close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+19°
+21°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատական օրենսգիրքն ընդունվեց սկանդալով. «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ նիստը

Քաղաքական

20 Դեկտեմբերի 2017, 11:52
 Դատական օրենսգիրքն ընդունվեց սկանդալով. «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ նիստը

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության են դրվել երեկ քննարկված օրինագծերը:

Ուշագրավ էր «Դատական օրենսգրքի մասին» օրինագծի քվեարկությունը, որն անցավ թեժ վեճերով: Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և առաջարկով հանդես եկավ, որպեսզի «Ծառուկյան» դաշինքն էլ չմասնակցի քվեարկությանը, որ օրենքը չընդունվի, եթե նույնիսկ մեծամասնությունը կողմ քվեարկի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ կողմ է Փաշինյանի առաջարկին, և որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի քվեարկությանը:

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն իսկապես չմասնակցեցին քվեարկությանը: Այդուհանդերձ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրինագիծը 63 կողմ ձայնով ընդունվել է, ինչից հետո վեճ սկսվեց ԱԺ-ում: Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը չէր մասնակցել քվեարկությանը, սակայն նրա ձայնը հաշվել էին:

Սա առաջացրեց «Ելք» խմբակցության դժգոհությունը: Խմբակցության պատգամավորները հերթով վարման կարգով ելույթ ունեցան և պնդեցին, որ օրենքի նախագիծը չի ընդունվել:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և նշեց, որ, Մախմուդյանի և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ձայները հաշված, նախագիծն ընդունվել է:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցությունից կողմ էր քվեարկել Նապոլեոն Ազիզյանը, սակայն «Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, թե նա հանել է իր քվեարկությունը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը վարման կարգով ելույթ ունենալիս նշեց, որ խնդիրը ոչ թե Արփինե Հովհաննիսյանի, Ռուստամ Մախմուդյանի ձայների մեջ է, այլ Նապոլեոն Ազիզյանի, ով դիմել է քարտուղարություն և հանել է իր քվեարկությունը:

Նշենք, որ երբ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նախագիծը ընդունվել է, և անցավ հաջորդ հարցին, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտեցին նիստը ու դուրս եկան նիստերի դահլիճից: Լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխանություններն ապօրինի անցկացրեցին այս օրենքը:

«Սահմանադրական օրենք է ընդունվում, այն չի կարող այս ձևով ընդունվել: Տեղի է ունեցել այն, որ քվեարկության ժամանակ Նապոլեոն Ազիզյանը քվեարկել է, հետո ասել է քարտուղարությանը, որ հանել է իր քվեարկությունը, չի մասնակցում: ԲՀԿ-ից ճշտել ենք, որ Ազիզյանը հայտարարել է: Իսկ Շարմազանովն ասում է` չի հայտարարել: Եթե Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ հաշվում են, դառնում է 62 ձայն: Դատական օրենսգիրքը չի ընդունվել, և ամբողջ աշխարհի առաջ այստեղ կեղծիք է տեղի ունենում»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը` գուցե Ազիզյանն, իրոք, չի հանել քվեարկությունը, Մարուքյանն արձագանքեց, որ դա պետք է ճշտել «Ծառուկյան» խմբակցությունից:

Սակայն «Ծառուկյան» խմբակցությունից ճշտել չհաջողվեց: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին միայն ասաց, որ գնում են խմբակցություն` քննարկելու, և քննարկելուց հետո կխոսեն:

Այս պահին երկու խմբակցություններն էլ չեն մասնակցում նիստերին, և մնացած բոլոր օրինագծերն ընդունվել են առանց ընդդիմադիր խմբակցությունների:

Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
17 Հոկտեմբերի 2018, 12:23 Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica