close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2018
+1°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր կուսակցության օրակարգում ռեյտինգային ընտրակարգը փոխելու օրակարգ չկա. Շարմազանով

Քաղաքական

6 Փետրվարի 2018, 17:25
 Մեր կուսակցության օրակարգում ռեյտինգային ընտրակարգը փոխելու օրակարգ չկա. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է, որ ՀՅԴ-ի իրավունքն է ունենալ սեփական կարծիք ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ, որը անձամբ ինքը չի կիսում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Մեր դաշնակցական գործընկերներն այդ հարցի վերաբերյալ ունեցել են և ունեն իրենց ուրույն դիրքորոշումը, որը տարբեր է Հանրապետականի դիրքորոշումից: Դա մեր դաշնակցական գործընկերների իրավունքն է, որը ես անձամբ չեմ կիսում: Չեմ կարծում, որ ռեյտինգային ընտրակարգը խոչընդոտ է Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, ավելին` այս վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային ընտրակարգի դեպքում մենք կարողացանք կազմակերպել լավագույն պառլամենտական ընտրությունները մեր նորագույն պատմության մեջ, և որևէ խնդիր ռեյտինգային ընտրակարգի մեջ չի եղել»:

Շարմազանովը վստահեցրեց, որ ռեյտինգային ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան կուսակցական փակ ցուցակներով ընտրակարգը: «Ռեյտինգային ընտրակարգի դեպքում մենք հնարավորություն ենք տալիս կոնկրետ ընտրողին, որ ինքը ընտրի` ցուցակից ով է լինելու իր պատգամավորը, այլ ոչ թե կուսակցական ղեկավարությունը փակ ցուցակով որոշի, որ, օրինակ, Պողոս Պողոսյանը պետք է լինի ցուցակում, և վերջ»,- բացատրեց նա:

Շարմազանովը պնդեց, որ եթե ո'չ իշխանության, ո'չ ընդդիմության, ո'չ դիտորդների, ո'չ էլ հասարակության համար խնդրահարույց չեն եղել այս կարգով ընտրությունների արդյունքները ապա ո՞րն է նպատակը, որ փոխենք: «Փոխենք փոխելու համա՞ր: Իմ խորին համոզումն է, որ ռեյտինգայինն ավելի ժողովրդավարական է քան փակ կուսակցական ցուցակներովը»,- շեշտեց նա:

Դիտարկմանը` դա հնարավորություն է տալիս իշխող ուժին խորհրդարան բերելու այն մարդկանց, ում ուզում է, Շարմազանովն արձագանքեց. «Նախ` իշխող ուժը չի բերում, ժողովուրդն է ընտրում, հետո`այս ռեյտինգային համակարգը ոչ թե խոչընդոտ է, այլ հակառակը` խրախուսում է տեղական տարածքներում ժողովրդավարության զարգացումը և ներկուսակցական կոնկուրենցիան»:

Նա հավաստիացրեց, որ այս հարցի հետ կապված տարաձայնությունների պատճառով Դաշնակցության և Հանրապետականի կոալիցիայի տրոհում չի լինի: «Մենք հիմնական հարցերում միասնական ենք, ունենք կոալիցիոն հուշագիր, և հուսով եմ` կհասցնենք միասնական ավարտի»,- հույս հայտնեց Շարմազանովը:

Yerkir.am-ի հարցին` ռեյտինգային ընտրակարգի վերանայումը հիմնական հարցերից չէ՞, նա պատասխանեց. «Շատ ավելի կարևոր հարցեր կան, որ մենք միասնական ենք, օրինակ` հայ-թուրքական արձանագրությունների հետկանչումը, ԼՂՀ-ի հարցում ինքնորոշման իրավունքի իրացումը, տնտեսության առողջացումը և այլն»:

Շարմազանովն ընդգծեց, որ իրենց կուսակցության օրակարգում ընտրական օրենսգրքի ձևի փոփոխության հետ կապված հարց չեն քննարկել:

Դիտարկմանը` ռեյտինգային ցուցակով առաջադրվում են նրանք, ովքեր փող են բաժանում, նա պատասխանեց. «Եթե Հանրապետականին չես ուզում ընտրել, գնա, ընտրի ում ուզում ես: Դե լավ եք էլի… Կաշառք եք տալիս… Մեր ժողովրդին չի կարելի վիրավորել: Չէ, չենք տալիս կաշառք»:

Լրագրողները նրան հիշեցրեցին ՍԱՍ-ում կատարված ձայնագրության մասին, երբ ժողովի ժամանակ, աշխատողներին սպառնալով, պահանջում էին ձայներ ապահովել Արտակ Սարգսյանի համար: Շարմազանովն ասաց.«Ձայնագրություններով հանդերձ, Արաբկիրի բնակիչները ձայն են տվել Արտակ Սարգսյանին: Հասարակության, ժողովրդի ընտրությունն ինձ համար քննարկման առարկա չէ»: Ապա հավելեց, որ դա իրավական խնդիր է: «Եթե ռեյտինգային ընտրակարգը չլիներ, Մանե Թանդիլյանը խորհրդարանում կլինե՞ր, ռեյտինգայինով է ընտրվել»,- եզրափակեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարություն էր արել, որ ՀՅԴ-ն դեմ է ռեյտինգային ընտրակարգին և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթ է ներկայացնելու:

Եղանակն՝ առաջիկա օրերին
23 Փետրվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica