close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+13°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խարդախության և խոշոր չափի կաշառք վերցնելու դեպք` զինվորական հոսպիտալում

Իրավունք

18 Դեկտեմբերի 2017, 18:38
 Խարդախության և խոշոր չափի կաշառք վերցնելու դեպք` զինվորական հոսպիտալում

Զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի կողմից հաստատվել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում խարդախության, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

03.07.2017թ.-ին հարուցված քրեական գործի շրջանակում կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Մ.-ն, 2017թ.-ի ապրիլի 12-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում գտնվելով բուժման մեջ, ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու ուղղակի դիտավորությամբ, նույն բաժանմունքում բուժվող զինծառայողների շրջանում ներկայացել է որպես ՀՀ ՊՆ ԿՌԲՀ նախագահի եղբորորդի, խոսակցություններ տարածել, թե իբր որոշակի գումարի դիմաց, հորեղբոր միջոցով կարող է զինծառայողներին հիվանդության բերումով ազատել հետագա զինվորական ծառայությունից:

2017թ.-ի հունիսին նա չարաշահել է նույն բաժանմունքում բուժվող՝ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Հ.-ի և նրա հոր՝ Հ.Հ.-ի վստահությունը, նրանց հավաստիացրել, թե իբր հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ  Սահակ Օհանյանի եղբոր որդին և նրա միջոցով կարող է 3000 ԱՄՆ դոլարով կազմակերպել վերջինիս վաղաժամկետ զորացրման հարցը:

Ապա խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով ընկերոջ` Հ.Հ.-ի հետ, գիտակցելով, որ իրականում չի կարողանալու կատարել տրված խոստումը՝ 2017թ. հունիսի 20-ին պաշտոնատար անձի /անձանց/ կողմից իր լիազորությունների շրջանակում՝ իր ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու՝ մասնավորապես որդուն զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու համար, միջնորդի միջոցով զինծառայողի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք՝  խաբեությամբ հափշտակելով 1.100.000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև զինծառայող Ս.Հ.-ը ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ընդունված համածառայակից Գ.Գ.-ին և  նրա մորը` Ա.Ա.-ին,  հայտել է Հ.Մ.-ի իբր հորեղբոր՝ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի միջոցով, 2000 ԱՄՆ դոլարով իրեն հետագա զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու գործընթացի մասին՝ պատրաստակամություն հայտնելով ցանկության դեպքում միջնորդել Հ.Մ.-ին՝ կազմակերպելու նաև  հիվանդության կապակցությամբ Գ.Գ.-ի վաղաժամկետ զորացրումը:

Լսելով այդ մասին, վերջինիս մայրը հետաքրքրվել է իրականացվող գործընթացի, այն կազմակերպող անձանց մասին, ապա այդ ամենի մասին հայտնել ՀՀ ՊՆ ՌՈ վարչություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, 2017 թվականի հուլիսի 3-ին` Ա.Ա.-ից խոշոր չափերով՝ 1.201.425 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար ստանալուց և հափշտակելուց անմիջապես հետո Հ.Մ.-ն ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և բերման ենթարկվել:

Կատարած հանցավոր արարքների համար Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Որպես խափանման միջոց՝ նրանկատմամբ կիրառվել է կալանավորումը: Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Մ.Հ.-ին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել լիովին, տվել են խոստովանական ցուցմունքներ, զղջացել են կատարածի համար:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica