close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան օրն է

Թեմա

29 Հունվարի 2018, 10:15
 Այսօր Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան օրն է

1919թ. հունվարի 29-ին հայ ժողովուրդը կորցրեց իր բազմադարյան պատմության լավագույն գործիչերից մեկին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան): 1879թ, մարտի 19-ին Շուշիում ծնված Արամը, 1890-ական թթ. անդամագրվելով հայ ազատամարտի առաջատար ուժ ՀՅ դաշնակցությանը, իր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրեց հայ ժողովրդի ազատության և անկախ պետականության վերականգնման վեհ  գործին:

Արամը դարձավ հայոց պայքարի և ստեղծարար մտքի մարմնացումն ու ոգին: Իր գործունեության առաջին իսկ օրերից նա աչքի ընկավ իր ժողովրդին անսպառ նվիրվածությամբ, պատասխանատվությամբ, մեծ եռանդով, քաղաքական հասունությամբ, կազմակերպչական բացառիկ ձիրքով: Արամի համոզմունքն էր. ազատագրական պայքարի դրոշ բարձրացրած հայ ժողովուրդը պետք է հույսը դնի սեփական ուժերի վրա:

Հայոց Մեծ եղեռնի ժամանակաշրջանում Արամը կազմակերպեց և իր իսկ առաջարկությամբ ստեղծված բազմակուսակցական Հայ Ինքնապաշտպանության Զինվորական Մարմնի հետ ղեկավարեց Վանի 1915թ. ապրիլյան ինքնապաշտպանությունը: Վանի ինքնապաշտպանությունն ավարտվեց հաղթանակով, ինչի  շնորհիվ ավելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկվեցին անխուսափելի կոտորածներից: Ինքնապաշտպանության հաղթանակից հետո Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ: Սկսվեց նրա պետական գործունեությունը: Նահանգապետի պաշտոնում նա վեր հանեց իր կազմակերպչական տաղանդը, ազգային-պետական մտածելակերպն ու անխտրական ոգին: Արամի գլխավորությամբ Վասպուրականի հայությունը ձեռնամուխ եղավ թուրք-քրդական ավազակախմբերից նահանգի անվտանգության ապահովման, քայքայված տնտեսության վերականգնման, գաղթականության խնամքի, օրինականության և կարգ ու կանոնի ապահովման և այլ խնդիրների լուծմանը: Հաջողություններն այնքան ակնհայտ էին, որ առանց չափազանցության կարող ենք 72 օր գոյատևած Վանի նահանգապետությունն անվանել հայոց պետականության նախատիպ:

1917թ. վերջին ռուսական Կովկասյան ռազմաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանը: Այդ  իրավիճակում՝ 1917թ. դեկտեմբերին, Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Ազգային և Հայ զինվո-րական խորհուրդների կողմից Արամը իբրև լիազոր գործուղվեց Երևանի նահանգ: Ժամանելով Երևան՝ Արամ Մանուկյանը գերմարդկային ճիգեր գործադրեց հայությանը սպառնացող նոր ողբերգությունը կանխելու համար: Նա առաջադրեց հայ ժողովրդի պաշտպանությանն ու ազատությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Հետևողական, տքնաջան ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ հաջողվեց կարճ ժամանակում ստեղծել պետական իշխանության մարմիններ, կանոնավոր հայկական զորք, երկրում հաստատել կարգուկանոն, ճնշել թուրք-թաթարական հակահայկական-հակապետական շարժումները, մեղմել պարենային ծանր դրությունը:

1918թ. Մայիսյան ճակատագրական, ծայրահեղ ծանր օրերին, երբ թուրքական զորքերը ներխուժել էին Արարատյան դաշտ և անմիջականորեն սպառնում էին Սուրբ Էջմիածնմին ու Երևանին, երբ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, երբ մի պահ հուսալքությունը ստացել էր համատարած բնույթ, Արամը չընկրկեց: Նա մինչև վերջ մնաց անկոտրում, լավատես, գործնական, անարգ թշնամուն հակահարված հասցնելու հարցում անզիջում և կարողացավ իր շուրջը համախմբել նվիրյալ այլ գործիչների ու ժողովրդի մեջ բորբոքել պայքարի ոգին: Արդյունքում կազմակերպվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք էլ հնարավոր դարձրին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:

Սարդարապատի ճակատամարտից հետո հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն Արամը լծվեց պետական շինարարության պատասխանատու և չափազանց դժվարին գործին,  կարողացավ երկիրը պահել համեմատական կայունության մեջ, մինչև որ Հայոց կ. Ազգային խորհուրդը և ՀՀ կառավարությունը տեղափոխվեցին Երևան: ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ՝ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները:

Արամը՝ առաջնորդվելով ազգային-պետական մտածողությամբ, դրսևորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հավաքական գործունեության մղելու համար այնքան անհրաժեշտ ազնվություն և անձնական անշահախնդրություն, նախաձեռնողականություն ու հետևողականություն, նպատակային և արդյունավետ գործունեություն ծավալեց երկրում ամուր իշխանության և իրավակարգի հաստատման, պետական իշխանության մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման և երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի և այլ ուղղություններով՝ ըստ ամենայնի նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը:

Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման, ապա նաև պետականաշինության գործընթացում ունեցած առաջնակարգ և հսկայական ներդրման համար Արամ Մանուկյանը հայոց պատմության մեջ հավերժացավ որպես Հանրապետության հիմնադիր:

Արամի ազգանվեր գործունեությունը, ստեղծարար միտքը պետք է ուղենշային լինեն բոլորիս համար: Բոլորիս համար մշտապես պետք է լսելի լինեն Նիկոլ Աղբալյանի հետևյալ խոսքերը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը և խօսեցէք ձեր խղճի հետ և ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»: Միայն այդ կերպ մտածելով ու գործելով կարելի է ներկայիս հանրապետությունը վերածել մեր ողջ ժողովրդի համար ընդունելի և պաշտելի պետության, և հասնել նրա ամրապնդմանն ու հզորացմանը:

Արմեն Ասրյան

պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica