close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրթության որակից մինչև արդյունավետություն. ինչ փոփոխություններ է խոստանում կրթության զարգացման ծրագիրը

Հարցազրույց

18 Հունվարի 2018, 16:30
  Կրթության որակից մինչև արդյունավետություն. ինչ փոփոխություններ է խոստանում կրթության զարգացման ծրագիրը

Որակ, մատչելիություն և արդյունավետություն՝ «ՀՀ կրթության զարգացման` մինչև 2030թ. պետական ծրագիրը» շեշտը դնում է այս երեք բաղադրիչների վրա: Ծրագիրը դրվել է ինչպես հանրային քննարկման, այնպես էլ եղել են հանդիպումներ ՀԿ-ների ներկայացուցիչների, կրթության փորձագետների հետ: Թե, առհասարակ, ի՞նչ հիմքով է մշակվել ծրագիրը, ի՞նչ խնդիրներ է լուծելու, ո՞րն է ծրագրի նպատակը, զրուցել ենք կրթության փոխնախարար Դավիթ Սահակյանի հետ:

-Կրթությունն այն ոլորտն է, որտեղ, փոփոխությունների առումով, պետք է զգույշ լինել, սակայն կա նաև հարցի հակառակ կողմը՝ ամեն ինչ շատ արագ զարգանում է ու գիտելիքիդ կիրառելիությունը` նույնքան արագ հնանում: Այս առումով` կրթության զարգացման ծրագիրն ի՞նչ սկզբունքով է մշակվել:

-Շատ են հարցնում՝ ինչո՞ւ հենց մինչ 2030 թվականն է այն ընդգրկում, քանի որ 1-2 տարին է դժվար պլանավորել, ուր մնաց՝ 13-ը: Կրթությունը հեռանկարային ոլորտ է, այսինքն՝ երբ խոսում ենք կրթության ոլորտում հեռանկարների մասին, տասնամյակով ենք պլանավորում: Որպեսզի կարողանանք հասկանալ՝ բարեփոխումները դրակա՞ն, թե՞ բացասական արդյունք են տալիս, դրանք պետք է ավարտին հասնեն: Կրթության մեջ այդ ցիկլը բավական երկար է, այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի պլանավորումը, տեսլականը, լինի շատ ավելի երկարաժամկետ: Բացի դրանից՝ մի քանի գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում և Հայաստանից դուրս, մենք էլ փորձել ենք սինխրոնացնել ծրագիրը: Ծրագրերից մեկը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030թ. օրակարգն» է, մյուսը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագիրը, որը վերանայում է  կրթության զարգացման ուղղությունները, համաշխարհային կրթակարգը, և դարձյալ, որպես ուղենիշ, 2030-ն է դրված: Բացի այդ՝ «Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագրի» մշակումը նույնպես 2030-ի ուղենշով է, և մենք էլ այս բոլոր գործընթացների հետ փորձել ենք սինխրոնացնել մեր ծրագիրը:

Կրթության զարգացման ծրագիրը 3 փուլից է բաղկացած: Առաջինը ռացիոնալացման փուլն է /առաջին 3 տարին/, որի հիմնական նպատակն է մշակել ծրագրերը, վերհանել խնդիրները, ծանրութեթև անել տարբեր հարցեր և դրանից հետո անցնել լուրջ փոփոխությունների: Սակայն դա չի նշանակում, որ երեք տարվա ընթացքում որևէ ծրագիր չի իրականացվելու, ուղղակի գլոբալ փոփոխությունների համար որոշակի հիմքեր են պետք, և երեք տարին նախատեսվում է այդ հիմքերը ստեղծելու համար: Դրան հաջորդող 5 տարին անվանել ենք արդյունավետության բարձրացման փուլ, որից հետո արդեն կլինի զարգացման այլ մակարդակի հասնելու շրջանը:

-Պարո'ն Սահակյան, ծրագիրն, ըստ երևույթին, ներառում է կրթության ամբողջ ցիկլը՝ մանկապարտեզից մինչև գիտություն: Եթե բաժանենք փուլերի՝ նախակրթարան, դպրոց, բուհ, սրանցից յուրաքանչյուրի համար ի՞նչ է տալու այն, նախատեսված ի՞նչ նոր բան կա այս ծրագրում, որը նախորդներում չկար:

-Այս ծրագրում հստակ երևում են առաջնահերթությունները՝ որակ, մատչելիություն, արդյունավետություն: Այս ծրագրով մենք խոսում ենք այն մասին, որ, այո, մատչելիությունն ու արդյունավետությունը կարևոր են, բայց ավելի կարևոր է որակը: Սա այն հիմնական կետերից մեկն է, որը փորձել ենք ծրագրում ամրագրել: Սա վերաբերելու է բոլոր փուլերին:

Նախադպրոցական կրթության ոլորտում, օրինակ, կարևորագույն խնդիրներից մեկն ընդգրկվածության հարցն է, քանի որ այսօր այդ տարիքի երեխաներից ոչ բոլորն են հաճախում նախադպրոցական հաստատություններ և ոչ միայն այն պատճառով, որ ծնողը չի ցանկանում, այլև` որ պարզապես չկա նման հնարավորություն:

Հանրակրթության մեջ էլ փոփոխություններ կլինեն՝ շեշտը դնելու ենք ուսուցիչների որակի փոփոխության և մանկավարժությունը գրավիչ մասնագիտություն դարձնելու վրա: Սկսած ուսուցիչ պատրաստելու` բուհական ծրագրերի վերանայումից մինչև վերապատրաստման, առաջխաղացման և վարձատրության հարցերն ընդգրկել ենք ծրագրում: Բացի այդ՝ կրթական ծրագրերին է ուշադրություն դարձվում՝ ժամաքանակ, բովանդակություն, այդ ծրագրերի արդիականացմանը, համապատասխանեցմանը, ինչպես նաև դասագրքերին ու դպրոցների սեյսմակայունությանը, էներգախնայողությանը, լաբորատորիաներով հարստացնելուն:  

Բուհական ոլորտում էլ կլինեն փոփոխություններ՝ բուհերի ակադեմիական ազատությունների մեծացում, պատասխանատվության ավելացում: Ծրագրում նաև որակի բարձրացումն ու արտասահմանցի ուսանողների ներգրավումն է որպես կարևորագույն խնդիր դրված, ինչպես նաև սոցիալական հնարավորությունների ստեղծումը, որպեսզի բուհական համակարգում խոցելի խմբերի համար ընդգրկվածությունը շատ լինի: Այս տեսանկյունից կվերանայվեն պետության կողմից բուհական համակարգի ֆինանսավորման տարբերակները, որպեսզի կրթաթոշակները, որոնք տրվում էին, լինեն մի քանի ուղղությամբ /կարևորագույն ուղղությունը հենց սոցիալականն է լինելու/:

-Որակ, մատչելիություն, արդյունավետություն՝  երեք գերխնդիր է դրված ծրագրի հիմքում: Կուզեի դրանց անդրադառնանք առանձին-առանձին: Կարծիք կա, որ կրթության որակը մեծ առումով կախված է կոռուպցիայի վերացումից, բայց արդյո՞ք, կոռուպցիան վերացնելով, կհասնենք 100 տոկոսանոց արդյունքի, որակի չափելիությունը ինչո՞վ է պայմանավորված:

-Այո, շատերն են կարծում, որ կոռուպցիայի հաղթահարումը կբերի որակի լավացման: Ես կոռուպցիան անվանում եմ հիգիենիկ միջոց. ատամներդ լվանալով՝ կարող ես որոշ հիվանդություններ կանխել, բայց դա չի նշանակում, որ եթե անընդհատ լվանաս, կարիեսը կբուժվի: Այսինքն՝ որպեսզի որակ ապահովես, կոռուպցիան միանշանակ պետք է վերանա, բայց կոռուպցիան առանձին խնդիր է, որակի բարձրացումը՝ այլ գործոն: Որակը յուրաքանչյուրի համար տարբեր ընկալում ունի: Որակի առումով կրթության մեջ խոսում են վերջնարդյունքների, չափորոշիչների մասին, այսինքն՝ պետք է հասկանանք` այն արդյունքը, որն ունենում է համակարգը, որքանով է համապատասխանում նպատակներին, որոնք ի սկզբանե դրել ենք մեր առջև: Երբ խոսում ենք որակի մասին, առաջին հերթին նկատի ունենք  ճիշտ նպատակադրում, ինչպես նաև ուղենշում՝ ծրագրերի, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման համակարգի միջոցով մեր նպատակին հասնելու:

-Իսկ ի՞նչ ասել է մատչելիություն այս դեպքում` մատչելիություն զուտ յուրաքանչյուրի կրթական իրավունքի ապահովմա՞ն տեսանկյունից, թե մատչելիությո՞ւնը ներառում է նաև այն հանգամանքը, որ, օրինակ, սոցիալապես անապահովն ուսումը կարող է շարունակել՝ անկախ ֆինանսական խնդիրներից: Բացի այդ` արդյո՞ք մատչելիությունն ընդգրկում է  ներառականությունը:

-Մատչելիությունն ավելի լայն ընդգրկում ունի, և ավելի շատ ներառականությունը նկատի ունենք: Սակայն, ներառականություն ասելով, շատ հաճախ հասկանում են միայն այն երեխաներին, ովքեր խնդիրներ ունեն, բայց ներառականությունը լայն հասկացություն է: Օրինակ` երեխան, ով խնդիր չունի, առաջ է գնում, հաղթում այս կամ այն օլիմպիադաներում, պատրաստ է ավելին անել, քան պահանջում են, նա էլ հատուկ ուսումնառության կարիք ունի: Մատչելիությունն ու ներառականությունն այն է, երբ յուրաքանչյուր սովորող իր կյանքի փուլերում, իր հնարավորություններին համապատասխան պետք է կարողանա ստանալ որակյալ կրթություն: Ծրագրում գյուղական համայնքներն առանձնացված են որպես առաջնահերթություններ, քանի որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ ունենք՝ ուսուցիչների թափուր տեղեր, փոքրակազմ դպրոցներ: Մատչելիության խնդիր են ինֆրակառուցվածքները,  որպեսզի մարդիկ, ովքեր շարժողունակության խնդիր ունեն, կարողանան հաղթահարել աստիճանները: Մատչելիության խնդիր է նաև սփյուռքահայերի ինտեգրումը, այսինքն՝ ինչպես տեսնում եք, մատչելիությունը միայն մեկ սեկտոր չունի: 

-Իսկ արդյունավետությո՞ւնը, արդյո՞ք նշանակում է, որ բոլոր այս փուլերով անցած քաղաքացին կլինի մրցունակ, կամ գուցե ենթադրվում է, որ այլևս չենք ունենա թափուր աշխատատեղեր՝ մի կողմից, մասնագետների ավելցուկ՝ մյուս կողմից:

-Խնդիրը, թե ուսանողը որքանով պահանջված կլինի աշխատաշուկայում, ավելի շատ որակին է առնչվում: Արդյունավետությունն ավելի շատ վերաբերում է հարցին, թե ներդրված ռեսուրսներով ի՞նչ արդյունք ենք կարողացել ապահովել. խոսքը ֆինանսական արդյունավետության մասին է: Իսկ մասնագետների ավելցուկը կամ պակասն այնպես չէ, որ միայն Հայաստանին բնորոշ երևույթ է: Այո, գուցե այստեղ ինչ-որ չափով սրված է հարցը, քանի որ աշխատաշուկան շատ զարգացած չէ: Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ որ մասնագիտությամբ կրթություն ստանալ և վճարել դրա դիմաց, արգելել չես կարող: Այլ բան է, որ պետությունը որոշի՝ այսինչ մասնագիտությունն իր համար կարևոր է և արտոնյալ պայմաններ սահմանի, որպեսզի այն զարգանա:

Եթե նախկինում կրթությունը դիտվում էր որպես սպասարկող ոլորտ և տնտեսությանն էր սպասարկում, հիմա կրթության դերակատարումը փոխվել է՝ կրթությունն ինքն է թելադրում տնտեսության հետագա զարգացումը: Անշուշտ, մենք ունենք մասնագիտություններ, որոնք վաղվա մեր շուկան են սպասարկելու, բայց կձևավորվեն նոր ոլորտներ, որոնք անհնար կլինի կանխատեսել այսօր: Միջազգային կանխատեսումներով՝ այժմ սովորող աշակերտների 65 տոկոսը հետագայում աշխատելու է մասնագիտություններով, որոնք դեռ չեն հորինվել: Այսինքն՝ այս տեսանկյունից կրթությունն այլ խնդիր էլ ունի լուծելու. 21-րդ դարում կարևոր է դառնում բարդ խնդիրների լուծումը, թիմային աշխատանքը, քննադատ մտածելակերպը: Կրթությունը գիտելիքի ուղղվածությունից մինչև հմտությունների զարգացման, արժեհամակարգի ձևավորման դաշտում շատ մեծ անելիքներ ունի:

-Կրթության ոլորտի ֆինանսական հոսքերին՝ ոլորտին հատկացվող գումար, առաջնահերթություններին տրամադրվող գումար, ուսման վարձ, որևէ կերպ անդրադարձ կատարվո՞ւմ է ծրագրում:

-Կրթության զարգացման ծրագրով մենք մի փոքր ավելի առաջ ենք ընկել, քան «Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագիրը», քանի որ փորձել ենք ամրագրել մեր գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը: Բայց, որպեսզի կարողանանք նաև ֆինանսական մասն ապահովել, նշել ենք, որ կրթության զարգացման ծրագիրը դառնում է բյուջետային առանձին տող, այսինքն՝ բյուջեն կազմելուց զարգացման ծրագրերի համար պետք է առանձին տող հատկացվի: Բացի այդ՝ մենք անցում ենք կատարում ծրագրային ֆինանսավորման, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ պետք է ֆինանսավորվեն առանձին ծրագրերը: Կրթության զարգացման ծրագրում ֆինանսական կանխատեսումներ չենք իրականացրել, բայց նախատեսում ենք առանձնացնել առաջնահերթությունները` ըստ ֆինանսավորման, այսինքն՝ առանձնացնենք այն կետերը, որոնք պետք է իրականացվեն պետբյուջեի հաշվին, նաև` որոնք պետք է իրականացվեն այն դեպքում, եթե հավելյալ միջոցներ կստեղծվեն, և այն կետերը, որոնք առաջնահերթ են, բայց նախատեսում ենք դրանք իրականացնել երրորդ կողմի ֆինանսավորմամբ՝ միջազգային կառույցներ, դոնոր ընկերություններ կամ մասնավորի հետ համագործակցություն: Կրթության զարգացման փաստաթուղթն ավելի շատ գաղափարախոսական է, որը ֆիքսում է զարգացման ուղղությունն ու փիլիսոփայությունը, այսինքն՝ սա փարոսն է: Ծրագիրը գալիս է հստակություն մտցնելու, թե որ ուղղությամբ ենք մենք շարժվում, ինչն է մեզ համար առաջնահերթ: 

Կարինե Հարությունյան

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica