close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+20°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խճանկար՝ «Ռոսիա»-ի պատի՞ն. կառույցի հեղինակի կարծիքը դեռ հաշվի չեն առել

Մշակույթ

31 Հունվարի 2018, 17:13
 Խճանկար՝ «Ռոսիա»-ի պատի՞ն. կառույցի հեղինակի կարծիքը դեռ հաշվի չեն առել

Վերջին շրջանում «Ռոսիա» կինոթատրոնի շենքի հարևանությամբ շինարարությունները չեն դադարում: Ավելին` 500 000 դրամ շահույթով «կրեատիվ» մրցույթ է հայտարարվել՝ շենքի ճակատային հատվածի մի մասը խճանկարով պատելու համար: Համաձայն հայտարարության` մրցույթի վերջնաժամկետը վաղն է լրանում, իսկ արդյունքների մասին կհայտարարվի փետրվարի 20-ին:

Շենքի ճարտարապետներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենից՝ որպես հեղինակի,  ոչ ոք դեռևս թույլտվություն չի ստացել շենքի արտաքին տեսքում փոփոխություն կատարելու համար: Նա ասաց նաև, որ եթե իր համաձայնությունը չհարցնեն, ու ինչ-որ փոփոխման ենթարկվի շենքի տեսքը, այն անօրինական պետք է համարվի: Թեև, Պողոսյանի խոսքով, շենքն արդեն իսկ շատ է փոփոխությունների ենթարկվել, և իրեն ոչ ոք չի էլ հարցրել:

«Հայաստանում հեղինակային իրավունքի մասին օրենքը ոչ ոք հաշվի չի առնում, ով ինչ ուզում՝ անում է: Ժամանակին մենք դիմեցինք մշակույթի նախարարություն՝ պահանջով, որ «Զվարթնոց»-ը ու «Ռոսիա»-ն մտցնեն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում, սակայն նախարարության կողմից ոչ մի քայլ չարվեց: Մարդիկ տեսնում են, որ հուշարձանների պահպանությամբ զբաղվողներն անտարբեր են, իրենք էլ քանդում են ու աղճատում տեսքը»,- ասաց ճարտարապետը:

Նրա խոսքով՝ «Ռոսիա»-ն նախագծելիս՝նպատակ էր դրված շուկայի տեղում կառուցել մշակութային կենտրոն: Ժամանակին «Ռոսիա»-ում կար երկու դահլիճ՝ 1600 և 1000 տեղանոց, ևս մեկ՝ 200 տեղանոց դահլիճ, ճեմասրահ, ցուցասրահ, պարասրահ, բար, ռեստորան: Համալիրը զարդարում էին Արա Շիրազի, Երվանդ Գոջաբաշյանի, Յուրա Պետրոսյանի, Օհան Պետրոսյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Էդիկ Խարազովի, Դավիթ Երևանցու մեծածավալ քանդակները: «Տպավորություն է, որ առաջ գնալու փոխարեն հետ ենք գնում»,- ասաց Պողոսյանը:

Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով չմասնակցել մրցույթին: «Այդ կառույցը հեղինակներ ունի, ու, իմ խորին համոզմամբ, շենքի տերը միշտ ճարտարապետն է, ոչ թե նրա կադաստրային տերը, ու ինչ- որ բան փոխելու համար նախ պետք է հեղինակի համաձայնությունը... Կոչ եմ անում իրենց նկարիչ համարող մարդկանց` չմասնակցել մրցույթին: Ամոթ է: Այդ փողը չի ուտվի»,- գրել է նա:

Ըստ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ շենքի արտաքին տեսքը ձևափոխելու իրավունք շենքի սեփականատերը չունի: Ըստ ընթացակարգի՝ նա պարտավոր է նախ դիմել Երևանի քաղաքապետարան, որն էլ պետք է հեղինակի, այսինքն՝ Հրաչ Պողոսյանի թույլտվությունը ստանա:

Ի դեպ, «Ռոսիա» կինոթատրոնը, ի պատասխան  սոցիալական ցանցում օգտատերերից շատերի զայրույթին, թե ինչպես կարելի է առանց հեղինակի թույլտվության նման բան նախաձեռնել, արձագանքել է, որ խճանկարը տեղադրվելու է ընդամենը դեպի գետնանցում իջնող պատի մի մասի վրա. «Այն «Այրարատ» կինոթատրոնի ճարտարապետական մասը ոչ մի կերպ չի փոխում, այլ ընդամենը ավելի գեղեցիկ և վառ շեշտադրում է կատարելու գետնանցման բանուկ հատվածի վրա»:

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica