close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի դատական մարմիններն անկախ չեն

Հարցազրույց

19 Հոկտեմբերի 2011, 12:56
 Հայաստանի դատական մարմիններն անկախ չեն

Բոլորովին վերջերս Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդտը հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում, երբ, մասնակցելով ՀԱԿ-ի հանրահավաքներից մեկին, բարձրացավ հարթակ և կանգնեց կազմակերպիչների կողքին: Այնուհետեւ մասնակցելով «Սիվիլիթասի» կազմակերպած քննարկմանը՝ նա քննադատության ենթարկեց առաջին նախսգահի օրոք վարվող քաղաքականությունը:

 

Դեսպանի վարքի շարժառիթները պարզելու համար «Երկիրը» հանդիպեց Հանս Յոհան Շմիդտի հետ:

 

- Այդպիսի քննադատությունից հետո մենք տարածեցինք Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում նշված է, որ հանրահավաքներին մասնակցելը եւ այնտեղ կատարվող իրադարձությունները վերլուծելը չի հակասում դիվանագետների գործունեությանը: Ես մասնակցել եմ ընդդիմության այլ հանրահավաքների ևս, ինչպես նաեւ կառավարական որոշ միջոցառումների եւ կուսակցական կառույցների հավաքների, օրինակ՝ Գյումրիում: Այդ իսկ պատճառով այդքան էլ չհասկացա իմ հասցեին հնչած քննադատությունը ընդդիմության եւ կառավարության կողմից:

 

- Եթե չեմ սխալվում, առաջին դեպքում Ձեր կողմից հնչեց քննադատություն իշխանության հասցեին:

- Ես չեմ մասնակցում հանրահավաքներին, որ քննադատություն հնչեցնեմ իշխանական կառույցների հասցեին… Ինչպես ասեցի, մասնակցում եմ հանրահավաքներին՝ լավագույնս վերլուծելու համար այնտեղ կատարվածը… Դուք դա կարող եք բնութագրել որպես մոնիթորինգ:


- Որքան գիտեմ, այդ հանրահավաքից հետո այլեւս չեք մասնակցել ընդդիմության հավաքներին:

- Մի կողմից ուղղակի պատճառ չի եղել մասնակցելու այդ հանրահավաքներին, մյուս կողմից՝ սեպտեմբերից մասնակի արձակուրդի մեջ էի: Այդ իսկ պատճառով ինձ հիմա սովորականից քիչ են տեսնում: Վերջերս օպերայի հրապարակում էի, որ տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, եւ պատահաբար հանդիպեցի ՀԱԿ-ի առաջնորդ պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը հարցադրումներով հանդես եկավ: Բայց դա ոչ ֆորմալ հանդիպում էր: Իսկ թե ինչի մասին էինք զրուցում, կոնֆիդենցիալ խոսակցություն է: Ուղղակի տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Ես հրապարակայնորեն հղում չեմ արել այդ հանդիպմանը, այդ իսկ պատճառով զարմացա, երբ ՀԱԿ-ը հայտարարություն արեց, թե ես հանդես եմ եկել ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ կրկին քննադատելով նրան: Դա չի համապատասխանում իրականությանը:

 

- Հետաքրքիր է, ինչպե՞ս եք գնահատում ժողովրդավարության զարգացումը Հայաստանում:

- Գերմանիան, լինելով Եվրամիության մաս կազմող երկիր, անաչառ հետեւում է ժողովրդավարական կառույցների զարգացմանը Հայաստանում: Փորձում ենք օբյեկտիվորեն վերլուծել այստեղ տեղի ունեցող դեպքերը: Դուք գիտեք, որ տարբերություն կա ներկայացվող եւ իրական իրավիճակների միջեւ: Դուք ունեք հրաշալի Սահմանադրություն, որոշ օրենքներ, որոնք վերաբերում են Ազգային ժողովին եւ այլ պետական կառույցների, Ընտրական օրենսգիրք, կա նաեւ անհրաժեշտություն շտկելու ԶԼՄ-ների մասին օրենքը: Բայց դիտորդները դեռ քննադատորեն են վերաբերվում երեք՝ դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բաժանմանը ձեր երկրում: Մենք քննադատորեն ենք վերաբերվում նաեւ այն դերին, որն ունի դատական իշխանությունը Հայաստանում. խոսքը դատական մարմինների անկախության մասին է:

 

- Պրն դեսպան, Ինդոնեզիան ճանաչեց Արեւելյան Թիմորի, Սուդանը՝ Հարավային Սուդանի, իսկ միջազգային հանրությունը՝ Կոսովոյի անկախությունը: Ի՞նչն է խանգարում, որ նույնպիսի ճանաչում ստանա Լեռնային Ղարաբաղը:

- Գիտեք, որ ներկայումս ընթանում է այդ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը… Գոյություն ունի Մինսկի խումբ, համանախագահողներ, միջնորդական առաքելություն, որը հիմնված է երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա: Եվ չի կարելի այս սկզբունքներից որեւէ մեկն առաջ տանել ի վնաս մյուսի, քանի որ դա վտանգում է այդ հարցի կարգավորումը խաղաղ ճանապարհով:

 

- Բայց ստացվում է, որ Ղարաբաղի կարգավիճակի որոշման ձգձգումը կարող է բերել ռազմական լարվածության սրման:

- Այս պահին ես այդ առումով այդքան անհանգստացած չեմ, քանի որ երկու կողմերը եւ համանախագահողները վստահ են, որ կարող են դրականորեն ազդել հարցի լուծման վրա, քանի որ շարունակվում են բանակցությունները բոլոր այն կողմերի միջեւ, որոնք փորձում են կարգավորել հակամարտությունը, օրինակ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը: Մինսկի խմբի մոտեցումը պաշտպանում է նաեւ Եվրամիությունը:

 

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica