close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+27°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատ պաշտոնյաների համար ՀՀ անկախությունն ընկալվում է որպես ժամանակավոր երևույթ. Ռուբեն Բաբայան

Մշակույթ

27 Հունվարի 2018, 13:10
 Շատ պաշտոնյաների համար ՀՀ անկախությունն ընկալվում է որպես ժամանակավոր երևույթ. Ռուբեն Բաբայան

Անկախություն, անկախության տարիներին մեր ձեռքբերումներն ու բացթողումները, վաղվա հույսը. ներկայացնում ենք Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի տեսակետն ու տեսլականը:

Ժողովուրդն է մեղավոր

Նա, ով չի հավատում ոչ մեկին, առաջին հերթին չի հավատում ինքն իրեն. այստեղից է գալիս մեր թուլությունը: Հաճախ ասում են՝ մեր ժողովուրդն այնպիսի վիճակում է, որ ոչ մեկին չի հավատում: Սա վատ ախտորոշում է: Դու քեզ հավատա և կտեսնես՝ այն ինչ կայծեր է տալիս քո շուրջ: Ես ամենևին էլ չեմ խոսում կույր հավատի մասին: Հաճախ ենք լսում, որ ասում են՝ ժողովուրդն է մեղավոր, չգնահատեց անկախության գինը, ու մեղադրանքներ են ներկայացնում ժողովրդին, բայց այդ մեղադրանքները նախ մեզ պետք է ներկայացնենք: Մեզ ասելով՝ նկատի ունեմ նրանց, ովքեր կոչվում են մտավորականներ, քանի որ մենք չենք կարողացել ճիշտ ուղղությունով տանել: Ասում են՝ հայ ազգն ամբողջ պատմության ընթացքում երազել է անկախության մասին: Երազում ես ինչ-որ բանի մասին, այն անպայման ունենում ես, քանի որ հանուն երազանքի պայքարում ես, ոչ թե պառկում թախտին, գլուխը գնում բարձին ու երազում՝ երանի գա մի օր, որ Հայաստանն անկախ դառնա:

Ղարաբաղյան շարժումը բխում էր մեր էությունից

Ղարաբաղյան շարժումը եզակի գաղափարներից էր, որ միավորում էր բոլոր շերտերին՝ անկախ նրանից՝ որտեղ են ապրում, ով ինչ կրթական ցենզ ունի: Ղարաբաղյան շարժման մեջ ազատության հոսք կար: Այդ տարիներին ես էլ մեր թատրոնի «Ղարաբաղ կոմիտեի» նախագահն էի, և տեսահոլովակներ էինք նկարում՝ աշխարհին ցույց տալու՝ ինչ է կատարվում Հայաստանում: Մենք նաև հայտարարեցինք, որ հանրահավաքին մասնակցող ծնողները կարող են իրենց երեխաներին մեր թատրոնում թողնել, որպեսզի նրանք չկորչեին: Մենք Ղարաբաղյան շարժումը չէինք ընկալում իբրև առանձին մի գործընթաց, այլ ընդհանուր՝ դեպի ազատությունը մղվող շարժում էր ընկալվում այն, ինչը բոլորիս մեծ ուժ էր տալիս: Երբ հանրահավաքի տեսահոլովակներից մեկը Մոսկվայում մեր գործընկերներից մեկը նայեց, ասաց՝ հզոր հակասովետական շարժում է: Ես պատասխանեցի, թե՝ այդ կոչերի մեջ հակասովետական ոչինչ չկա, իսկ նա հակադարձեց՝ ասելով, որ այդ շրջանում ցանկացած շարժում, որն ուղղված է դեպի ազատություն, հակասովետական է: Այո, ինքնուրույն ապրելը, սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելն ազատության ամենակարևոր հատկությունն է: Մենք դրանով էինք իրար ուս տալիս, փորձում հենարան լինել ու գտնել աջակիցներ ամբողջ աշխարհում: Հիշո՞ւմ եք, երբ Գորբաչովը երկրաշարժից հետո եկել էր Գյումրի, փլատակների  միջից մի երեխա հարցրել էր՝ բա Ղարաբաղի հարցը ե՞րբ է լուծվելու: Ղարաբաղյան ամբողջ շարժումը բխում էր մեր էությունից:

Անկախությունն ընկալվեց որպես ժամանակավոր երևույթ

Անկախութունը սխալ ենք ընկալում: Այն պետք է ոչ թե որպես ինչ-որ սիմվոլիկ հասկացողություն լինի, այլ անձնական՝ իմ ընտանիքի ու ազգի հետ կապ ունեցող երևույթ, առաջընթաց ապահովող և հայրենիքից իմ ճակատագիրը չբաժանող երևույթ: Այս ընկալումը մենք չտվեցինք, և այստեղ բոլորս ունենք մեր մեղքի բաժինը, առաջին հերթին` այն մարդիկ, ովքեր պատկերացնում են՝ ինչ է անկախությունը և ինչու է պետք այն: Կային, ցավոք, մարդիկ, որոնք համարեցին, որ անկախությունը պարզապես «կենտրոնի» /Մոսկվայի/ ուշադրության թուլացումն է և հիմա կարելի է ամեն ինչ անել՝ Մոսկվայից այլևս ռևիզորը չի գա, եկեք լափենք: Չեկավ այն հասկացողությունը, որ հիմա էլ ես եմ երկիրը քանդում, քանի որ անկախությունն ընկալվեց որպես ժամանակավոր երևույթ: Շատ ու շատ բարձրաստիճան պաշտոնյաների համար այսօրվա մեր անկախությունն ընկալվում է որպես ժամանակավոր երևույթ, հակառակ դեպքում նրանց մեծամասնության երեխաները չէին ապրի օտար երկրներում, դրսի քաղաքացիություն չէին ունենա, իսկ իրենք էլ «Գրին քարտ» չէին ունենա: Սա նշանակում է՝ նրանք մտածում են՝ մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ, ինչքան ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս մեզ ուտել, բայց մեր ապագան այստեղ չէ:

Այս համատարած կաշառակերության ու գողության մեջ, պատերազմական իրավիճակում կարելի է ստեղծել արժեքներ, որոնք կգնահատվեն նաև աշխարհում

Մեր ներկան ու ապագան այստեղ է: Մեր ապագան նրանք են, ովքեր, անկախ դժվար պայմաններից, փորձում են իրենց աշխատանքը կատարել ու պայքարել: Մեր ներկան մարդիկ են, ովքեր կարողանում են ցույց տալ, որ հենց այս երկրում, այս համատարած կաշառակերության ու գողության մեջ, պատերազմական իրավիճակում կարելի է արարել, ստեղծել արժեքներ, որոնք կգնահատվեն նաև աշխարհում: 2016-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, Ղարաբաղում ես հանդիպումներ էի ունենում զինվորների հետ և Մարտակերտում՝ հերթական հանդիպման ժամանակ, երբ զրուցում էի հերոսական զինվորների հետ, զարմանալի բան լսեցի՝ շուտով ծառայությունս վերջացնեմ, գնամ Կալուգա աշխատելու, հացի գործ ունենք դրած: Հասկանո՞ւմ եք՝ այստեղ մեզ մոտ ինչ-որ բան սխալ է տեղի ունենում… Ես զինվորներին էլ ասացի՝ տղանե'ր, դուք պատրաստ եք կռվել ու պայքարել առաջնագծում՝ զոհաբերելով սեփական կյանքը, բայց պատրաստ չեք պայքարել խաղաղ պայմաններում, երբ զորացրվեք: Դուք գերադասում եք Կալուգայում լինել հացթուխ, այլ ոչ թե Հայաստանում ՀՀ քաղաքացի, որը պայքարում է իր իրավունքների համար: Պետք է այս խնդիրը փորձենք լուծել՝ սկսելով կրթական համարգից: Կրթությունը միայն մասնագիտություն սովորեցնելը չէ, կրթությունը նաև քաղաքացի դաստիարակելու խնդիրը պետք է լուծի: Իսկ այսօր ովքե՞ր են կրթում մեր երեխաներին, ինչո՞ւ է այնպես ստացվել, որ մեր կրթօջախները բերում-կապում են մեր ամենավարկաբեկված՝ ընտրական ինստիտուտի հետ:

Եկել է սերունդ, որը չի տառապում այն բոլոր վախերով, որոնցով տառապում էր մեր սերունդը

Ինձ համար ամենակարևորը երիտասարդ սերունդն է. եկել է սերունդ, որը ծնվել է անկախ Հայաստանում, եկել է սերունդ, որը կարողանում է հաղթահարել իր վախերը և չի տառապում այն բոլոր վախերով, որոնցով տառապում էր մեր սերունդը: Եկել է սերունդ, որը չի վախենում իր կարծիքը հայտնել ամեն ինչի մասին: Մեր հույսը երիտասարդներն են: Այո, նրանք շատ սխալներն են թույլ տալիս, սակայն միայն երիտասարդությունն է, որ զգում է ժամանակի զարկերակը: Իսկ մեր սերնդի մարդիկ նախ պետք է չխանգարեն երիտասարդներին, եթե կարող են, թող օգնեն, եթե` ոչ, պետք է ուղղակի չխանգարեն: Բացի այդ՝ չպետք է մշտապես վախերի մեջ պահել երիտասարդներին՝ ասելով՝ սա չի կարելի անել, քանի որ կարող է այսինչ հետևանքներն ունենալ: Մտորումները, թե ինչ վատ հետևանքների կարող են բերել մեր քայլերը, մեզ հետ են պահում առհասարակ ինչ-որ քայլ անելուց: Մեր սերունդը մտածելակերպը պետք է փոխի, քանի որ հաճախ մենք ուզում ենք 21-րդ դարի երկիր ունենալ, բայց չենք փոխում մեր մտածելակերպը ու հաճախ ասում՝ բա մեր պապերի ժամանակ այսինչը բանն այսպե՞ս էր լինում:

Արտագաղթն ունի նաև այլ պատճառներ…

Արտագաղթն, այո, բխում է նաև մարդկանց սոցիալական վիճակից: Սակայն տեսեք՝ մեր երկրի սոցիալական վիճակը միշտ ավելի վատ է լինելու, քան զարգացած այլ երկրներինը, ուրեմն մենք դրանով միշտ արդարացնելու ենք արտագաղթը: Արտագաղթն ունի նաև այլ պատճառ՝ եթե ես զգում եմ ինձ այս երկրի տերը, չեմ արտագաղթի, իսկ քեզ երկրի տերը զգալու համար պետք է հավասար պայմաններ լինեն բոլորի համար, ազատ տնտեսական պայմաններ լինեն, անկախ դատարաններ ունենանք: Սոցիալական պայմանները շատ կարևոր են, բայց կարևոր է նաև արդարությունը: 

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica