close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում բոլորն ուզում են շատ ստանալ՝ քիչ անելով

Հարցազրույց

22 Հոկտեմբերի 2011, 12:15
 Հայաստանում բոլորն ուզում են շատ ստանալ՝ քիչ անելով

«Քվանտ» վարժարան, ԵՊՀ, Քեմբրիջի համալսարան... Մտածում եմ, հետո՞ ինչ կգրվի 23-ամյա Արամ ՄՈՒՂԱԼՅԱՆԻ կենսագրության մեջ. կհաջողի՞ Հայաստանում սկսած իր ծրագրերը, թե՞ կփորձի կրկին ընդունվել աշխարհի որեւէ հեղինակավոր բուհ, որպեսզի փակի հայրենիքում սեփական կրթվածությանը համապատասխան տեղ չգտնելու բացը:

 

- Ֆիզիկան սկսեց ինձ շատ հետաքրքրել, ու ես որոշեցի ֆիզիկոս դառնալ, որովհետեւ փոքր ժամանակվանից սիրում էի հարցեր տալ` ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞նց է լինում:

 

- Բայց երեւի առաջին հարցդ էր, թե երեխաները ոնց են ծնվում:

- Դե դա շուտ իմացա, իմ մեծ ընկերներից: Ֆիզիկան ավելի գլոբալ, ավելի լուրջ հարցերի է պատասխանում: Սակայն երկրորդ, երրորդ կուրսում արդեն, երբ սկսեցինք գործնական առարկաներ անցնել, եւ լաբորատորիայում մեր փորձերը շատացան, սկսեցի նկատել, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում ֆիզիկան Հայաստանում:

 

- Բայց որքան գիտեմ՝ շատ լավ ֆիզիկոսներ ունենք, այդ բացը լավ դասախոսներով չէ՞ր փոխհատուցվում:

- Կոնկրետ մասնագիտական առարկաներում նրանց տարիքը շատ բարձր է՝ հիսուն, վաթսուն մոտավորապես: Դա նշանակում է, որ Հայաստանում երիտասարդ գիտնականների նոր սերունդ չի աճել ցավոք. ութսունականներից հետո ֆիզիկոսների մի սերունդ ուղղակի դրսում է մեծացել ու հիմա բացակայում է: Պատճառը չափից դուրս ցածր ֆինանսավորումն է: Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ՀՆԱ-ի 0,3 տոկոսից էլ քիչ է հատկացվում գիտությանը, իսկ զարգացած երկրներում ընդունված նորմը 2-3 տոկոս է:

 

- Դրա համար էլ որոշեցիր փոխե՞լ մասնագիտությունդ:

- Ուրիշ երկրների փորձով հասկացա, որ եթե ֆիզիկոսները ճիշտ օգտագործեն իրենց անալիտիկ կարողությունները, շատ ճիշտ մենեջմենթ կարող են անել: Ոմանք կասեն՝ բոլորն էլ կարող են անել բիզնես, մենեջմենթ, բայց միայն՝ Հայաստանում: Այստեղ ընկերությունների զարգացման հիմնական խոչընդոտներից է, որ իրենք չունեն ճիշտ մենեջմենթ, չեն կարողանում ճիշտ ղեկավարել, մրցունակ դառնալ:

 

- Իսկ ի՞նչ տվեց Քեմբրիջը, բացի «Լույս» հիմնադրամի հետ քո ուսման վարձը կիսելուց:

- Շատ խտացված ու խորը կուրսերով՝ ոչ միայն լուրջ գիտելիքներ տվեց, այլեւ աշխարհայացքս փոխեց, ընկերների ու համախոհների շատ մեծ շրջանակ ձեռք բերեցի: Իսկ այդ շրջանակը շատ կարեւոր է ապագա բիզնեսի համար՝ նաեւ Հայաստանից դուրս: Ու ես չեմ էլ կասկածում, որ իմ քեմբրիջյան համակուրսեցին մի օր Հնդկաստանի վարչապետ կդառնա կամ հայտնի միլիարդատեր:

 

- Իսկ դու՝ դրանցից ո՞ր մեկը:

- Ես ավելի շատ՝ բիզնեսմեն: Քաղաքականություն այդքան էլ չեմ սիրում: Ես ուզում եմ իմ չափով նպաստել երկրի զարգացմանը:

 

- Նոր աշխարհայացքով ո՞նց ես քեզ զգում, եկել ես մի տեղ, որտեղ ուրիշ մտածելակերպ է իշխում:

- Շատ լավ: Մինչեւ գնալս ես էլ էի մտածում, որ Եվրոպայով ու Ամերիկայով սահմանափակվում է մարդկության ապագան: Հիմա զգում եմ, որ ապագան Հնդկաստանում ու Չինաստանում է: Մեր խմբի կեսից ավելին ասիացիներ էին: Աշխարհի ֆինանսական ավանդական կենտրոններն են, այո, Նյու Յորքը, Լոնդոնը, բայց ապագա կենտրոնները` Սինգապուրը, Հոնկոնգը... Եթե դուք որեւէ ծրագրային խնդրով զանգում եք «Մայքրոսոֆթ», ձեզ թվում է՝ Ամերիկայի՞ց են խոսում, ոչ, այդ կենտրոնները Հնդկաստանից են ձեզ հետ խոսում:

 

- Իսկ դրան խանդով չե՞ն նայում Արեւմուտքում:

- Երեւի՝ փիլիսոփայորեն: Ոչինչը հաստատուն չէ. մի ժամանակ Հռոմեական կայսրությունն էր ուժեղը, եղել է, որ՝ Գերմանիան, հետո՝ Եվրոպան, Ամերիկան: Բայց հիմա նոր ուժ է բարձրանում` Ասիան: Դու դրա դեմ ոչինչ չես կարող անել:

 

- Հայաստանը ի՞նչ կարող է անել:

- Չինաստանի ու Հնդկաստանի հետ արդյունաբերության ոլորտում, իհարկե, չենք կարող մրցել, բայց Հայաստանի ապագան ես տեսնում եմ մտավոր ներուժի մեջ: Հնդիկներն ու չինացիներն այդքան շատ են առաջատար համալսարաններում, բայց իրենց բնակչության թվի համեմատ՝ հայերից քիչ են: Մարդկային ռեսուրսների մեջ եմ պատկերացնում Հայաստանի ապագան:


- Վերադարձիցդ մի քանի ամիս է անցել, աշխատանք ունե՞ս:

- Ունեմ: Գործս նոր է, չեմ ուզում մանրամասնել. բիզնեսի ոլորտում է: Մեծ ապագա եմ կանխատեսում:

 

- Երեւի որպես մենեջմենթի մասնագետ կիմանաս՝ ֆիզիկայի ինստիտուտը ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածելու որոշումն արդարացվա՞ծ է: Միայն հիմնադրամ բառն ինձ մտահոգում է: Ոչ մի տեղ չեմ տեսել, որ գիտական հաստատությունը հիմնադրամ կոչեն: Հիմնադրամ հասկացությունն ինձ մոտ առաջացնում է թոշակի անցածների ակումբի տպավորություն, որոնց արդեն որեւէ լուրջ գործ չեն վստահում:

- Իսկ եթե գիտությունը կիրառական ճյուղեր ունենա, արտադրություն հիմնվի, դրանից եկած փողն ուղղվի գիտությանը… - Կառավարությունն ուղղակի պետք է համբերություն ունենա: Պիտի հասկանա՝ գիտությունը բիզնես չէ, որ մի տարվա կտրվածքով գաս, ասես՝ ու՞ր ա իմ 10-20% եկամուտը: Պետք է սպասես, բավական ժամանակ բան չուզես, ու հետո ինքը սկսի արդյունք տալ: Ես Քեմբրիջի լաբորատորիաներում նրանց քննարկումներին եմ գնացել. մոտեցումն էր հետաքրքիր: Մի հայտնի գիտնական վեր էր կենում, ասում էր` ես գիտահետազոտական խումբ ունեմ, ու ինձ մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ է պետք: Անգլիայի կառավարությունը, գտնվելով ճգնաժամի մեջ, գումարները գտնում ու հատկացնում էր Քեմբրիջի համալսարանին:

 

- Այսինքն՝ ուսման վարձը բարձրացնում էր, ուսանողներին փողոց «հանում», բայց գիտնականների համար հավելյալ փող գտնում էր: Արդա՞ր է:

- Այո: Եթե գիտությունն այսօր դադարեցնես, վաղը Չինաստանի հետ չես կարողանա մրցել: Անգլիան ինչո՞ւ է Անգլիա, որովհետեւ ինքն առաջատար է ֆինանսական, ճշգրիտ գիտության ոլորտներում: Ամերիկան Ամերիկա չէր լինի, եթե չունենար Սիլիկոնային հովիտը, ճշգրիտ գիտությունները: Դարն անցել է, որ ասես՝ կարտոֆիլ ցանենք, ժողովուրդը սոված չլինի, մենք լավ ապրենք: Երկիրն այդպես չի զարգանա, զարգանում են հիմա ճշգրիտ գիտություններով: Այս առումով շատ կարեւոր եմ համարում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության գործունեությունը:

 

- Իսկ եթե հույսը միայն պետության վրա չդնե՞նք. օրինակ, մի մեծահարուստ որեւէ գիտափորձի համար մեկ միլիոն դոլար տա, 20 տարի հետո դրա բերած 100 միլիոնն ստանա:

- Ցավալին հենց այն է, որ Հայաստանում մեծահարուստը նման բան չի անի: Որովհետեւ կարճ ժամկետներով են մտածում: Հասարակության մտածելակերպն է այդպիսին:


- Իսկ Բրիտանիայում շա՞տ է տարբեր:

- Ասեմ՝ ինչն է շատ տարբեր. աշխարհում կան նորմեր, որ պրոֆեսորը հավաքարարից պետք է շատ ստանա: Կարող եք ինձ համոզել, որ մուկը փղից ուժեղ է, բայց կա դասակարգում: Հայաստանում բոլորն ուզում են շատ ստանալ՝ քիչ անելով:

 

- Կնկարագրե՞ս Հայաստանը քսան տարի հետո եւ քո ներդրումը երկրում:

- Դե երեւի զարգացած երկիր ու ամենակարեւորը՝ բաց միջազգային ներդրողների համար: Շատ եմ հանդիպել տարբեր եվրոպացիների, որոնք հիմնականում բողոքում են, որ այստեղ միջավայրը թափանցիկ չէ, բիզնես անելը հեշտ չէ: Սինգապուրում բիզնես գրանցելը տասնհինգ րոպե է տեւում, այստեղ կարող է շատ երկար տեւել: Դե ես էլ երեւի հաջողակ բիզնեսմեն կլինեմ, որը նաեւ գիտության ոլորտում է աշխատում, եւ որն իր գործունեությամբ փորձում է այստեղի բիզնես մշակույթը փոխել, ներդրումներ բերել, մարդկանց համոզել, որ Հայաստանը լավ տեղ է:

 

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica