close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+11°
+20°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարիներ ի վեր անտառների պահպանության գործող մեխանիզմը ճիշտ չի եղել, գործիքակազմը թերի է. Միքայել Մանուկյան

Հարցազրույց

2 Փետրվարի 2018, 20:49
 Տարիներ ի վեր անտառների պահպանության գործող մեխանիզմը ճիշտ չի եղել, գործիքակազմը թերի է. Միքայել Մանուկյան

Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին հրամանագիր ստորագրեց։ Կոմիտեն կգործի ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում։

Անտառային պետական կոմիտեի կարգավիճակը որքանո՞վ կնպաստի ոլորտում առկա խնդիրներն ու բացերն առավելագույնս շտկելուն։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հետ։

-Պարո՛ն Մանուկյան, շուրջ կես տարի է` ղեկավարում եք «Հայանտառ»-ը։ Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ պաշտոնավարման սկզբնական փուլը Ձեզ համար ավելի շատ ուսումնասիրությունների, ոլորտի նրբությունները պատկերացնելու փուլ էր։ Այժմ կարո՞ղ եք ասել՝ որո՞նք են առկա կարևոր և առանցքային խնդիրները, և ի՞նչ կոնկրետ աշխատանքներ եք կատարել ու կատարում այդ ուղղությամբ։

-«Հայանտառ»-ի կարևորագույն խնդիրն այսօր անտառների արդյունավետ պահպանության հարցն է։ Տարիներ ի վեր անտառների պահպանության գործող մեխանիզմը ճիշտ չի եղել, գործիքակազմը թերի է, ինչի արդյունքում առաջացել են բազմաթիվ խնդիրներ։ Պետական կոմիտեի կարգավիճակը հնարավորություն կտա, որ շատ հարցեր պատշաճ լուծում ստանան։ Մասնավորապես` մենք  կունենանք պահպանության առանձին պետական ծառայություն, որն օժտված կլինի լուրջ իրավասություններով,  գործիքակազմով։ Նշյալ ծառայությունը զուտ անտառի պահպանություն կիրականացնի։

-Այսինքն՝ ՊՈԱԿ-ի լիազորությունները թույլ չե՞ն տալիս արդյունավետ պահպանություն իրականացնել, մինչդեռ կոմիտեի լիազորությունների ավելի լայն շրջանակն այդ խնդիրը կլուծի՞։

-Այս պահի դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր կազմում անտառային պետական ծառայություն ունենալու իրավասություն չունի, իսկ կոմիտեի կարգավիճակը տալիս է այդ հնարավորությունը։ Ներկայումս մեր անտառների պահպանությունը վերապահված է անտառապահներին, ովքեր չունեն բավարար գործիքակազմ, լիազորություններ՝ արդյունավետ աշխատելու համար։ Անտառապահների աշխատանքը 9։00-18։00-ն է։ Պահպանության ծառայության ներդրմամբ այս լուրջ խնդիրը ևս լուծվելու է. գործելու է 24-ժամյա պահպանության ռեժիմ՝ հագեցած անհրաժեշտ գործիքակազմով, լուրջ հսկողության տակ է առնվելու փայտանյութի տեղաշարժը։ Պահպանության մասով զբաղվելու է պահպանության ծառայությունը, իսկ անտառի կայուն կառավարման մյուս հարցերն արդեն վերապահված են լինելու կոմիտեի կազմում գործող ՊՈԱԿ-ին։ Նախատեսում ենք նաև անտառային տարածքներում զբոսաշրջության զարգացման  համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնել,  մասնավորապես՝ զբոսաշրջային նոր երթուղիներ մշակել, հանգստի գոտիներ, վրանային ճամբարներ, գիշերակացներ ստեղծել և շահագործել։ Ուսումնասիրել ենք այս բնագավառում տարբեր երկրներում իրականացվող աշխատանքները, և պետք է ասեմ, որ  հարևան Վրաստանի փորձը բավականին հաջողված եմ համարում։ 

-Ո՞րն է լինելու անտառային պետական կոմիտեի գործառույթը։

-Կոմիտեն գործելու է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում։ Նախարարությունը մշակելու է ՀՀ անտառային ոլորտի քաղաքականությունը, իսկ կոմիտեն իրականացնելու է այն։ Անտառների պահպանությունը՝ պահպանության ծառայության միջոցով, իսկ անտառների կայուն կառավարումը՝ ՊՈԱԿ-ի միջոցով։

- Վերջին ամիսներին ապօրինի ծառահատումների դեմ պայքարի համատեքստում եղան մի շարք բացահայտումներ, ձերբակալություններ։ Կարո՞ղ ենք ասել, որ ձեր կառույցի և իրավապահ մարմինների հետ համագործակցությունն է նպաստել սրան։

-Համագործակցություն եղել է իրավապահների, բնապահպանության և ընդերքի տեսչության հետ։ Իհարկե, արդյունքը կա։ Հարկ է ասել, որ  ապօրինությունների դեմ պայքարին վերաբերող հարցերը նախագահի և վարչապետի ուշադրության կենտրոնում են։ Նաև սա է նպաստում, որ ոլորտն ավելի շատ լինի ուշադրության կենտրոնում, և կարգավորումներ լինեն։ Նկատենք՝ հարցը  վերաբերում է նաև նախկինում կատարված  ապօրինությունների բացահայտմանը։ Աշխատանքներ են տարվում նաև նախկինում եղած բոլոր ապօրինությունները ջրի երես հանելու, քննություն իրականացնելու և ապօրինությունների դեմ պայքարելու ուղղությամբ։

-Առաջիկայում  կադրային փոփոխություններ նախատեսո՞ւմ եք։

-Ես այս հարցում առավելագույնս ձգտում եմ բացառել սուբյեկտիվության գործոնը։ Այսինքն՝ չեմ կենտրոնանում կոնկրետ անձանց վրա։ Ինձ համար կարևոր է բարեխիղճ աշխատանքը, որի արդյունքում կշահի գործը։ Անշուշտ, եթե աշխատակիցը բարեխղճորեն չմոտենա իր աշխատանքին, չենք կարող աշխատել այդպիսի մարդու հետ։ Ասեմ նաև, որ պահպանության ծառայության աշխատակիցը պետք է հատուկ հմտություններ  ունենա, մասնագիտացած լինի պատշաճ պահպանություն իրականացնելու գործում։

-Պարո՛ն Մանուկյան, անտառվերականգնման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են  իրականացվել։ Անցյալ տարեվերջին համապետական ծառատունկ էիք կազմակերպել, նմանատիպ աշխատանքները շարունակակա՞ն են լինելու։

 -Վերջերս  ամփոփում էինք 2017 թվականը և, նախորդ տարվա համեմատ, 3 անգամ ավելի անտառվերականգնում ենք իրականացրել։ Նմանատիպ աշխատանքների ծավալներն այսուհետ ավելի ենք մեծացնելու, նոր անտառներ ենք հիմնելու։

- Այլ երկրների անտառային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ եք ունենում։ Որքանո՞վ են արդյունավետ նմանօրինակ հանդիպումները։

-Այս  կարճ շրջանում, որ ես ղեկավարում եմ մեր հաստատությունը, ավելի շատ բելառուսական կողմի հետ ենք աշխատել, ունենք ձեռքբերումներ։ Բելառուսի մեր գործընկերները Հայաստանում բարեկամության պուրակ են հիմնելու։ Նրանց հետ աշխատանքի ընթացքում փորձի փոխանակումն օգտակար եմ համարում։ Ռուսաստանի մեր գործընկերներն էլ են եղել մեզ մոտ, ուսումնասիրություններ արել, դարձյալ փորձի փոխանակում է եղել։ Մասնագետներ ենք ընդունել նաև ԱՄՆ-ից։ Նրանք հիմնականում մասնագիտացած էին հրդեհների դեմ պայքարի ոլորտում։ Կարծում եմ՝ այս տեսակի համագործակցություններն էլ ցանկալի արդյունքներ կտան։

 

Զրուցեց Ամալյա Առաքելյանը 

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica