close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացառված է, որ քննիչն ինքնագլուխ որոշում կայացնի. Էրեբունու քննչականի նախկին պետը՝ կաշառքի գործի մասին

Իրավունք

6 Փետրվարի 2018, 17:50
 Բացառված է, որ քննիչն ինքնագլուխ որոշում կայացնի. Էրեբունու քննչականի նախկին պետը՝ կաշառքի գործի մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց քաղաքացու կողմից կաշառք տալու, փաստաբանի կողմից կաշառքի միջնորդության և քննիչի կողմից կաշառք ստանալու գործով հերթական դատական նիստը:

Այս գործով մեղադրական եզրակացության համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Բաբկեն Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Գայանե Գալոյանն ու Միքայել Զադոյանը կալանքի տակ են:

Այսօրվա նիստում փաստաբան Գայանե Գալոյանն ու քննիչ Միքայել Զադոյանը հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ըստ Գայանե Գալոյանի` ինքը որևէ մեկին որևէ բանի չի դրդել, չի օժանդակել: Մինչ այդ նա դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել իր աշխատասենյակում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությամբ իր և իր վստահորդի հոր՝ Բաբկեն Գասպարյանի միջև կայացած խոսակցության տեսաձայնագրությունը: Գալոյանի խոսքով՝ ինքը և Բաբկեն Գասպարյանն այդ օրը զրուցել են Գասպարյանի կալանավորված որդու վերաբերյալ քննված քրեական գործի մասին, և տեսաձայնագրությունը տալուն կամ կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ փաստեր չեն պարունակում: Ըստ Գալոյանի՝ նախաքննական մարմինն իր նկատմամբ կայացրած մեղադրանքը կառուցել է այդ ապացույցի հիման վրա: Անազատության մեջ գտնվող փաստաբանի խոսքով՝ այդ կերպ խախտվել են գործի արդար դատաքննության, անմեղության կանխավարկածը, ապացույցների գնահատման պահանջները: Նա նշեց, որ քրեական գործով մեղադրանքի հիմքում չէին կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անօրինական գործողություններով: Գայանե Գալոյանի խոսքով՝ նախքննական մարմնի կողմից անտեսվել է այն կարևոր հանգամանքը, որ ինքը Գասպարյանի հետ ունեցել է փաստաբանական ծառայություններ մատուցելու պայմանագիր, Բաբկեն Գասպարյանն իրավունք է ունեցել հաղորդակցվելու իր հետ` իմանալու որդու վերաբերյալ քննվող գործի ընթացքի մասին: Փաստաբանի պնդմամբ՝ ինքը հնարավոր է Բաբկեն Գասպարյանին փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ է տրամադրել, իսկ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված նյութերը չեն կարող համարվել ապացույց և դրվել իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում, քանի որ այդ կերպ խախտվել է փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը:

Նախագահող դատավոր Մեսպորպ Մակյանը հայտնեց, որ միջնորդությանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս:

Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի նախկին պետ Էդուարդ Սիրականյանը:

Նա այս գործով որպես վկա դատակոչվել էր մեղադրանքի կողմի միջնորդությամբ՝ իր նախկին  ենթակաների՝ Էրեբունու քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի և նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի կատարած ենթադրյալ գործողությունների վերաբերյալ ցուցմունք տալու համար:

Քննչական կոմիտեի պաշտոնյան դատարանում մանրամասներ հայտնեց քննիչ Միքայել Զադոյանի վարույթում՝ Սոս Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցված և քննված քրեական գործի մասին: «Իմ կողմից քրեական գործի նախաքննությունը մակագրվել է իմ տեղակալին՝ Բունիաթ Եղիազարյանին, ով էլ գործը մակագրել էր քննիչ Զադեոյանին: Գործի քննության ընթացքում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով կասկածվող անձը ձերբակալվել է, ներկայացվել է կալանքի, հետագայում դատարանի կողմից նրա նկատմամբ գրավ է կիրառվել»,- ասաց նա:

Վկան հայտնեց, որ Սոս Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործն առանձնանում էր նրանով, որ գործն այլ հոդվածի՝ ՀՀ ՔՕ 116-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներ էին պարունակում (Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նա նշեց, որ  հեռախոսակապի միջոցով այս գործով մշտապես քննարկումներ են ծավալվել վերադաս դատախազի՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Խաչատրյանի հետ: «Տեսնելով, որ քննարկումները ձգձգվում են, առաջարկել եմ գործը 112-րդ հոդվածի հատկանիշներով ուղարկել դատարան»,- ասաց Սիրականյանը:

Խոսելով այս գործով վերադաս դատախազին ուղղված բողոքների մասին` քննչականի նախկին պետն ասաց. «Իմ նշանակումից ի վեր, երբ ինչ-որ գործով կալանավորման որոշումը մերժվում է կամ գրավ է կիրառվում, մեր կողմից ներկայացված միջնորդությանը և դատարանի կայացրած որոշմանը կից գրություն է ուղարկվում վարչական շրջանների դատախազին՝ որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու համար»:

Դատավորի դիտարկմանը, թե Էրեբունու քննչական բաժնում այնպիսի գործ չի՞ եղել, որը չբողոքարկվի, քննչականի պետը պատասխանեց. «Իմ օրոք՝ ոչ»: Նա հայտնեց, որ Սոս Գասպարյանի վերաբերյալ քննված քրեական գործն իր աշխատասենյակում ներկայացրել է քննիչ Զադոյանը, քննարկմանը ներկա է եղել նաև Բունիաթ Եղիազարյանը: Սիրականյանի խոսքով՝ իրենց քննչական բաժնում վստահության մթնոլորտ է տիրում, և բացառված է, որ քննիչն ինքնագլուխ որոշում կայացնի:

Միքայել Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանի հարցին` Սոս Գասպարյանին ձերբակալելու վերաբերյալ Միքայել Զադոյանն ի՞նչ դիրքորոշում ուներ, Էդուարդ Սիրականյանը պատասխանեց, որ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը բացառապես ազատազրկում է նախատեսում, և, ելնելով հոդվածից,այդ հարցը չի էլ քննարկվում, որ 112-ով մարդը կարող է չձերբակալվել: «Եթե 112-ով կասկածյալ է լինում, պարտադիր ձերբակալվում է»,- վստահեցրեց քննչականի պետը:

Փաստաբան Հրանտ Անանյանի մյուս հարցին, թե` Ձեր կարծիքին որևէ հակակշիռ կարծիք եղե՞լ է, որ գործը վերաորակեն, նոր ուղարկեն դատարան, Սիրականյանը պատասխանեց. «Բացառված է»:

Փաստաբանի հարցին, թե քննիչը չի՞ կարող  այլ կարծիք ունենալ, նա պատասխանեց. «Եթե քննիչն այլ կարծիք ունենա, կգա, կմտնի իմ աշխատասենյակ, կհայտնի, կխնդրի: Քննիչը կարող է գալ, ասել՝ ես չեմ ցանկանում այս գործը քննել, քանի որ ծանրաբեռնված եմ, ասել` խնդրում եմ այս գործի նախաքննությունը հանձնարարել այլ քննիչի»:

Էրեբունու քննչականի պետի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստի ընթացքում:

Թագուհի Մելքոնյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica