close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+26°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջադեմ առաջին հանրապետությունից մեկ դար անց ժամանակն է Հայաստանում քրեականացնել ընտանեկան բռնությունը

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2017, 16:19
 Առաջադեմ առաջին հանրապետությունից մեկ դար անց ժամանակն է Հայաստանում քրեականացնել ընտանեկան բռնությունը

Աղբյուրը՝ arfd.am

Րաֆֆի Արտալճյան

Հոդվածի հեղինակը ֆինանսների և տեխնոլոգիաների մասնագետ է և սփյուռքահայ քաղաքական գործիչ, ով անկախացման տարիներից ի վեր Հայաստանում զբաղվել է հասարակական ձեռներեցությամբ: Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի և Չիկագոյի համալսարանի Բութի բիզնեսի դպրոցի շրջանավարտ է:

Առաջադեմ առաջին հանրապետությունից մեկ դար անց ժամանակն է Հայաստանում քրեականացնել ընտանեկան բռնությունը

Մայր Հայաստանը՝ Երևանի թերևս ամենաբարձր արձանը, իր բարձունքից ուշի ուշով հետևում է թուրքական սահմանին: Ազգային այս խորհրդանիշը նույն բազալտե պատվանդանի վրա փոխարինեց դաժան բռնապետ Իոսիֆ Ստալինի արձանին, վերջինիս մահից հետո: Հուշարձանը, որն իր մեջ կերպարանավորում է խաղաղությունն ուժի միջոցով, կարծես Հայաստանի կանացի մարմնավորումն է: Այն նաև կարող է դիտողին հիշեցնել ավելի քան մեկ դար առաջ երկարատև և արյունալի հայկական ազատագրական շարժման մեջ կանանց ունեցած դերի մասին։ Պայքար, որը 1375 թ.-ից, դարեր շարունակ պետականությունից զուրկ լինելուց հետո, ի վերջո հանգեցրեց 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը։

 

Մայր Հայաստանի արձանը Հայաստանի մայրաքաղաք Երևանի բարձունքում (Լուսանկարը՝ Մոսինյանի)

Երկու տարվա կարճատև կյանք ունեցած Հայաստանի առաջին հանրապետությունը կանանց ընտրական՝ ընտրելու և ընտրվելու իրավունքով օժտած առաջին պետություններից էր, նույնիսկ ավելի վաղ, քան ԱՄՆ-ի կանայք, որոնք ստիպված էին սպասել մինչև 1920 թ. ընդունված տասնիններորդ սահմանադրական փոփոխությունը:

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի 105 պատգամավորներից 19-ը կին են։ 1919 թ. առաջին հանրապետության 80 հոգանոց խորհրդարանում ևս կային կին պատգամավորներ՝ Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը և Վարվառա Սահակյանը: Առաջին հանրապետությունը նաև տվել է արդի ժամանակաշրջանում առաջին կին հյուպատոսին (դիվանագետ): Դիանա Աբգարը եղել է Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

 

Դիանա Աբգար (Լուսանկարը՝ dianaapcar.org)

Այս հոդվածը նպատակ ունի ընդգծել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի կարևորությունը՝ որպես կանանց հզորացմանն ուղղված առաջին քայլերից մեկը. թեմա, որն առաջնային դեր ունի 21-րդ դարում Հայաստանի զարգացման հարցում։ Օրինագիծը մշակվել է անցյալ տարի, ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, և վերջերս ներկայացվել խորհրդարան: Ակնկալվում է, որ այն քվեարկության կդրվի մինչև 2017 թ. տարեվերջ։

ՀՀ խորհրդարանում յոթ պատգամավոր ունեցող Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) խորհրդարանական դաշինքը աջակցություն է հայտնել օրինագծի ընդունմանը՝ ակնկալվող որոշակի շտկումներից հետո։ ՀՅԴ-ն առաջարկված օրինագիծը համարում է հասարակական արժեքային համակարգի կարևոր մաս, որն անհրաժեշտ է առողջ հասարակության համար: Վերջերս ՀՅԴ-ի ներկայացուցիչը, ներկա գտնվելով Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած կանանց Սոցիալիստկան ինտերնացիոնալի (Սոցիալիստական ինտերնացիոնալին կից կուսակցությունների՝ սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցությունների կանանց կազմակերպությունների միջազգային կազմակերպությունը) խորհրդի համագումարին, հաստատեց իր աջակցությունը ամենուր կանանց նկատմամբ բռնության վերացմանը։

Այս հոդվածը ժամանակակից հայկական ֆեմինիստական մանիֆեստ հռչակելու կամ հայկական կյանքում «ինքնության քաղաքականության» մեջ ներգրավվելու փորձ չէ: Եթե հայերը ձգտում են հաստատել արդար հասարակություն, ապա նրանք պետք է անտարբեր չլինեն անարդարության հանդեպ և համակրանք դրսևորեն փոխադարձ հարգանքի հարցում։ Թեև հայ քաղաքական կյանքում կանանց օրակարգը ընդհանուր առմամբ մնում է չսահմանված, բավականին մասնատված և երբեմն անտեսված, դեպի հայ կանանց հզորացում տանող ուղին հայկական քաղաքական օրակարգի անբաժանելի մասն է: Այս համատեքստում ժամանակակից հայ քաղաքական միտքը գենդերային անհավասարությունը պետք է դիտարկի որպես ուժերի անհավասար բաշխման ուղղակի հետևանք: Այն նաև պետք է ներգրավված լինի՝ առաջին հերթին կենտրոնանալով կանանց և աղջիկների հանդեպ բռնությանը վերջ դնելու վրա:

Երեք նկատառում

Նախ, ակնհայտ է, որ հասարակության մեջ կա խնդիր, և Հայաստանում առկա օրենսդրական կարգավորման դաշտը բավարար չէ դրան համարժեք անդրադառնալու համար։ Ընտանեկան բռնության դեմ կոնկրետ օրենքն անհրաժեշտ է՝ լրացնելու Ընտանեկան օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում առկա դրույթները: Այս համատեքստում մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն այն դեպքում, երբ թեման բուռն քննարկումների առիթ է դառնում, այլև առավել կարևոր է այն դեպքում, երբ դրա շուրջ քննարկումներ չկան։

 

19-րդ և 20-րդ դարի սկզբին հայոց ազգային-ազատագրական պայքարում կանայք ևս զենք են վերցրել: Լուսանկարի աջ կողմում ` ֆիդայի Եղիսաբեթ Սուլթանյանն է: Մյուս կնոջ ինքնությունն անհայտ է: (Լուսանկարը՝ Դերեկ Շերինյանի անձնական արխիվից)

Երկրորդ, կանանց իրավունքները չպետք է դիտարկվեն աշխարհաքաղաքականության տեսանկյունից (այսինքն` տարածաշրջանային ուժերն ու Արևմուտքը), որոնք երբեմն սխալ երանգ են հաղորդում այս հարցերին: Հայաստանի հետխորհրդային հասարակության մեջ շատերը դեռևս կանանց ՀԿ-ների ջանքերը դիտարկում են որպես օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող օրակարգ։

Չնայած արևմտյան կառավարություններից և ոչ կառավարական դոնորներից զգալի աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում ռիսկային խմբում գտնվող կանանց աջակցող հայաստանյան ՀԿ-ներին, այն միևնույնն է, չի տալիս պատկերի ամբողջությունը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Հայաստանի հետ Եվրոպական հարևանության քաղաքականությանն ու ընդլայնման բանակցություններին: Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը վերջերս հայտարարել է, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի սկզբին Բրյուսելում [համաձայնագիրն արդեն ստորագրվել է։ -խմբ.]: Հանձնակատարը շեշտեց, որ առաջին անգամ Եվրասիական միության անդամ հանդիսացող երկիրը հեռահար համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ: Նա ավելացրեց. «Դա ցույց է տալիս, որ համակեցությունը հնարավոր է, և այն կարող է օրինակ ծառայել մյուսների համար»:

Թեև Հայաստանի ներառական արտաքին քաղաքականությունը ողջունելի է, հայ քաղաքական միտքը պետք է տարբերակի գենդերային քաղաքականությունը աշխարհաքաղաքականությունից:

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում կանանց շարժման փոքր, բայց դրական աճի միտում է նկատվում: Այնուամենայնիվ, Հայաստանը դեռևս գտնվում է տնտեսական անցման փուլում, և քչերն են կարողացել ֆինանսական միջոցներ հատկացնել` աջակցելու կանանց հզորացման ուղղությամբ աշխատող ՀԿ-ներին, ինչպես նաև ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարաններ կառուցելուն։ Այսօր ընդամենը մի քանի նման ապաստարաններ գոյություն ունեն։

Այստեղ դեր ունի նաև հայկական սփյուռքը: Այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ), որը հանդես է եկել ընտանեկան բռնության օրինագծին լիովին աջակցող հայտարարությամբ, կարող է ավելին անել: Նա կարող է, օրինակ, վերանայել իր ծրագրերը Հայաստանում և, ի լրումն մանկապարտեզի և մանկատան ավանդական ծրագրերի, միջոցներ հատկացնել այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են տարածաշրջանային ապաստարանները, որոնք անհրաժեշտ են նոր օրինագծին աջակցելու համար:

Հայ հասարակությունը չի կարող փոխակերպվել, եթե չփոխվի այդ հասարակության մեջ կանանց դիրքը։

Երրորդ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ նշված արժեքների համաձայն, ինչպես նաև Հայաստանի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, այսպիսի օրինագիծը լիովին օրինական է:

Հայաստանը ստորագրել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի կողմից 1979թ.-ի դեկտեմբերի 18-ին ընդունված «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան», որը գործում է որպես «կանանց իրավունքների միջազգային օրինագիծ»: Որպես Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի հանձնաժողովների հինգերորդ և վեցերորդ պարբերական զեկույցների մաս՝ առաջարկություններ են արվել արագացնել «հատուկ կանանց նկատմամբ գենդերային բռնությունը քրեականացնող համընդգրկուն օրենքի ընդունումը»:

 

1918-ին Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարան ընտրված երեք կին պատգամավորները՝ Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը և Վարվառա Սահակյանը

Նման օրենքը նաև համահունչ է ՀՅԴ-ի տեսակետներին և արժեքներին: Դեռևս 1909-ի սկզբին, իսկ հետո նաև Առաջին հանրապետությունում, ՀՅԴ-ն պաշտոնապես աջակցում էր կանանց և տղամարդկանց հավասարությանը, կանանց քվեարկելու և ընտրվելու իրավունքին և աշխատավայրում կանանց և երեխաներին վերաբերող այլ իրավունքների:

ՀՅԴ-ն իր պատմության մեջ բազմիցս աչքի է ընկել առաջադեմ արժեքների պաշտպանությամբ։ Այն արժեորում է Հայաստանի ստանձնած պարտավորությունները միջազգային հանրության առջև, հասկանալով, որ քաղաքակիրթ հասարակությունների մեծ մասը ընդունել են ընտանեկան բռնության կանարգելման դեմ մեխանիզմներ (տե՛ս ՀՅԴ խորհրդարանական դաշինքի ներկայացուցիչի հայտարարությունը. «Մեր դաշինքը կաջակցի այս օրենքի ընդունմանը, քանի որ մենք աշխարհի մի մասն ենք»):

1919 թ Վաշինգտոնում հրապարակված «Հայաստանի Հանրապետություն․ Հայաստանի հանրապետության կառավարության ճանաչման մասին հուշագիր, ներկայացված Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության հատուկ առաքելության կողմից» մեջբերման մեջ նշվում է․ «Հայաստանի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի հավասարապես իրավունք ունի մասնակցել բոլոր ընտրություններին՝ անկախ սեռից, ռասայից կամ կրոնական պատկանելությունից»: ԱՄՆ-ում կանայքն ընտրության իրավունքից զրկված էին մինչև 1920 թ․։

Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը շարունակում է մնալ ազգային դիսկուրսի սահմաններում: Armenian Weekly-ում 2014 թ. լույս տեսած հոդվածում քննարկվել էր խնդրի լրջությունը, եզրափակելով. «Այս սարսափելի հանցանքի դեմ պայքարող նվիրյալ կանայք և տղամարդիկ օգնության կարիք ունեն»: Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ներդրումը Հայաստանի հասարակության տարբեր շերտերին հնարավորություն է տալիս մասնակցելու այս գործընթացին: Այս դիսկուրսը պետք է ներառի նաև Հայաստանի սփյուռքին:

Հայաստանի Արդարադատության նախարարության ջանքերը, որն անցյալ տարի է մշակել այս օրինագիծը, պետք է ողջունվեն հարատև արժեքների հարող կուսակցությունների կողմից, ինչպիսին ՀՅԴ-ն է: ՀՅԴ-ի համար ընտանեկան բռնության մասին օրենքը իր հիմքում կարող է դիտարկվել որպես սոցիալական արդարության հարց: Եթե ընտանեկան բռնությանը Հայաստանում շարունակաբար բավականաչափ ուշադրություն չդարձվի, դա կնշանակի, որ հայ հասարակությունը թերագնահատում է կանանց՝ (որոնք կազմում են Հայաստանի բնակչության մեծամասնությունը) որպես քաղաքացիներ և մարդ արարած և ուղերձ է հղում, որ նրանք տղամարդկանցից ավելի քիչ արժեք ունեն։ Դա իր հերթին, խարխլում է ողջ հայ հասարակության հիմքերը։

Եզրահանգումներ

Արդի հայ քաղաքական միտքը պետք է վերակառուցի 1991 թ. հետո, հետխորհրդային կոմունիստական անցումից ի վեր, այս հարցի շուրջ գոյություն ունեցող պահպանողական դիսկուրսը: Թեև հայաստանյան հասարակության մեջ գենդերային անհավասարության խնդիրը բաղկացած է բազմաթիվ ենթախնդիրներից, հեղինակը վճռականորեն հավատում է, որ վերաբերմունքի փոփոխությունը պետք է որևէ տեղից սկսել։ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը կարող է այդ առումով կարևոր մեկնակետ դառնալ: Իհարկե, ոչ մի օրինագիծ ի սկզբանե կատարյալ չէ, բայց դա չպետք է պատճառ հանդիսանա այն մերժելու համար:

 

Կադր 2014թ․-ին ընտանեկան բռնության դեմ երևանյան ցույցերից: Խոշոր պաստառը ցույց է տալիս Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով զոհված կանանց լուսանկարները (Լուսանկարը՝ Մայքլ Մենսոյանի / Armenian Weekly)

Հայ պետական ազգայնականության նեղ հետխորհրդային տարբերակն ի զորու չէ փոխարինել ազգային գաղափարախոսությանը և ճշգրտորեն արտացոլել հայկական ավանդական արժեքները: Գենդերային հավասարությունը պետք է արժևորվի հավասար հնարավորությունների համատեքստում: Միջազգային հանրությունը «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի», Հազարամյակի զարգացման նպատակների և այլ պայմանագրերի ու պարտավորությունների միջոցով, որոնց ստորգրող է հանդիսանում նաև Հայաստանը, ճանաչել է գենդերային հավասարության ապահովման կարևորությունը։

Հայկական պետականության հարյուրամյա հոբելյանին ընդառաջ՝ արդի հայ քաղաքական միտքը պետք է այս օրինագծից այն կողմ ավելի խորքային հարցերի լուծում տա, օրինակ՝ ինչու՞ է Հայաստանն աշխարհում Չինաստանից ու Ադրբեջանից հետո զբաղեցնում երրորդ տեղը պտղի սեռով պայմանավորված աբորտների թվով։ Արդյո՞ք Հայաստանի կենսաթոշակային համակարգը պատշաճ ուշադրություն է դարձնում կանանց։ Ինչու՞ է Հայաստանում գործազրկության մակարդակն ավելի բարձր կանանց շրջանում։ Ինչպե՞ս կարող են հայ կանանց ՀԿ-ները ավելի սերտ փոխգործակցել իրենց գործունեության տարածքներում և նպաստել կանանց հզորացմանն ու ինքնակառավարմանը գյուղական համայնքներում, որտեղ արտերկիր աշխատանքի մեկնելու հետևանքով, բացակայում են մեծ թվով տղամարդիկ։

 

Վերջերս Բարսելոնայում Սոցիալիստական ինտերնացիոնալի Կանանց խորհրդի համագումարում ՀՅԴ-ի ներկայացուցիչը հաստատել է իր աջակցությունը ամենուր կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարին (Լուսանկարը՝ SI Women)

2018 թ. շեմին հայկական քաղաքական միտքը պետք է ավելի լայնախոհ լինի և տեսնի՝ ինչպես կարող է կանանց ավելի լայն ներգրավվածությունը նպաստել հայ հասարակության զարգացմանը:

Հայաստանի բնակչության ավելի քան 55 տոկոսը կազմող կանայք գրեթե անտեսվել են որպես կենսունակ տաղանդի աղբյուր: Հայ կանայք անցյալում աշխատել են տղամարդկանց կողքին, և նման աշխատանքը հիերարխիկ չէր, քանի որ նախարդյունաբերական շրջանում տղամարդիկ և կանայք աշխատում էին տներում ու հարակից տնտեսություններում: Հայ կանայք աշխատել են հագուստի, օճառի, մոմերի և այլ անհրաժեշտ կենցաղային ապրանքների արտադրության մեջ: Արդյունաբերական հեղափոխությունից հետո արտադրությունը տնային տնտեսություններից տեղափոխվեց գործարաններ, հայ կանայք խորհրդային ժամանակաշրջանում հավասար իրավունքներ ունեցան թե՛ աշխատանքի, թե՛ կրթության բնագավառներում, ունենալով նաև արտոնություններ (օրինակ, նախածննդյան և հետծննդյան արձակուրդ, ինչպես նաև աբորտի օրինական իրավունք 1920թ․-ից ի վեր): Սովետական Հայաստանում կանայք չափազանց «նուրբ» չէին գործարաններում աշխատելու, հաջողակ ինժեներներ լինելու կամ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու համար:

1991 թ.-ից հետո Հայաստանի կանանց սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ փոխվեց, քանի որ Հայաստանի տնտեսությունը անկում ապրեց Խորհրդային Միության փլուզման հետ, նվազեցին աշխատատեղերն ու բարձրացավ աղքատության մակարդակը։ Շատ առումներով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հապշտապ, անկանոն (և ի վերջո աղետալի) մասնավորեցման ջանքերը խորացրեցին Հայաստանի ապաարդյունաբերականացումը: Որպես Հայաստանի հետխորհրդային կլանային նեո-կապիտալիզմի հետևանք՝ շատ կանայք շարունակում էին կորցնել աշխատանքը, ինչը նպաստեց հայ հասարակության մեջ կանանց այսօրվա դե ֆակտո ցածր կարգավիճակին:

Բացի դրանից, գոյություն ունեն տարբեր այլ հանգամանքներ, որոնք այսօր խոչընդոտում են կանանց մասնակցությանը Հայաստանի քաղաքական կյանքին: Դրանց թվում են գենդերային կարծրատիպերը, գենդերային դերերը, կանանց տնտեսական անկախության և սոցիալական կապիտալի պակասը, ինչպես նաև երկրում գերակշռող քաղաքական մշակույթը: Հայ կնոջ դերը հասարակության մեջ կարծես նվազել է վատ կառավարման, օլիգարխների ղեկավարման և անցած 25 տարիների սին պետական ազգայնականության ազդեցության ներքո:

 

2018 թ. շեմին հայկական քաղաքական միտքը պետք է ավելի լայնախոհ լինի և տեսնի՝ ինչպես կանանց ավելի լավ ներգրավվածությունը կարող է նպաստել հայ հասարակության զարգացմանը: (Լուսանկարը՝ Արմինե Աղայանի)

Հայ ժողովուրդը արժեքավոր հավաքական նախագիծ է։ Եվ այն ներառում է հասարակության բոլոր անդամներին: Մենք պետք է հենց հիմա գործենք, որպեսզի ըստ արժանվույն գնահատենք այն զգալի և ակնհայտ փոփոխությունը, որ կանայք կարող են կատարել Հայաստանում։ Մենք չենք կարող արդարացումներ փնտրել կամ նահանջել: Մենք չենք կարող պարզապես հավասարություն հռչակել և ակնկալել, որ խնդիրը կլուծվի։ Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ միջավայր, որտեղ կարող է ծաղկել հավասարությունը:

Հայաստանում կանանց օրակարգի վերակենդանացումը կարող է լինել մեր կին խորհրդարանականներին և մեր առաջին հանրապետությանը մատուցելիք հարգանքի լավագույն տուրքերից մեկը: 2018 թ. հայերի համար ոչ միայն իրենց պետականությամբ հպարտանալու տարի է։ 2018 թ. հայերը նաև նշելու են Հայաստանում կանանց քվեարկության իրավունքի 100-ամյա հոբելյանը: Ընտանեկան բռնության մասին օրենքը լուրջ և ուշագրավ համազգային դիսկուրսի առիթ է բոլոր դասերի ու ծագման հայերի համար։ Այն կարող է նաև խթան հանդիսանալ՝ սկսելու զբաղվել մշակութային և սոցիալական այն նորմերի հարցով, որոնք այլևս դրական դեր չունեն հայ հասարակության համար:

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica