Բայց չի եղել դեպք, որ սա կիրառվի դատախազների կամ քննիչների նկատմամբ: Սա իրականում զսպաշապիկ է փաստաբանների համար»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ ընդունման պարագայում Հայաստանի՝ ՄԻԵԴ-ում պարտվելու գործերն ավելի են շատանալու։

Նախագծի հարակից զեկուցող` ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագիծը ստացել է պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, ուստի կոչ արեց կողմ քվեարկել։

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica