close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+24°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախարար Արտեմ Ասատրյանն ու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանն այցելել են թիվ 1 տուն-ինտերնատ

Հասարակություն

18 Դեկտեմբերի 2017, 20:53
 Նախարար Արտեմ Ասատրյանն ու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանն այցելել են թիվ 1 տուն-ինտերնատ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  և ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ-Էնեզին դեկտեմբերի 18-ին այցելել են  Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ:

 Այցելության ընթացքում նախարարն ու դեսպանը շրջել են  Քուվեյթի պետության կողմից կառուցված և կահավորված մասնաշենքում, շփվել տարեցների հետ, ծանոթացել պայմաններին. օդափոխության լավագույն համակարգ, որն անհրաժեշտ է անկողնային պայմաններում տարեցների խնամքի կազմակերպման համար, լվացքատուն, խոհանոց, տարեցների ժամանցի համար նախատեսված սենյակներ, անկողնային խնամք ստացող տարեցի համար հնարավորություն՝ ընդամենը մեկ կոճակ սեղմելով իր սենյակ հրավիրել խնամող բուժքրոջը, սոցիալական աշխատողին:

 «Մեծ ու կարևոր արդյունք է մեր տարեցների խնամքը ժամանակակից պայմաններում կազմակերպելը, ինչի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Քուվեյթի կառավարությանը, դեսպանին անմիջական ներդրման և հատկացված դրամաշնորհային միջոցներով կառուցված նոր մասնաշենքի համար, որը, կարելի է ասել, տարածաշրջանում այսօր համարվում է լավագույնը»,- նշել է նախարարը:

 Այսօր արդեն, նախարարի խոսքով, պետք  է փաստել, որ ժամանակին  բարձրաձայնված խնդիրները, կապված տուն-ինտերնատի անկողնային խնամք ստացող տարեցների հետ,  կարելի է լուծված համարել, չնայած որ անելիքներ դեռ կան և առաջիկայում Քուվեյթի և ՀՀ կառավարության միջև արդյունավետ համագործակցության շրջանակներում ներկայացվելու են ծրագրեր հարակից մասնաշենքերի և տարածքների բարեկարգման համար:

 Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ-Էնեզին իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Արտեմ Ասատրյանին և տուն ինտերնատի ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար՝ նշելով, որ անչափ ուրախ է տուն-ինտերնատում ապրող տարեցներին օգնելու և մասնաշենքում լավագույն պայմաններ ստեղծելու համար:

 Դեսպանի խոսքով, նախարար Արտեմ Ասատրյանի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն տոներից հետո քննարկել  տուն ինտերնատի մյուս խնդիրները: Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել  հստակ ծրագրերի առաջարկի դեպքում կյանքի կոչել դրանք:

«Քիչ առաջ, երբ շփվում էինք տարեցների հետ, շատ ուրախացա՝ լսելով թե ինչպես էին նրանք  գոհունակությամբ խոսում նոր պայմանների ու աշխատակիցների վերաբերմունքի մասին: Բոլոր տարեցները շնորհակալություն էին հայտնում և գնահատանքի  խոսքեր ասում պարոն նախարարին, ինչը ինձ անչափ դուր եկավ: Մենք պետք է աշխատենք մնալ այս ուղղության վրա»,- ասել է դեսպանը, այնուհետև՝ բոլորին  շնորհավորել  Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

 «Ես հայ ժողովրդին շնորհավորում եմ և մաղթում եմ լավագույնը: Թող 2018 թվականը մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման տարի լինի»,-մաղթել է Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան  Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ-Էնեզին:

 Այցելության ընթացքում խնամվող տարեցներից տիկին Գրետան նախարարին և դեսպանին է նվիրել իր ձեռագործ աշխատանքներից:

 Միջոցառման ավարտին տարեցների համար դեսպանի կողմից կազմակերպվել է հյուրասիրություն, որին մասնակցել են նախարարը, դեսպանը՝ կնոջ և որդու հետ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica