close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր նպատակը պայման փոխելն է, որպեսզի երկիրը զարգանա. վարչապետը` քաղաքաշինության պետական կոմիտեում

Տնտեսական

29 Հունվարի 2018, 21:25
 Մեր նպատակը պայման փոխելն է, որպեսզի երկիրը զարգանա. վարչապետը` քաղաքաշինության պետական կոմիտեում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: 

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում սահմանվել են նախագծման թույլտվության մեջ շենքերի և շինություննների ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների, գունային լուծումների և օգտագործվող շինարարական նյութերի վերաբերյալ պահանջները, պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը:

Մշակվել է ՀՀ բնակավայրերում նոր կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները սահմանող ուղեցույց, որը ներկայացվել է ՀՀ մարզպետներին` համայնքներում քննարկելու և առաջարկություն ներկայացնելու համար: Կարեն Կարապետյանը կարևորել է վերը նշված ուղղություններով իրականացված աշխատանքը և հանձնարարել կոմիտեին՝ բոլոր համայնքներում իրականացնել համապատասխան վերահսկողություն՝ շենքերի հետ կապված պահանաջները պահպանելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:

Վերանայվել է համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը: Այս առումով, կառավարության ղեկավարն ընդգծել է. «Քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն անհրաժեշտ է դարձնել ավելի կիրառելի և մատչելի, անհրաժեշտ է, որպեսզի դրանք մշակվեն Քաղաքաշինության պետական կոմիտեի «խաղի կանոններին» համապատասխան»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Քաղաքաշինության ոլորտում բիզնես գործունեությունը զարգացնելու և խթանելու նպատակով էապես պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը, թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու համար պարզ ու հստակ ընթացակարգ սահմանելու նպատակով մշակվել է գործող ընթացակարգի փոփոխության առաջարկ, որը նախատեսում է գործառույթների զգալի մասն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ www.e-permits.am միասնական համակարգի միջոցով:

Իրականացվում են նաև առցանց թույլտվությունների տրամադրման համակարգի սպասարկման ընթացիկ աշխատանքները: Վարչապետ Կարապետյանին զեկուցվել է նաև այն աշխատանքների ընթացքը, որոնք կնպաստեն Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում մեր երկրի դիրքի բարելավմանը: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է հստակ ժամկետներ սահմանել քաղաքաշինական բոլոր բարեփոխումների իրականացման ուղղությամբ և դրանց ընթացքը պարբերաբար ներկայացնել կառավարություն: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշել է, որ գլխավոր խնդիրը ոչ միայն ՀԲ վարկանիշում տեղ զբաղեցնելն է, այլ առաջին հերթին դա անհրաժեշտ է մեր երկիրն արտաքին ներդրումների համար գրավիչ դարձնելու առումով: «Մեր գլխավոր նպատակը պայման փոխելն է, որպեսզի երկիրը զարգանա»,- ընդգծել է վարչապետը: 

Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամի հաշվին լուծվել է մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր: Ըստ պատասխանատուների, ընդհանուր առմամբ, աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրը կատարված է 90%-ով. 2008-2017թթ. մոտ 65 մլրդ դրամի հաշվին արդեն իսկ լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Ընդ որում, ամբողջությամբ լուծված է քաղաքային բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիր: Մնացած 10%-ի կամ աղետի գոտու գյուղական բնակավայրերի 542 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ: 

Կոմիտեի կողմից հավաքագրվել և ամփոփվել է հանրապետության բնակավայրերում առկա բազմաբնակարան շենքերի, այդ թվում՝ 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի թվի, դրանց կառավարման ձևի, ինչպես նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի փաստացի վիճակի վերաբերյալ ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որի վերլուծության արդյունքները և ուրվագծված հիմնական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն կառավարության աշխատակազմ:

Նշվել է, որ հանրապետությունում առկա է պետական և համայնքային սեփականության կիսակառույց 209 շենք-շինություն, որոնցից 147-ը հնարավոր է ավարտին հասցնել, իսկ մնացած ենթակա են քանդման: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նշված 147-ի հետ կապված ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հաշվի առնելով տարբեր ընտանիքների բնակարանային խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ մասնավոր հատվածին ներգրավելու հնարավորությունը: 

Նշվել է նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակում ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ կոմիտեի առաջարկությունները՝ նախագծի տեսքով: 
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շինարարության ոլորտում գնագոյացման խնդիրներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխտանանքերին: 
Կարեն Կարապետյանն առաջարկել է քաղաքաշինության ոլորտում իրականացվող և նախատեսվող ներդրումային ծրագրերի, ինչպես նաև կոմիտեի պատվիրատվությամբ կյանքի կոչվող այլ ծրագրերին անդրադառնալ առաջիկայում՝ իր մոտ հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica